Մատչելիության հղումներ

Բաքուն չի շտապում տեսակցություն կազմակերպել սահմանն անցած հայաստանցու հետ


Բաքուն չի շտապում տեսակցություն կազմակերպել սահմանն անցած հայաստանցու հետ
please wait

No media source currently available

0:00 0:02:48 0:00

Հայ-ադրբեջանական սահմանը հատած Անանյանի քույրերը դիմում են Կարմիր խաչին՝ եղբորը Հայաստան վերադարձնելու խնդրանքով:

Մեկ շաբաթ առաջ գերեվարված Սարգիս Անանյանի հարցով հայկական կողմը սպասում է Ադրբեջանի արձագանքին:

Ինչպես «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը, պաշտոնական Բաքուն, սակայն, դեռևս չի շտապում պատասխանել Կարմիր խաչի դիմումին՝ տեսակցություն կազմակերպել հայ-ադրբեջանական սահմանն անցած Հայաստանի քաղաքացու հետ։

Գալստյանի խոսքով՝ ադրբեջանական կողմի թույլտվության դեպքում կոմիտեի ներկայացուցիչները կայցելեն Անանյանին:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր, որ սահմանն անցածը Նոյեմբերյանի բնակիչ Սարգիս Անանյանն է, ով այդ քայլին դիմել է «Հայաստանում սոցիալական վատ պայմանների պատճառով»։

Անանյանի քույրերը ադրբեջանական լրատվամիջոցներով տարածված լուսանկարներում ճանաչել են նրան:

«Ուզում ենք խնդրենք Կարմիր խաչի անձնակազմին, որ հնարավորության սահմաններում օգնեն, որ հետ բերեն։ Ուղղակի տարածության պատճառով չենք կարում ներկայանանք իրանց գրասենյակ», - «Ազատության» հետ զրույցում արցունքն աչքերին ասացին Անանյանի քույրերը:

Նրանց ասացին, որ Սարգիսը Նոյեմբերյանում միանյակ էր ապրում, մի քանի ամիս առաջ է վերադարձել Ռուսաստանից: Ունի երկու որդի, որոնցից մեկը Ռուսաստանում է ապրում, մյուսը՝ Երևանում:

Կառավարությանն առընթեր գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը «Ազատությանը» փոխանցեց, որ վերջին տարիներին գերության մեջ հայտնված քաղաքացիների հարցերով կողմերը Կարմիր խաչի միջոցով են տեղեկություններ փոխանակում, քանի որ Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովը դադարել է իրենց հետ համագործակցել։ Մինչդեռ մինչև 2007 թվականը ուղիղ համագործակցության օրինակներ ունեին։

«Ընդ որում ոչ միշտ էր, որ մեր նախաձեռնությունն էր: Շատ անգամ իրենց նախաձեռնությամբ էլ էր դա տեղի ունենում: Բայց էն ժամանակ որոշ կառույցները գլխավորում էին այլ մարդիկ, բայց չգիտեմ․․․ Քաղաքական իշխանությունները նույնն են, բայց հետագայում դիրքորոշումը փոխվեց, հիմա տեսնում ենք տարբեր հարցերում, թե ինչպիսի մոտեցումներ են ցուցաբերում: Նույնն էլ էս հարցին է վերաբերում», - նշեց Կապրիելյանը:

Ադրբեջանական ANSPress-ը այսօր տարածել է մի տեսագրություն, որից կարելի է ենթադրել, որ Անանյանը գտնվում է հիվանդանոցում:

Սարգիս Անանյանը վերջին ամսվա ընթացքում Ադրբեջանի սահմանը հատած երկրորդ քաղաքացիական անձն է: Նրա գերեվարումն այսօր նոր հարցեր է առաջ բերել սահմանի անվտանգության առումով:

Պահեստազորի փոխգնդապետ, ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի խոսքով՝ իշխանությունները կարող են ողջ սահմանը փշալարերով պատել, բացատրական աշխատանք տանել սահմանամերձ շրջանների բնակչության հետ․ - «Այլ հարց է՝ այդ հնարավորությունները ունեն, չունեն: Իհարկե, ես գիտեմ, որ ունեն, բայց այդ հնարավորություններն ուղղակի չեն ներդնում: Եթե հասարակ գյուղացին անցնում է ու ականի վրա չի պայթում ու չի նկատվում ո՛չ մեր զինվորի կողմից, ո՛չ հակառակորդի զինվորի կողմից, իհարկե, նույն հաջողությամբ կարող է դիվերսանտն էլ անցնել»:

XS
SM
MD
LG