Մատչելիության հղումներ

«Միայն անհատների օգնությամբ սահմանամերձ գյուղերը ոտքի չեն կանգնի»


Սահմանամերձ համայնքների բնակիչների խոսքով՝ իրենց հատկացվող պետական աջակցությունը չի լուծում բազմաթիվ խնդիրներ:

«Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնությունը սահմանամերձ գյուղերից վերադառնալուց և իրավիճակն այնտեղ գնահատելուց հետո օրերս նամակ էր ուղղել վարչապետին՝ հստակ նշելով այն կոնկրետ խնդիրները, որոնցով այսօր շարունակում են ապրել ընդամենը մեկ ամիս առաջ հակառակորդի կրակոցների հետևանքով վնասված գյուղերը:

Նախաձեռնության անդամ Սոֆյա Հովսեփյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ հատկապես անմխիթար վիճակում են կրթական հաստատությունները, ֆինանսական լուրջ խնդիրներ ունեն բուհերում վճարովի համակարգում սովորող ուսանողների ընտանիքները։

«Մենք սպասում ենք, որ նամակն ուղղելու հետ մեկտեղ լինի նաև գործողություն», - ասաց Հովսեփյանը:

Մինչ քաղաքացիական այս նախաձեռնության անդամները սպասում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի պատասխանին, անցած շաբաթ կառավարության նիստի ժամանակ վարչապետն ասաց, որ իր դիտարկմամբ՝ համայնքային այցելությունների ժամանակ բնակչությանը տրված բոլոր խոստումները կատարվել են:

Վարչապետը նաև ասել է, որ այդ համայնքային հանդիպումների ժամանակ որոշվել է, որ 147 միլիոն դրամ պետք է տրամադրվի մի քանի հրատապ խնդիրներ լուծելու համար, այդ թվում՝ Տավուշի մարզի Չինարի համայնքի տարածքի առավել վտանգավոր հատվածներում բնակչության տեղաշարժի անվտանգության ապահովման նպատակով հենապատի կառուցման, դպրոցի պատուհանների վերատեղադրման համար:

Այդուհանդերձ, մարզի սահմանամերձ այլ գյուղերում այնքան էլ չեն զգում խոստումների իրականացումը:

Սահմանամերձ Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ թեպետ գյուղի դպրոցի մարզադահլիճը վերակառուցվեց նախագահի անմիջական հսկողության ներքո, տարածքային կառավարման նախարարն էլ գույք ուղարկեց դպրոցին, այդուհանդերձ, գյուղի լրջագույն խնդիրը դեռ լուծված չէ:

«Ես զարմանում եմ, թե ինչու չի պետության կողմից ուշադրություն դարձվում, քանի որ ամենավտանգավոր գյուղերից մեկը մերն է: Էսքան գոռում, գոչում, բացատրում, հասկացնում եմ... ու Այգեպարը բանից պարզվում է, սահմանամերձ չի՞: Տարել ենք, տեղերը ցույց ենք տվել: Գալուստ Սահակյանն էլ է մեր գյուղում եղել, իրեն էլ եմ ասել, Նիկոլ Փաշինյանն էլ, իրենք էլ գիտեն, պաշտպանության նախարարն էլ գիտի, մարզպետն էլ գիտի, բոլորն էլ գիտեն», - ասաց գյուղապետը՝ հավելելով.- «Մանկապարտեզի պաշտպանական պատի կառուցումն էլ Կարմիր խաչն է իր վրա վերցրել»:

Ներքին Կարմիրաղբյուրի գյուղապետ Մանվել Կամենդատյանն «Ազատությանը» ևս փոխանցեց, որ թեպետ շատ պաշտոնյաներ վերջին ամիսներին այցելեցին գյուղ, այդուհանդերձ, պետական աջակցությունն առայժմ խոստումի մակարդակի վրա է:

Ուղիղ մեկ շաբաթ առաջ գյուղում բացվել է մանկապարտեզը, որն ամբողջովին վերակառուցվել է ամերիկահայ բարերարի ֆինանսավորմամբ: Դպրոցի անմխիթար վիճակով բարերարները դեռևս չեն զբաղվում, պետական այրերը ևս լռում են:

Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանի պնդմամբ՝ անկատար են նաև կառավարության՝ գյուղի ուսանողներին տված խոստումները:

Գյուղապետերը շեշտում էին, որ առանձին մարդիկ չեն դադարում օգնել սահմանամերձ գյուղերին՝ փորձելով մեղմել պետական անտարբերությունը:

Իր հերթին «Աջակցենք սահմանամերձ բնակավայրերին» քաղաքացիական նախաձեռնությունն առաջիկայում պատրաստվում է նոր ծրագրեր իրականացնել սահմանամերձ գյուղերի երեխաների համար. - «Էդ երեխաները նաև կարիք ունեն իրենց գյուղի տարածքից դուրս գալու, հասկանալու, որ բացի կրակոցներից ու սահմանից կա նաև մի տեղ որտեղ կարելի է տեսնել ու վայելել գեղեցիկը»:

XS
SM
MD
LG