Մատչելիության հղումներ

Կարտոֆիլի արտահանման աճը կարող է հանգեցնել գնաճի ներքին շուկայում


Այս տարի նվազել են կարտոֆիլի ցանքատարածությունները, և այսօր գյուղմթերք մատակարարելու խնդրանքով Հայաստանին դիմած Ռուսաստանը կարող է լուրջ շուկա դառնալ կարտոֆիլի արտահանման համար:

Շիրակի մարզից Ռուսաստան կարող է արտահանվել հիմնականում պարենային կարտոֆիլ, և մարզի ֆերմերներից շատերի համար դա ապրանքը բարձր գնով իրացնելու հնարավորություն է ստեղծում:

«Բավականին լավ իրավիճակ է ձևավորվել նաև հայաստանյան ֆերմերների համար», - «Ազատության» հետ զրույցում ասաց ֆերմեր Կամո Զաքարյանը: - «Ես չեմ կարծում, որ գների մեծ թանկացումներ տեղի կունենան, բայց որ Հայաստանի համար բավականին մեծ շուկա է բացվում, դրանում կասկած չունեմ»:

Նա չի կարծում նաև, թե արտահանման ծավալի աճի կհանգեցնի դեֆիցիտի ներքին շուկայում. - «Նույն մտավախությունները անցած տարի աշնանը կար, բայց Հայաստանում դեֆիցիտ չստեղծվեց, գների ահավոր բարձրացումներ չեղան: Սովորական տարեկան միջին տարբերակով մնաց, գուցե մի 10-20 տոկոս ավելի բարձր»:

Նշեմ, որ կարտոֆիլի հիմնական գնորդը Վրաստանն է եղել, որոշակի քանակություն արտահանվել է Իրան և Ռուսաստան: Հիմա կարտոֆիլը կարող է արտահանվել հիմնականում Ռուսաստան:

Հարցին, թե ում կնախընտրի հայ ֆերմերը, Զաքարյանը պատասխանեց. - «Ով լավ կվճարի, ով շատ կվճարի, ով պարտաճանաչ կվճարի, նա էլ կտանի: Մեր համար տարբերություն չկա` դա Վրաստանի շուկա է, թե Ռուսաստանի շուկան է: Ամենակարևորը` մարդը ստանա իր աշխատանքի արդյունքը»:

Ինչ վերաբերում է մանր արտադրողներին, ապա «Ազատության» հետ զրույցներում մարդիկ թերահավատ էին, թե արտահանման ավելացումը կարող է որևէ կերպ օգնել իրենց բերքի իրացման հարցում:

XS
SM
MD
LG