Մատչելիության հղումներ

Սևանի ավազանում կստեղծվի իշխանի մանրաձկան արտադրություն


«Սևանա լիճը կվերածվի ձկնաբուծարանի»
please wait

No media source currently available

0:00 0:03:56 0:00

Բնապահպանների գնահատմամբ՝ ծրագիրը կործանարար է լճի համար։

Սևանում իշխան ձկան պաշարների վերականգնման համար Կառավարությունը նախորդ շաբաթ պահուստային ֆոնդից 2 մլրդ դրամ հատկացրեց Գյուղատնտեսության նախարարությանը։ Այդ գումարով նախատեսվում է լճի ավազանում ստեղծել Սևանի իշխանի մանրաձկան արտադրության և ձկան վերամշակման գործարան:

Ծրագիրն ամբողջությամբ կյանքի կոչելու համար հարկավոր է ավելի քան 3 մլրդ դրամ: Կառավարության հատկացրած գումարով իրագործվելու է ծրագրի առաջին փուլը:

Բնապահպաններն անհանգստացած են. նրանց գնահատմամբ՝ այս ծրագիրը Սևանա լճի համար կործանարար է լինելու․ դրա իրագործման հետևանքով լիճը վերածվելու է հսկա ձկնաբուծարանի ու ճահճանալու է:

Բնապահպանները բազմիցս հանրային լսումներ են կազմակերպել, դիմել են պատկան մարմիններին, որպեսզի ծրագիրը կասեցվի, քանի որ, նրանց համոզմամբ՝ անգամ ջրի մաքրության ներկայիս մակարդակը թույլ չի տալիս, որ եղած իշխանը բազմանա: Հետևաբար բուծվելու է իշխան անունը կրող բացարձակ այլ՝ գենետիկորեն մոդիֆիկացաված ձկնատեսակ:

«Մենք կստանանք արհեստական, իրոք հրեշ տեսակի ինչ-որ ձուկ, որը կոչնչացնի ամեն ինչ։ Լճի ջուրն անպայման կհագեցվի մեծ քանակությամբ ազոտի, ֆոսֆորի, կերի մնացորդներով, և դա միանգամից կբերի լճի ճահճացման արագացված պրոցեսների», - հայտարարեց «Էկոլուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը։

Կառավարության այս ծրագրի իրագործան պատասխանատվությունը «Վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամին է: Այն, ի դեպ, ուշագրավ կազմ ունի՝ հոգաբարձուների խորհրդում, մասնավորապես, ընդգրկված են բնապահպանության նախկին նախարար (այժմ՝ Կոտայքի մարզպետ) Արամ Հարությունյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և այլք:

Խորհրդի այս կազմը, ըստ Զարաֆյանի, զարկ է տալիս ոչ թե բնապահպանական ծրագրի իրականացմանը, ինչպես իշխանություններ են նշում, այլ՝ բիզնես ծրագրի: Ըստ Զարաֆյանի՝ սա քաղաքական պատվեր է։

«Ստեղծված խորհուրդը, ինչպես և մեր տարբեր հանձնաժողովները, ուղղակի դաբրո է տալիս և՛ փողերի լվացման, և՛ օգտագործման, և՛ այլն։ Դա եղել է քաղաքական պատվեր իշխող կուսակցության կողմից, և Բնապահպանության նախարարությունն ուղղակի այս ձևով կատարեց այդ պատվերը», - «Ազատության» հետ զրույցում ասաց բնապահպանը։

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը չի կիսում բնապահպանների կարծիքը: Նրա պնդմամբ՝ բնապահպանների բարձրացրած աղմուկն անտեղի է:

«Արտադրվելու է մանրաձուկ, որը հետագայում պետք է բաց թողնվի Սևանա լիճ, դրա արդյունքում մենք Սևանա լճում էկոլոգիական առումով խնդիր ընդհանրապես չենք ունենալու, որովհետև մշտադիտարկումներ են կատարվում Սևանի չորս տեղամասերում Գիտությունների ազգային ակադեմիայի համապատասխան մասնագետների կողմից, և մինչև այսօր որևէ խնդիր չի արձանագրվել», - «Ազատության» հետ զրույցում ասաց նախարարը։

Ծրագիրը կառավարելու է «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ընկերությունը: Նախատեսվում է, որ այն գործարկելուց հետո, տասը տարվա ընթացքում, կվերամշակվի և կարտահանվի շուրջ 175 մլրդ դրամի 50 հազար տոննա ձուկ, կստեղծվի շուրջ վեց հազար աշխատատեղ, հասույթի 1.5 տոկոսը կտրամադրվի Սևանա լճում իշխանի պաշարի վերականգնմանը, մանրաձուկ ձեռք բերելուն, միջոցներ կհատկացվեն նաև լճի ավազանի խնդիրների լուծման համար:

Ինգա Զարաֆյանը, սակայն, պնդում է, որ ծրագիրը բնապահպանական կոչելով, տնտեսական լուրջ հաշվարկներ չեն արել. - «Դու որտեղի՞ց պետք է էդ շուկան ստեղծես, ծախսերը, ոչ մի բան գնահատված չէ։ Ուղղակի այսպես բազմապատկել ու ասել են՝ էսքան փող կստանաք, էսքան միլիարդ դրամ կտաք ֆոնդին։ Սա է մեր տնտեսական հաշվարկները»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG