Մատչելիության հղումներ

Ռուսաստանի նախկին դեսպանը սպառնում է Հայաստանին


Ռուսաստանի նախկին դեսպանը սպառնում է Հայաստանին
please wait

No media source currently available

0:00 0:04:36 0:00

Նախկին դեսպանի խոսքով՝ Հայաստանի և ընդհանրապես հայ ժողովրդի ապագան կախված է Եվրասիական միությանն անդամակցելուց:

Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն այսօր սպառնալիքներ հնչեցրեց Հայաստանի և հայ ժողովրդի հասցեին՝ հայտարարելով, որ եթե Հայաստանը ի վերջո չընտրի Եվրասիական միությունը, ապա հարցականի տակ կհայտնվի ոչ միայն հայկական պետականության, այլև ընդհանրապես հայերի ապագան:

2009-2013 թվականներին Հայաստանում Ռուսաստանը ներկայացրած դեսպան Կովալենկոն իր սպառնալիքները այսօր հնարավորություն ունեցավ հնչեցնել Երևան-Մոսկվա տեսակամուրջի միջոցով կազմակերպված ասուլիսի ընթացքում:

«Ցանկացած դեպքում Հայաստանը պետք է կատարի իր ընտրությունը, որովհետև որպեսզի զարգանա Հայաստանի նման փոքր պետության տնտեսությունը, կյանքը, այն պետք է ինտեգրվի, այն պետք է անդամակցի ինտեգրացիոն ինչ-որ կազմավորումների: Եվ այստեղ հարցը սուր է դրված: Կարծում եմ, իրավիճակն այնպես է զարգանալու, որ Հայաստանից կպահանջեն կատարել այդ ընտրությունը: Հայաստանը չի կարող անվերջ խուսանավել այս բարդ միջազգային պայմաններում: Եվ այդ պատմական ընտրությունը, որը պետք է անի Հայաստանը, ահա այդ ընտրությունից շատ բան է կախված՝ կախված է պետության ապագան, հայ ժողովրդի ապագան, ընդհանրապես՝ հայերի ապագան», - ասաց նա:

Ռուսաստանցի դիվանագետը շարունակեց․ - «Ինչպիսի՞ն կլինի այդ պետությունը՝ Հայաստանը: Կմնա՞ արդյոք Հայաստանը որպես ինքնուրույն պետական կազմավորում՝ իր ազգային քաղաքականությամբ, ազգային շահով, իր ինքնությամբ, իր յուրահատկությամբ, որը հարգանքի է արժանանում աշխարհում, թե՞ այն կմիանա այն արևմտյան արժեքներին, որոնց մասին այսօր սկսել են ավելի քիչ խոսել, որոնք այսօր նահանջել են հետին պլան, բայց դրանք գոյություն ունեն և միշտ էլ գոյությոն են ունենալու այնքան ժամանակ, քանի դեռ գոյություն կունենա արևմտյան երկրների ագրեսիվ քաղաքականությունը»:

Կրեմլը ներկայացնող դիվանագետը այսքանով չբավարարվեց: Կովալենկոն այս հունիսին Հայաստանում արդեն իսկ հայտնվել էր սկանդալի կենտրոնում, երբ Պուտինի վարչակազմի խոսափողը համարվող լրագրող Դմիտրի Կիսելյովի հետ միասին Հայաստանի Ազգային ժողովում պահանջեց ռուսերենը մեր երկրում դարձնել երկրորդ պետական լեզու:

«Մենք տեսնում ենք, թե այսօր ինչ է կատարվում Ուկրաինայում: Տեսնում ենք, այդ արևմտյան արժեքները, խոսակցությունները ժողովրդավարության, մարդու իրավունքների, կյանքի, գոյատևման մասին, [տեսնում ենք] այդ հակամարդկային գործողությունները, որոնք աջակցություն են ստանում ԱՄՆ-ից ու Եվրամիությունից: Աստված չանի, որ նրանք գան Հայաստան նման տրամադրությամբ և նման որոշումներով: Արդյո՞ք կլինի այդպես, կամ էլ ոչ, դա էլ կլինի Հայաստանի պատմական որոշումը», - նշեց Կովալենկոն:

Քիչ անց նա դարձյալ զուգահեռներ անցկացրեց Ուկրաինայի հետ․ - «Շատ կարևոր է, որ չկրկնվի այն, ինչ այսօր տեղի է ունենում Ուկրաինայում, երբ բնակչության տարբեր հատվածների միջև ի հայտ եկան այդպիսի հարաբերություններ: Խոսելով Մաքսային միության հեռանկարների մասին՝ պետք է ի նկատի ունենալ այս շատ կարևոր հանգամանքը: Կարծում եմ, որ հայերը, որոնք հանդիսանում են աշխարհի հնագույն ժողովուրդներից մեկը, որոնք վերապրել են այնպիսի ժողովուրդների, որոնք արդեն անհետացել են երկրի քարտեզից, ներկայում ապրում են շնորհիվ ճիշտ ընտրության, որը նրանք միշտ կատարել են պատմական սուր պահերին: Ահա, այժմ այդպիսի սուր պատմական պահ է, երբ հայերը իրենց համար պետք է վերջնական որոշում կայացնեն»:

Դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն միայն հայերի հասցեին չէ, որ հանդես է եկել նմանատիպ հայտարարություններով: Օրինակ, 2007 թվականի սեպտեմբերին, երբ Կովալենկոն Ռուսաստանի դեսպանն էր Վրաստանում, վրացի մշակութային գործիչների հետ հանդիպմանը նա հայտարարեց, որ «վրացիները մահացող ժողովուրդ են», ու դիմելով ներկա վրացիներին շարունակեց՝ «դուք կանհետանաք»: 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից հետո վրացական իշխանությունների պահանջով Կովալենկոն հեռացավ Վրաստանից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG