Մատչելիության հղումներ

Ընդդիմադիրները չեն ողջունում Նալբանդյանի մասնակցությունը Էրդողանի պաշտոնամուտի արարողությանը


Ընդդիմադիրները չեն ողջունում Նալբանդյանի մասնակցությունը Էրդողանի պաշտոնամուտի արարողությանը
please wait

No media source currently available

0:00 0:05:03 0:00

Թուրքիայի նախագահի երդման արարողությանը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի մակարդակով մասնակցելու հարցը որոշել է նախագահ Սերժ Սարգսյանը։

Այս մասին այսօր Կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում լրագրողներին տեղեկացրեց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը՝ նորմալ համարելով Նալբանդյանի մասնակցությունը։

«Հարևան երկրում երբ տեղի է ունենում նախագահի ինագուրացիա, ինչպես նաև այլ առիթներով, դա (մասնակցությունը) ավանդական է և միշտ տեղի է ունենում փոխանակում։ Ինչ վերաբերում է Թուրքիայում ինագուրացիային, նախկինում երբևիցե չի եղել, որովհետև մինչ այդ Թուրքիայի նախագահն ընտրվում էր պառլամենտի կողմից։ Առաջին անգամ էր, որ ընտրությունը կատարվել է ուղղակի, ու դրա համար դա առաջին նախադեպն է», - ասաց Քոչարյանը։

Հարցին, թե Սերժ Սարգսյանի ինագուրացիային ով է եղել Թուրքիայից, փոխարտգործնախարարը պատասխանեց. - «Իրենք մասնակցել են դեսպանի մակարդակով, որը նստած է Թիֆլիսում»։

Չնայած նախընտրական քարոզարշավի շրջանում հայերի հասցեին Էրդողանի վիրավորական արտահայտություններին և Սերժ Սարգսյանի համարժեք պատասխաններին՝ Թուրքիայի նախագահի երդման արարողությանը մասնակցելու պաշտոնական հրավեր Անկարան Երևանին ուղարկեց։

Ազգային Ժողովի ոչ իշխանական ուժերը չեն կարծում, որ Էդվարդ Նալբանդյանի մակարդակով մասնակցությունը արդարացված էր, մանավանդ որ հստակ չէ, թե Նալբանդյանը բացի այս միջոցառմանը ներկա գտնվելուց բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներ ունենալո՞ւ է, թե՞ ոչ։

Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան»-ն է նախ մտահոգություն հայտնել այդ առիթով նախօրեին գումարված նիստում։

«Մի երկրի, որի հետ մենք չունենք դիվանագիտական հարաբերություններ, երկրի թիվ մեկ դիվանագետի մակարդակով մասնակցել Էրդողանի երդմնակալության արարողությանը, թերևս նպատակահարմար չէր: Կարելի էր ընտրել մասնակցության այլ մակարդակ. սա մեր դիրքորոշումն է», - «Ազատության» հետ զրույցում ասաց կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ շարունակելով․ - «Բայց ինչ-որ մեսիջներ են տարածվում, լուրեր են տարածվում, որ Նալբանդյանը շատ կարևոր առաքելությամբ է մեկնում Թուրքիա, որ ինքն այնտեղ շատ կարևոր հանդիպումներ ունի, շատ կարևոր մեսիջներ ունի փոխանցելու: Ավելին, ըստ թուրքական մամուլի, Նալբանդյանը փոխանցելու է Էրդողանին Հայաստանի նախագահի հրավերը ներկա գտնվելու Ցեղասպանության 100-ամյա տարելիցին Երևանում, ուստի ես այլ գնահատականներ հնչեցնելուց հիմա ձեռնպահ կմնամ: Կվերադառնա Նալբանդյան Էդուարդը, կտեսնենք, թե ինչ կարևորագույն հանդիպումներ կար բացի երդմնակալության արարողությանը մասնակցելուց։ Բայց եթե խնդիրը միայն երդմնակալության արարողությանը մասնակցելն էր, պիտի ընտրվեր մասնակցության ոչ էդպիսի ձևաչափ»։

Դաշնակցությունը ևս չի ողջունում Էդվարդ Նալբանդյանի մասնակցությունը Էրդողանի երդմնակալությանը։ Դաշնակցության մամլո դիվանի հարցին ի պատասխան ՀՅԴ բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ասել է, որ մասնակցությունը չի կարելի ողջունել ոչ միայն ընտրապայքարի ժամանակ Էրդողանի կատարած հակահայ հայտարարության պատճառով, այլ հատկապես՝ եթե այդ մասնակցությունը նպատակ է հետապնդում վերակենդանացնել Հայաստան - Թուրքիա արձանագրությունները։

