Մատչելիության հղումներ

Ուկրաինայում հրադադարը պահպանվում է՝ չնայած փոխադարձ մեղադրանքներին


Ուկրաինա – ԵԱՀԿ-ի դիտորդները զրուցում են ուկրաինացի զինծառայողների հետ Մարիոպոլ քաղաքի արվարձաններում դրված անցակետում, 8-ը սեպտեմբերի, 2014թ․
Ուկրաինա – ԵԱՀԿ-ի դիտորդները զրուցում են ուկրաինացի զինծառայողների հետ Մարիոպոլ քաղաքի արվարձաններում դրված անցակետում, 8-ը սեպտեմբերի, 2014թ․

Չնայած ուրբաթ օրը ստորագրված հրադադարի համաձայնագրին, Կիևը և ռուսամետ անջատականները միմյանց մեղադրում են հրադադարի ռեժիմը խախտելու մեջ:

Շաբաթ օրը նավահանգստային Մարիոպոլ քաղաքում հրաձգության արդյունքում մեկ կին է զոհվել, ևս երեք հոգի վիրավորվել են: Մարիոպոլ քաղաքը գտնվում է ուկրաինական զորքերի վերահսկողության տակ:

Ժամեր անց՝ կիրակի օրը, հրադադարը խախտվել է Դոնեցկի օդանավակայանի մոտ: Այս մասին տեղից հաղորդում է BBC-ի թղթակիցը:

Հակամարտ կողմերի համար Մարիպոլը և Դոնեցկը առանցքային նշանակություն ունեցող քաղաքներ են:

Դոնեցկի մարզի նահանգապետ Կոնստանտին Բատոզսկին ֆեյսբուքում գրել է, որ անցած գիշերվա ընթացքում ռուսամետ անջատականները Մարիոպոլ քաղաքի ուղղությամբ՝ տանկերով, զրահամեքենաներով ու հետևակով փորձել են հարձակողական գործողություն իրականացնել, բայց հիմա քաղաքում իրավիճակը հանգիստ է: Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ լրացուցիչ զորքեր են ուղարկվում Մարիոպոլ:

Ակնկալվում է, որ այսօր Մարիոպոլ կժամանի Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն:

Ուկրաինայի զինված ուժերի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ անցած գիշերվա ընթացքում ռուսամետ անջատականները հինգ անգամ խախտել են հրադադարը: Ժդանովկա, Զոլոտոե, Նիժնայա Կրինկա և Պեսկի բնակավայրերի մոտ կրակ են բացել ուկրաինական զորքերի դիրքերի վրա:

Իսկ մյուս կողմից՝ Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ՝ այսպես կոչված «Ժողովրդական հանրապետության» ներկայացուցիչները հայտնում են, որ ուկրաինական զորքերի հրետանին ռմբակոծել է իրենց դիրքերը Ենակիևո, Օչերեդինո, Վեսյոլայա Գորա և Յասինովատայա բնակավայրերի մոտ: Ռուսամետ անջատականների շտաբից նաև հաղորդում են, որ Լուգանսկի մարզում Կրասնիյ Պարտիզան քաղաքի վրա ուկրաինական գումարտակի հարձակման ու «Գրադ»-ով ռմբահարելու արդյունքում 10 բնակիչ է վիրավորվել:

Սեպտեմբերի 8-ին՝ օրվա առաջին կեսի լուրերում հրադադարը խախտելու մասին հաղորդագրություններ չկան, Մարիոպոլում և Դոնեցկում իրավիճակը հանգիստ է:

Չնայած անցած շաբաթավերջին կողմերի փոխադարձ մեղադրանքերին՝ հրադադարը հիմա ընդհանուր առմամբ պահպանվում է:

Ուկրաինայի բանակի պաշտոնյա Վլադիմիր Պոլյովինը կիրակի օրն ասել է, որ երկրի արևելքում զինված բախումները սկսվելուց ի վեր ուկրաինացի 864 զինվոր է զոհվել:

ՄԱԿ-ի տվյալներով Ուկրաինայում հակամարտության պատճառով ընդհանուր առմամբ շուրջ 3 հազար մարդ է զոհվել, ներառյալ Ուկրաինայի օդային տարածքում կործանված մալայզիական օդանավի ուղևորները:

Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպության նոր զեկույցում ուկրաինական հակամարտության երկու կողմերն էլ մեղադրվում են պատերազմական հանցագործություններ կատարելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG