Մատչելիության հղումներ

Ֆրանսիան հետաձգեց Ռուսաստանին ռազմանավ վաճառելու գործարքը


Ֆրանսիան հրաժարվում է այն գործարքից, ըստ որի Ռուսաստանին շուտով պիտի հանձներ նորագույն տեխնոլոգիաներով գերհագեցած ռազմանավերը։ Նախագահ Ֆրանսուա Օլանդն ասել է, թե ռուսական զորքերի կողմից արևելյան Ուկրաինա կատարած ներխուժումը նշանակում է, որ գործարքն ավարտին հասցնելու ճիշտ ժամանակը չէ։ Սա մեծ ֆինանսական խնդիրների առջև է կանգնեցնում նաև Ֆրանսիային, ինչի պատճառով նավաշինական գործարանի աշխատավորների շրջանում բողոքի մեծ ալիք է սկսվել։

Ֆրանսիայի Սըննեզըրի նավաշինական գործարանում կառուցված «Վլադիվոստոկ» ռազմանավը նախատեսված է ուղղաթիռներ ու հրասայլեր, ինչպես նաև երկկենցաղ զրահապատ ավտոմեքենաներ կրելու համար։ «Վլադիվոստոկը» այն երկու նավերից մեկն է, որոնք պիտի փոխանցվեին Ռուսաստանին՝ համաձայն մեկ և կես միլիարդ դոլարի նախապես կնքված գործարքի։ Փարիզը, որոշելով հետաձգել գործարքը, այսօր ստիպված է լինելու հետ մուծել գումարը։

Լոնդոնի Եվրոպական բարեփոխությունների կենտրոնի վերլուծաբան Այըն Բոնդի կարծիքով, այսօր, երբ Ռուսաստանը շարունակում է ռազմական գործողություններն Ուկրաինայում, Ֆրանսիան այլ կերպ վարվել չէր կարող։ Այդ հարցում, ասում է նա, Ֆրանսիայի վրա հավանաբար եղել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների ճնշումը։

Սակայն հիմա պարզ չէ, թե ինչպես է լուծվելու նավաշինական այս գործարանի աշխատավորների խնդիրը։

Ժան Քլոդ Բլանշարն այս նավահանգստում ծայրահեղ աջ Ազգային կուսակցության առաջնորդն է։ Նրա խոսքերով, ինքը չի կարծում, որ եթե Ռուսաստանը ցանկանա պատերազմ սկսել որևէ երկրի դեմ, կունենա հենց այս նավերի կարիքը։ Ռուսական նավատորմն արդեն իսկ շատ հզոր է, ասում է նա, ու ավելացնում, որ այս նավերն ապահովում էին 8ՕՕ աշխատատեղ այս նավահանգստում և հազարավոր այլ աշխատատեղեր մատակարարող ընկերություններում։

Մյուս նավը, որը նույնպես չի ուղարկվելու Ռուսաստան, ճակատագրի հեգնանքով կրում է ղրիմյան նավահանգիստ Սևաստոպոլի անունը։

Տեղի քաղաքացիներն ասում են, թե այս նավերի վաճառքը չեղյալ հայտարարելու փաստը վնաս է ոչ միայն Ֆրանսիայի տնտեսությանը, այլ նաև հարվածում է երկրի ինքնիշխանությանը։ Մեր նպատակը մեր խոստումները կատարելն է, այլ ոչ թե մյուս կառավարությունների պահանջներին ենթարկվելը, ասում են նրանք։

Այս կողմերում է խարիսխ նետել ռուսական «Սմոլնի» նավը նաև, որն իր տախտակամածի վրա կրում է 400 ռուս զինվորականների։ Նրանք այստեղ էին եկել այս նավերը կառավարելու նպատակով մարզվելու համար։

Կիրակի օրը այստեղ նախատեսված է բողոքի ցույց՝ վաճառքը հետաձգելու որոշման դեմ։ Իսկ Ֆրանսիայի ու ՆԱՏՕ-ի ղեկավարներն ասում են, որ հասկանալով հանդերձ աշխատավորների պահանջները, իրենք ամենից վեր են դասում Եվրոպայի անվտանգությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG