Մատչելիության հղումներ

Վրացիների ճնշող մեծամասնությունը աջակցում է ԵՄ հետ ասոցիացմանը


Եվրամիության հետ Ասոցիացման համաձայնագրի ստորագրումը արժանանում է վրացիների 70 տոկոսի միանշանակ հավանությանը: Սա են վկայում ամերիկյան Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի (NDI) պատվերով Վրաստանի տարբեր շրջաններում հուլիսի վերջին և օգոստոսի սկզբին անցկացված հարցման արդյունքները:

Եվրոպական ասոցիացման գաղափարն ամենաշատ կողմնակիցներն ունի Թբիլիսիում: Վրաստանի մայրաքաղաքի բնակիչների 73 տոկոսը կողմ է արտահայտվում հունիսի վերջին Բրյուսելում կնքված այս համաձայնագրին: Եվրամիության հետ հարաբերությունների սերտացման հանդեպ ամենահոռետեսորեն տրամադրված տարածաշրջանը Աջարիան է: Ազգային-ժողովրդավարական ինստիտուտի նախաձեռնությամբ անցկացված հետազոտության համաձայն Բաթումիում Եվրամիության հետ ասոցիացման համաձայնագրի կողմնակցիների թիվը ընդամենը 54 տոկոս է` համապետական միջին ցուցանիշից մոտ 16 տոկոսով պակաս:

Իսկ ի՞նչ կտա Վրաստանին Եվրամիության հետ ասոցիացումը: Սոցհարցման մասնակցիների կեսից ավելին` 58 տոկոսը, պատասխանելով այս հարցին, նախևառաջ ընդգծել է, թե համաձայնագրի կնքումը կնպաստի Վրաստանի տնտեսական զարգացմանը: Հարցման մասնակիցների 35 տոկոսի կարծիքով էլ Եվրամիության հետ ասոցիացան համաձայնագրի կնքման լավագույն արդյունքը կլինի անցումը ազատ վիզային ռեժիմին:

Հավելենք, որ վրացիների միայն 10 տոկոսն է կարծում, թե Եվրամիության հետ ասոցիացումը կարող է բացասաբար անդրադառնալ Վրաստանի զարգացման հեռանկարների, վրացական ավանդական արժեքների և Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա:

Հետազոտության հեղինակները նաև փորձել են պարզել` ո՞րն է ըստ վրաց հանրության Եվրամիության հետ հարաբերությունների սերտացման վերջնական նպատակը: Այս հարցում վրաց հանրության ճնշող մեծամասնությունը միակարծիք է` նպատական լիիրավ անդամակցությունն է Եվրոպական Միությանը: Այս տեսակետին է հարցված վրացիների 58 տոկոսը:

Առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ, բայց Վրաստանում զգալի են նաև եվրասիական ինտեգրացիոն ձգտումները: Հարցման մասնակիցների 20 տոկոսը համոզմունք է հայտնել, թե Վրաստանը պետք է անդամակցի Եվրասիական տնտեսական միությանը: Իրադարձությունների զարգացման նման հեռանկարը, սակայն, քիչ հավանական է՝ նախևառաջ հաշվի առնելով վրացիների վերաբերմունքը հյուսիսային հարևանի նկատմամաբ: Հարցման մասնակիցների 42 տոկոսը համոզված է` Ռուսաստանի Դաշնությունը իրական վտանգ է ներկայացնում Վրաստանի` որպես անկախ պետության գոյության համար: Եվս 36 տոկոսի համոզմամբ, թեև Ռուսաստանը վտանգ է ներկայացնում վրացական պետականության համար, բայցևայնպես այդ գործոնը փոքր ինչ չափազանցված է:

Վերջում հավելենք, որ վրացիների 15 տոկոսն է միայն կարծում, թե Ռուսաստանը որևէ վտանգ Վրաստանի համար չի ներկայացնում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG