Մատչելիության հղումներ

Հարավային Օսիայում մտածում են Ռուսաստանին միանալու մասին


Խորհրդարանական ընտրությունները Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունում, Ցխինվալի, 7-ը հունիսի, 2014թ.
Խորհրդարանական ընտրությունները Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետությունում, Ցխինվալի, 7-ը հունիսի, 2014թ.

Առաջիկա ամիսներին կարող է պայթել քաղաքական միջազգային նոր սկանդալ:

Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցելու թեման աստիճանաբար կորցնում է հրատապությունը, ռուս - ուկրաինական բախումները շարունակվում են, բայց պատերազմի առավել թեժ փուլը, բարեբախտաբար, կարծես թե անցել է։

Չի բացառվում, որ տեսանելի ապագայում Մոսկվան և Արևմուտքը կփորձեն հաղթահարել փոխադարձ անվստահության ու միմյանց նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու շրջանը։

Եվ այնուամենայնիվ, առաջիկա ամիսներին կարող է պայթել քաղաքական միջազգային նոր սկանդալ. Հարավային Օսիայում ամենայն լրջությամբ քննարկում են Ռուսաստանի Դաշնության կազմ մտնելու տարբերակը։

Գաղափարի թիվ մեկ ջատագովը Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության խորհրդարանի նախագահ Անատոլի Բիբիլովն է, ով առաջնորդում է «Միացյալ Օսիա» ("Единая Осетия") կուսակցությունը։

Ի դեպ, այդ քաղաքական կազմակերպության հռչակագրում հստակ նշվում է, որ մինիմում ծրագրով պետք է ապահովել Ռուսաստանի Դաշնության մաս հանդիսացող Հյուսիսային Օսիայի հետ առավել ինտեգրում, իսկ մաքսիմում ծրագիրը ենթադրում է Հյուսիսային և Հարավային Օսիայի միավորում Ռուսաստանի Դաշնության կազմում։

Հենց այդ նշանաբանով էլ «Միացյալ Օսիա»-ն հաղթել է ամռանը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններում։ Բայց դրանից հետո Մոսկվան նկատել է տվել, որ այս պահին պետք չէ շատ ակտիվ առաջ տանել Դաշնության կազմ մտնելու գաղափարը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ելույթներից մեկում ասել է, որ Հարավային և Հյուսիսային Օսիայի միավորումը օս ժողովրդի խնդիրն է։

Ռազմավարական հետազոտությունների ռուսաստանյան ինստիտուտի ավագ փորձագետ Յանա Ամելինան վերջերս ասել է, որ ռուսաստանցիները կողջունեն Հարավային Օսիայի վերադարձը։

«Ղրիմի վերադարձից հետո «իսկ ի՞նչ կասի Արևմուտքը» հարցն այլևս մեծ նշանակություն չունի, մանավանդ որ 2008-ի օգոստոսին էլ Ռուսաստանն առանձնապես շատ չի մտահոգվել դրանով [փորձագետը նկատի ունի կարճատև պատերազմը, որի արդյունքում Հարավային Օսիան և Աբխազիան հռչակվել են անկախ պետություններ և ճանաչվել Մոսկվայի կողմից]։ Ղրիմի կապակցությամբ Ռուսաստանում սկիզբ առած հայրենասիրական վերելքը վկայում է, որ Հարավային Օսիայի վերադարձը շատ դրական կընկալվի», - ասել է Ամելինան։

Նրա համոզմամբ` հարավային և հյուսիսային հատվածների միավորմամբ Օսիան կդառնա Հյուսիսային Կովկասում լուրջ գործոն, ինչը նպաստավոր է և՛ օս ժողովրդի, և՛ ամբողջ Ռուսաստանի համար։

Բացի այդ, նման տարբերակն առհավետ կբացառի Հարավային Օսիան Վրաստանի կազմ վերադարձնելու հնարավորությունը։

«Օսիան կդառնա Ռուսաստանի հզոր ֆորպոստը Կովկասում, ինչը օս ժողովրդի առաջ կբացի հասարակական-քաղաքական, սոցիալ-տնտեսական և ազգային-մշակութային նոր հեռանկարներ», - ասել է Յանա Ամելինան։ Այլապես, ըստ փորձագետի, ի հայտ կգան նոր վտանգներ։

«Ղրիմ-Ուկրաինա-Մերձավոր Արևելք թնջուկը սկիզբ է դրել ամբողջ Անդրկովկասում ձևաչափերի լայնածավալ փոփոխության, ինչին համակ ուշադրությամբ սպասում են Հայաստանը, Վրաստանը և Ադրբեջանը, որովհետև այդ երկրներին է դա առաջին հերթին վերաբերելու։

Աշխարհքաղաքական, նյութական և մարդկային կարողություններ չունեցող փոքր պետությունների շահերը նման վիճակում հեշտությամբ կարհամարհեն, դրանից խուսափելու և հարցը մեկընդմիշտ լուծելու միակ տարբերակը Հարավային Օսիայի միացումն է Ռուսաստանի Դաշնությանը», - ասել է Ամելինան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG