Մատչելիության հղումներ

Նախարարությունը չի մեկնաբանում իր «հմուտ աշխատողին» պաշտոնից ազատելը


Սոցապ նախարարությունը չի մեկնաբանում իր «հմուտ աշխատողին» պաշտոնից ազատելը
please wait

No media source currently available

0:00 0:03:48 0:00

Աշխատանքից ազատված պաշտոնյայի ղեկավարման տարիներին տապալվել է մանկատան սաներին բնակարանով ապահովելու ծրագիրն ու հսկայական գումարներ են հօդս ցնդել:

Օրեր առաջ պաշտոնապես հաստատվեց մամուլում ամիսներ շարունակ շրջանառվող տեղեկությունը, որի համաձայն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ, վարչապետի նկատողությանն արժանացած Լալա Ղազարյանը աշխատանքից հեռանալու դիմում է գրել:

Պատճառների մասին ոլորտում տասնամյակների փորձ ունեցող պաշտոնյան չի խոսում, լուռ է նաև նախարարությունը:

Երևանի ավագանու «Բարև Երևան» դաշինքի ղեկավար Բախշյանը մինչդեռ վստահ է, որ վերջինս ազատվել է պաշտոնից՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու դիմաց:

Ամիսներ առաջ Ղազարյանի ենթակայության տակ գործող Բյուրեղավանի գիշերօթիկը հայտնվել էր ոչ միայն իրավապահների, այլև նորանշանակ վարչապետի ուշադրության կենտրոնում: Տնօրենի կողմից յուրացումներ կատարելու փաստով քրեական գործ էր հարուցվել, Հովիկ Աբրահամյանը այցելել էր գիշերօթիկ և այցից ժամեր անց նկատողություն տվել Լալա Ղազարյանին ու աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին, և սա Բախշյանի խոսքով՝ այս երկու պաշտոնյաների միակ բացթողումը չէ:

«Լալա Ղազարյանի օրոք և ոչ միայն իր, էնտեղ կա դեռ փոխնախարար, որը դեռ գործում է, պարոն Բերիկյանը, ինչքան խնդիրներ, փոխանակ զարգանային և լուծում ստանային, այն դեպքում, երբ ՅՈՒՆԻՍԵՖ մանկական հիմնադրամի կողմից հսկայական ֆինանսավորում բերվեց շատ կոնկրետ եմ ասում՝ խնամատար ընտանիքների ինստիտուտը Հայաստանում կայացնելու համար: Այդ փողերը գնացին, ինստիտուտը չկայացավ, պատասխանատուները միայն այս մարդիկ էին և իրենց նախարարը», - ասաց Անահիտ Բախշյանը:

«Բարև Երևանի» խմբակցության ղեկավարը պնդում է, որ փոխնախարարի և աշխատանքից ազատված Ղազարյանի ղեկավարման տարիներին տապալվել է նաև մանկատան սաներին բնակարանով ապահովելու ծրագիրն ու կրկին հսկայական գումարներ են հօդս ցնդել:

Նկատողություն ստացած փոխնախարար Բերիկյանը դեռ շարունակում է պաշտոն զբաղեցնել: Պաշտոնական աղբյուրները, սակայն, Ղազարյանի՝ աշխատանքից ազատվելու դիմումը որևէ կերպ չեն մեկնաբանում:

Նախարարության աշխատակազմի ղեկավար Արտակ Գրիգորյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ դա Ղազարյանի սահմանադրական իրավունքն է. - «Որպես աշխատակազմի ղեկավար՝ չեմ խորացել նրա անձնական կյանքի կամ անձնական պատճառների մեջ, որի հիման վրա ինքը տվել է անձնական դիմում: Տիկին Լալա Ղազարյանը եղել է շատ հմուտ աշխատող: Երբեմն-երբեմն ստացել եմ դժգոհություններ [նրա վերաբերյալ] շահառուներից սկսած՝ վերջացրած մյուս աշխատակիցներով, իհարկե, դա աշխատանք է, առանց դրա անհնար է»:

Բախշյանը վստահ է, որ կառավարությունը քաջատեղյակ է նախարարությունում տիրող իրավիճակից ու կատարված բացթողումներից, սակայն չի շտապում դատախազություն դիմել, որպեսզի հանցավոր իրականությունը ջրի երես չբարձրանա ու շաղկապված կծիկը չքանդվի, որպեսզի պաշտոնական բացատրություն չտրվի. գերադասվել է սեփական դիմումի համաձայն՝ աշխատանքից լուռ հեռանալը:

«Այսպիսի պատմությունները, որտեղ բացահայտվում են պաշտոնյաներ, դպրոցի տնօրեններ, իսկ վերադասի համար ակնհայտ է, որ էնտեղ կա կոռուպցիա և դա փաստված է, ասում են սուս-փուս դիմում գրի գնա, քանի չես նստել: Նույնն էլ Լալայի հետ են արել. ինչ ուզում ես արա, լափում ես, ինչ ես անում, բայց դա չբացահայտվի, եթե բացահայտվեց, կներես, մենք քո տերը չենք: Սա մեր իշխանության ձեռագիրն է բոլոր մակարդակներում», - նշեց Բախշյանը:

Նա չի բացառում, որ վարչապետի նկատողությունը ստացած, սեփական դիմումով ազատված պաշտոնյան հետագայում այլ աշխատանքի անցնի: Բախշյանն ընդգծեց, որ դա էլ գործող պրակտիկա է, և օրինակները կան:

«Թերացումների, հաճախ նաև քրեորեն պատժելի արարքների համար որպես խստագույն պատիժ ընդամեն աշխատանքից հեռացնելը ևս հազվադեպ չէ մեր իրականությունում, ավելին՝ դա դեռ սովետական շրջանից եկող արատավոր ձեռագիր է», - ասաց «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

Բախշյանի կարծիքը կիսելով՝ Հոկտանյանը չի բացառում, որ այս փոխատեղումների արդյունքում նպաստավոր դաշտ է ստեղծվում այլ պաշտոնյաների մտերիմների համար:

«Շատ հնարավոր տարբերակ է, որ տվյալ աշխատողը լուրջ թերացումներ է ունեցել, ինչու ոչ՝ նաև կոռուպցիոն հանցագործություններ է կատարել, բայց որոշակի փրկագին վճարելով և ազատման դիմում գրելով՝ հեռացել է: Հնարավոր է նաև այլ տարբերակ, որը նույնպես իրականում կոռուպցիոն երևույթ է, երբ ավելի բարձրաստիճան ուղղակի կամ անուղղակի վերադասը գտնի, որ տվյալ տեղը ավելի հարմար է իր ծանոթին և շատ լուրջ կոռուպցիոն ռիսկեր կան այդ աշխատանքից ազատելու մեջ: Այնպես որ պետք է պարզել, հետևել, տեսնել, թե ով է այդ պաշտոնը զբաղեցնելու և փորձել հասկանալ, թե նա ում բարեկամն , ում հետ ինչ կապերի մեջ է», - նշեց Հոկտանյանը:

XS
SM
MD
LG