Մատչելիության հղումներ

Հարկադիր կատարման ծառայության պետը վարորդներին խորհուրդ տվեց «շոուներ» չսարքել


«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթը Արշակունյաց պողոտայում, արխիվ
«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթը Արշակունյաց պողոտայում, արխիվ

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնության անդամներն այսօր Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (ԴԱՀԿ) շենքի դիմաց հարկադիր կատարողներից պատասխան էին պահանջում՝ մուծած տուգանքները հաշվի չառնելու և նույն խախտման պատճառով երկու անգամ պատժվելու համար. ցուցարարներն ասում էին՝ շատերն են ամիսներ առաջ վճարել պահանջվող գումարը, հիմա սակայն, կրկին նամակներ են ստանում ԴԱՀԿ-ից, որոնց համաձայն, իրենք այդ գումարը չեն վճարել, ուշացման համար էլ տուգանքի չափը մի քանի անգամ ավելացել է։

Նախաձեռնության անդամները անվանական պատասխան էին պահանջում այն պաշտոնյաներից, ովքեր քաղաքացիներին հանիրավի տուգանելու որոշումներ էին կայացրել։

«Ավագ լեյտենանտ Ռաֆայել Գինոսյան, դուք սկսել եք վարույթ մի գործով, որի հիմքերը դուք չունեք. մարդը ժամանակին կատարել է պատշաճ վճարում, ինչո՞ւ եք տուգանքը հնգապատկել և իրենց գումարները սառեցրել բանկերում։ Իջեք և ներկայացրեք այն հիմքերը, որոնց հիման վրա դուք այս մարդկանց զրկել եք սեփականության իրավունքից», - բարձրախոսով հայտարարեց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը։

Ավագ լեյտենանտի փոխարեն պատասխան տալու համար շենքից դուրս եկավ Հարկադիր կատարման ծառայության պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը։ Նա տեղակալների ուղեկցությամբ մոտեցավ ցուցարարներին՝ խոստովանելով, որ ցուցարարների բարձրացրած աղմուկը իրեն դուր չէ եկել։

«Ինչ շոուներ եք ստեղծում՝ ավագ լեյտենանտ Հակոբյան..., չգիտեմ, իջի ներքև..., էս ի՞նչ «շուն ու կատու» եք խաղում, էս ի՞նչ տարբերակ է աշխատանքի, էդ ի՞նչ մուլտիկներ եք նայել, չեմ հասկանում, ի՞նչ է սա նշանակում՝ իջեք ներքև..., այստեղ «շուն ու կատու» չենք խաղում», - ասաց Միհրան Պողոսյանը։

Երբ նախաձեռնության անդամները Պողոսյանին երկու ստույգ օրինակ բերեցին, փաստաթղթեր ներկայացրին, նա այսպես արձագանքեց. - «Սրա համար եկել այստեղ շոու ե՞ք սարքել»։

Նա հայտարարեց, որ ցուցարարները պարզապես «պատվեր են կատարում», բայց աղմուկից խուսափելու համար բոլորին հրավիրեց դահլիճ։

Դահլիճում «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, որ խնդրին ծանոթ է, բայց մեղքն իրենցը չէ. իրենք ընդամենը տարբեր մարմիններից ստանում են վարչական իրավախախտումները և կատարում են դրանք։

Հարցին, թե այս դեպքում ո՞ւմ սխալի պատճառով է քաղաքացին կրկնակի տուգանվում, Պողոսյանը պատասխանեց. - «Նայած ով է ուղարկում, նայած ում վարույթն է. եթե դա պետավտոտեսչության վարույթ է, ուրեմն՝ պետավտոտեսչությունը, եթե քաղաքապետարանի, ուրեմն՝ քաղաքապետարանն է։ Պետք է հասկանալ մի բան, որ ծառայությունը օրենքով սահմանված կարգով էն գործառույթը, որը ինքը պարտավոր է անի, պետք է անի՝ եթե իմ հարկադիր կատարողը չանի, ինքը պատժվելու է իմ կողմից»։

Պողոսյանը ասաց, որ Կառավարության նախաձեռնությամբ օգոստոսին այս խնդրով զբաղվելու համար հատուկ հանձնաժողով է ստեղծվել, որը աշխատանքներ է տանում խնդիրը լուծելու համար։ Հստակ որևէ ժամկետ պաշտոնյան այդպես էլ չմատնանշեց։

«Դուրս մեր գրպանից» նախաձեռնությունը ցույցերը շարունակելու է. առաջիկա օրերին նրանք անհնազանդության երթ կանցկացնեն Երևանում։

XS
SM
MD
LG