«Էրդողանը և՛ որպես մարդու, և՛ որպես Թուրքիայի վարչապետի, և՛ որպես Թուրքիայի նախագահի թեկնածուի, թեկուզ ակամայից, ցույց է տվել Հայաստանի և հայության նկատմամբ իր անկեղծ զգացումներն ու մտածումները», - նշել է Մանոյանը՝ հիշեցնելով հայ - թուրքական արձանագրություններից ստորագրությունը հետ վերցնելու՝ Հայաստանի իշխանություններին ուղղված իրենց պահանջը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կարծիքով, Հայաստանի այս ժեստը Թուրքիայի հետ ինչ-որ գործընթաց սկսելու միտում ունի: «Ինչ-որ դիվանագիտական ներկայություն Հայաստանի պարզ է, որ անհրաժեշտ է: Դա կարող էր լինել, իհարկե, որևէ դեսպանի մակարդակով», - «Ազատության» հետ զրույցում նշեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը: - «Այն, որ Հայաստանը ուղարկում է արտգործնախարար, ակնհայտ է, կապված է Հայաստանի ցանկությամբ ինչ-որ դիվանագիտական գործընթաց նորից տեղից շարժելու։ Իսկ միակ դիվանագիտական գործընթացը, որ կապված է Թուրքիայի հետ, դա նույն այն հին ցյուրիխյան ուրացման հայ - թուրքական պրոտոկոլներն են, որոնց մասին մենք բազմաթիվ անգամ խոսել ենք: Սա Հայաստանի ամենամեծ ձախողումներից մեկն է»։

Թուրքական մամուլի այն հրապարակումները, որ Նալբանդյանը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին մասնակցելու պաշտոնական հրավեր-նամակ է փոխանցելու Էրդողանին, Զուրաբյանը կրկին դիտարկում է «նախապայմաններ պարունակող» արձանագրությունների տրամաբանության մեջ. - «Էրդողանը ապրիլի 24-ին հայտարարություն էլ է արել, առաջին անգամ ափսոսանք էր հայտնել հայերի սպանությունների կապակցությամբ... Այդ ամբողջը հետապնդում է մի նպատակ՝ ստեղծել տպավորություն միջազգային հանրության մոտ, որ հաշտեցման գործընթացը շարունակվում է։ Այսինքն լրիվ նույն տրամաբանության մեջ է սա: Սրանից Հայաստանը չի շահելու ոչ մի բան, սրանից Հայաստանը չի ստանա ո՛չ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում, ո՛չ էլ միջազգային հանրության կողմից կամ Միացյալ Նահանգների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում։ Ընդամենը կստեղծվի հայ - թուրքական հաշտեցման գործընթացի պատրանք, որը նորից շահեկան է Թուրքիայի համար, շահեկան է Միացյալ Նահանգների համար, բայց ոչ Հայաստանի համար»։

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը կարևորում է ոչ թե Էրդողանի երդմանը Հայաստանի պատվիրակության կազմը, այլ Անկարա այցի բովանդակությունը:

«Ընդհանրապես շփումներից չպետք է հրաժարվել։ Հիմա թե՛ արտգործնախարարի մակարդակով դա պետք է տեղի ունենար, թե՛ մեկ այլ մակարդակով, դա քննարկելիք հարց էր, որը, կարծում եմ, պետք է պայմանավորված լինի բովանդակության հետ։ Նայած թե ինչ զրույց կարող է տեղի ունենալ», - «Ազատության» հետ զրույցում նշեց պատգամավորը: - «Եթե հիշում եք՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նույնպես մասնակցեց ինչ-որ մի միջոցառման և Ստամբուլում հայտարարեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին։ Այսինքն ոչ թե պետք է ձևին ուշադրություն դարձնել․ պետք է հստակ իմանաս քո ասելիքը և իմանաս այդ ասելիքը որտեղ ավելի ճիշտ արտահայտել»։

Ռուբիկ Հակոբյանը աշխարհաքաղաքական նոր իրավիճակում հնարավոր է համարում նոր զարգացումներ նաև մեր տարածաշրջանում ու հայ-թուրքական գործընթացում: Այլ հարց է, թե դրանք Հայաստանի համար դրական կլինեն, թե ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG