Մատչելիության հղումներ

Ազնավուր․ «Շուտով տեսակցելու եմ Թուրքիայի դեսպանի հետ»


Շվեյցարիա - Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում նիստի ժամանակ, արխիվ
Շվեյցարիա - Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում նիստի ժամանակ, արխիվ

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը, Hollywood Reporter-ին տված հարցազրույցում խոսելով իր դիվանագիտական գործունեության մասին, ասել է, թե աշխատում է ինքնուրույն՝ առանց նախագահին հարցնելու, թե ինչ պետք է անել, բայց հետո հայտնում է իր կատարած քայլերի մասին:

«Օրինակ, ես շուտով տեսակցելու եմ Թուրքիայի դեսպանի հետ, դա հազվագյուտ բան է, բայց ես նախապես չեմ տեղեկացրել այդ մասին, քանի որ կարող են ինձ ասել, թե չպետք է դա անեմ, մինչդեռ ես ուզում եմ ազատ լինել իմ քայլերում», - Armenews.com կայքի փոխանցմամբ՝ նշել է Ազնավուրը անցած ամառ Ֆրանսիայի Պրովանս շրջանում տված հարցազրույցում:

«Կան դժվարություններ ոչ միայն թուրքերի հետ, ովքեր չեն ցանկանում ընդունել Հայոց ցեղասպանությունը, այլև նրանց հետ, ովքեր չեն ուզում, որ ես բարեկամական հարաբերություններ ունենամ Թուրքիայի հետ: Հետևաբար՝ պետք է զգույշ լինեմ», - ասել է նա:

Ազնավուրն ընդգծել է, թե ինքը ոչինչ չունի այսօրվա թուրքերի դեմ, քանի որ ցեղասպանությունը կատարել են նրանց պապերը:

Նա հույս է հայտնել, թե իր գործունեությամբ կկարողանա նպաստել, որ ինչ-որ մի բան փոխվի երկու երկրների միջև:

Պատասխանելով իր մարդասիրական գործունեությանը վերաբերող հարցերին՝ Ազնավուրը խոսել է իր «Ազնավուրը Հայաստանի համար» միության մասին, որը ֆինանսավորվում է իր բարեգործական համերգներից և երգերից ստացվող հասույթներով:

«Բայց դժվար է, եթե չես կարող թելեթոններ և դրա նման բաներ կազմակերպել», - խոստովանել է նա՝ հավելելով, որ, այդուհանդերձ, ամեն ինչ անում է ինքն անձամբ և ոչ մեկից նվիրատվություն չի խնդրում:

«Ամեն տարի ես գնում եմ Հայաստան՝ ինքս տեսնելու, թե որոնք են անմիջական պահանջները», - նշել է Ազնավուրը նույն հարցազրույցում:

Վերջում աշխարհահռչակ երգիչը հայտարարել է, որ ոչ մի կապ չունի և չի ուզում ունենալ քաղաքականության հետ:

«Իմ հանդիսատեսը պատկանում է ամենատարբեր կրոնների, ամենատարբեր գույների և լեզուների: Ես չեմ դավաճանում նրանցից ոչ մեկին և անկեղծ եմ բոլոր նրանց հանդեպ, ովքեր սիրում են իմ երգերը», - շեշտել է Ազնավուրը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG