Մատչելիության հղումներ

«Ամերիկան և Եվրոպան համակարգված են գործում Ռուսաստանի էներգետիկայի դեմ»


Տնտեսագետների ու փորձագետների համոզմամբ՝ Արևմուտքի նոր պատժամիջոցները մոտ ապագայում ո՛չ տնտեսական ցնցումներ կառաջացնեն Ռուսաստանում, ո՛չ էլ վնաս կհասցնեն երկրի ֆինանսական կայունությանը, սակայն լրջագույն խնդիրներ կհարուցեն երկարաժամկետ հեռանկարում:

Կրեմլին ուկրաինական ճգնաժամում ունեցած իր դերակատարության համար պատժելու նպատակով Արևմուտքի հերթական պատժամիջոցների փաթեթը վերաբերում է նավթագազային ոլորտին։ Եվրոպացի գործարարներին արգելվել է նաև ֆինանսական ծառայություններ մատուցել պատժամիջոցների ենթակա ցուցակում հայտնված ընկերություններին՝ վարկերի տրամադրում, գործակցություն մի շարք ռուսական խոշոր նավթային ընկերությունների հետ։

«Մոտ ապագայում աղետ չենք տեսնի, սակայն ավելի երկարաժամկետ ապագայի համար այդ ամենը շատ վատ նորություններ են», - «Ազատության» հետ զրույցում ասել է «Սբերբանկ»-ի դիտորդական խորհրդի նախկին անդամ, տնտեսագետ Սերգեյ Գուրիևը, ով անցյալ տարի լքել է Ռուսաստանը՝ քաղաքական հետապնդումներից դրդված։

«Ռուսական խոշոր էներգետիկ ընկերությունների որոշակի ծառայությունների և տեխնոլոգիաների արտահանման արգելքը Ռուսաստանի տնտեսության համար ընդհանուր առմամբ մեծ վտանգ է ներկայացնում, քանի որ այն ի ցույց է դնում Ամերիկայի և Եվրոպայի համակարգված գործողությունները Ռուսաստանի տնտեսության առանցքային ոլորտներից մեկի՝ էներգետիկայի դեմ», - կարծում է Գուրիևը։

Փենսիլվանիայում տեղակայված East European Gas Analysis-ի ղեկավար Միխայիլ Կարչեմկինն էլ կարծում է, որ առանց արևմտյան տեխնոլոգիաների մուտքի, առանց եվրոպական ապրանքների և ծառայությունների Ռուսաստանում նավթի արդյունահանումն արդեն սկսած հաջորդ տարվանից աստիճանաբար կրճատվելու է։

«Ինչ վերաբերում է ռուսական պաշտպանական ընկերությունների նկատմամբ ֆինանսական և տեխնոլոգիական արգելքներին, սա նույնպես կարող է լրջագույն խնդիր դառնալ Ռուսաստանի համար, որը նախատեսում էր բարդ տեխնոլոգիաներ ներկրել Եվրոպայից իր զինամթերքի համար», - կարծում է Հարվարդի համալսարանի Բելֆեր կենտրոնի Ռուսաստանի գծով փորձագետ Սիմոն Սարաջյանը։

«Եթե Արևմուտքը որոշի երկարաձգել այդ պատժամիջոցները, Ռուսաստանում եղած գործիքները կհնանան, հարկ կլինի դրանք փոխարինել, և Ռուսաստանը չի իմանա ում դիմել։ Չինաստանը նման տեխնոլոգիաներ չունի, դրանցից միայն Արևմուտքում կա։ Իհարկե, Ռուսաստանը կփորձի ինքնուրույն լուծում գտնել, սակայն դա թե՛ ժամանակ, թե՛ գումարներ կպահանջի», - «Ազատության» հետ զրույցում ասել է Սարաջյանը։

Իսկ իտալական La Stampa թերթը արդեն հոդված է հրապարակել Ռուսաստանի «մթերային պատերազմի» մասին։ Թերթի Մոսկվայի թղթակիցը գրում է, որ մթերային շուկայում կտրուկ գնաճ է արձանագրվել, իսկ «սև շուկայի համար ավազակախմբերի պատերազմի մեկնարկը տված է»։ Լրագրողը տեղեկացնում է 24 ժամվա ընթացքում Մոսկվայում երկու գործարարների մահվան մասին՝ «Ֆրուկտովի ռայ» շուկայի սեփականատիրոջ մարմինը գտել են պարանոցի շրջանում հրազենային մահացու վերքով, իսկ ագրարային խոշոր ընկերություններից մեկի ղեկավարի դին՝ գլխին չորս փամփուշտի հետքերով։

«90-ականներից սկսած Մոսկվան նման բան չէր տեսել», - նշում է հոդվածագիրը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG