Մատչելիության հղումներ

Մահացած զինվորի գործով կա մեկ ձերբակալված


Ձերբակալված Վարդան Դավթյանը դեռ կասկածյալ է:

Երկուշաբթի օրը մահացած ժամկետային զինծառայող Սամվել Հարությունյանի գործով ձերբակալվել է մեկ այլ ժամկետային զինծառայող՝ շարքային Վարդան Վրեժի Դավթյանը։

Քրեական գործը քննվում է քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով, այն է՝ «զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ կատարելով»։

Պաշտպանության քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը «Ազատության» հետ զրույցում շեշտեց, որ ձերբակալված Վարդան Դավթյանը դեռ կասկածյալ է, իսկ նրան մեղադրանք կառաջադրվի առաջիկա 72 ժամերի ընթացքում, ինչից հետո կընտրվի նրա խափանման միջոցը։

Այս հոդվածով ձերբակալված զինծառայողին մեղադրանք առաջադրելու դեպքում նրան կարող է սպառնալ մինչև 2 տարի կարգապահական գումարտակում պահելը, կամ էլ ազատազրկում առավելագույնը երկու տարի ժամկետով։

Երեկ կեսգիշերն անց՝ ժամը 1.15-ի սահմաններում պաշտպանության նախարարության զորամասերից մեկում հայտնաբերվել էր ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորում ստացած ժամկետային զինծառայող 22-ամյա Սամվել Սեյրանի Հարությունյանի դին։ Նա զորակոչվել էր նախորդ տարի՝ Երևանի Մաշտոցի զինկոմիսարիատից։

Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Ձերբակալված Վարդան Դավթյանին մեղադրանք առաջադրելու ժամկետը լրանում է սեպտեմբերի 11-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG