Մատչելիության հղումներ

«Աէրոֆլոտ»-ի օդանավը հարկադիր վայրէջք է կատարել «Զվարթնոց»-ում


Պատճառը ազգությամբ ադրբեջանցի հարբած ուղևորների վարքն է եղել:

Այսօր լուսադեմին` ժամը 5-ի սահմաններում, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում հարկադիր վայրէջք է կատարել Դուբայ-Մոսկվա չվերթն իրականացնող ռուսաստանյան «Աէրոֆլոտ» ավիաընկերության ինքնաթիռը:

Պատճառը, ինչպես նշում են ռուսաստանյան լրատվամիջոցները, այն է, որ ազգությամբ ադրբեջանցի հարբած ուղևորը բարձրաձայն խոսել է, կոպիտ արտահայտություններ արել և նեղացրել երեխաներին:

Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո քարտուղար Ռուբեն Գրձելյանն ասում է, որ վայրէջքից հետո օգնել են օդանավի անձնակազմին․ - «Տեղում օգնություն է ցուցաբերվել ինքնաթիռի աշխատակազմին: Այսինքն՝ կապվել է քաղաքացին և համապատասխան բժշկական օգնություն է ստացել: Հանգստացնող դեղորայք է ստացել, որից հետո քնել է, և չվերթը շարունակվել է դեպի Մոսկվա»:

Ռուսաստանի մայրաքաղաք ինքնաթիռը հասել է 3 ժամ ուշացումով: Օրինախախտին տարել են ոստիկանության բաժին: Ուղևորներից մեկը լրատվամիջոցներին պատմել է, որ ինքնաթիռի մեջ շատ երեխաներ են եղել և հենց նրանք են դարձել հարբած ադրբեջանցի ուղևորի հիմնական թիրախը: Բորտուղեկցորդուհիներին ու անգամ ինքնաթիռում գտնվող տղամարդկանց չի հաջողվել կարգի հրավիրել ուղևորին:

Ռուբեն Գրձելյանն ասում է, որ իր պահվածքով հարբած ադրբեջանցին խախտել է ավիացիոն անվտանգության կանոննները:

Ինքնաթիռի ուղևորները նաև պատմել են, որ Երևանում կարգազանց տղամարդուն փորձել են հարձնել ոստիկանություն, սակայն հայկական կողմը հրաժարվել է ընդունել նրան:

Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի խոսքով՝ պարզ չէ, թե ինչու են փորձել ոստիկանություն հանձնել նրան, քանի որ սովորաբար միայն լուրջ դեպքերում՝ օրինակ, ահաբեկչության վտանգի դեպքում է օդանավի անձնակազը դիմում այդ քայլի և խնդրում տվյալ պետությանը ձերբակալել անձին:

Հայկական կողմը, Պետրոսյանի խոսքով, այս դեպքում ճիշտ է վարվել, որ չի ընդունել նրան․ - «Ոչ մի վտանգավոր արարք նա չի արել: Ուղղակի հարբած մարդու խուլիգանական արարք է եղել: Եթե իրոք շատ լուրջ վտանգ իրենից ներկայացներ, այո, կձերբակալեին և հետո դատական գործընթաց կսկսվեր: Մեզ մոտ արդեն դատական պրոցես պետք է լիներ, վկաները պետք է գային․․․ շատ բարդանալու էր խնդիրը: Եվ իզուր տեղը Հայաստանի ու Ադրբեջանի միջև նորից լարվածություն էր ստեղծվելու մի քաղաքացու պատճառով»:

Շահեն Պետրոսյանը միջադեպը լուրջ չի համարում և նշում է, որ երևութը բնորոշ է հատկապես ռուսաստանյան չվերթներին․ - «Այդտեղ նշանակություն չունի՝ դու Ադրբեջանի քաղաքացի ես, թե ինչ: Ընդհանուր մթնոլորտն է այդպիսին․ ռուսական օդանավերում հաճախ են նման բաներ լինում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG