Մատչելիության հղումներ

Ջհանգիրյանը համոզված է՝ ԱԺ-ն դեմ կքվեարկի արտակարգ դրության օրենքի փոփոխություններին


Գագիկ Ջհանգիրյան, արխիվ
Գագիկ Ջհանգիրյան, արխիվ

Եթե նախագիծն ընդունվի, ապա ակնհայտ կարձանագրվի, որ 2008-ի մարտի 1-ի հրամանագիրը ապօրինի է, շեշտում է ընդդիմադիր պատգամավորը:

Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը որևէ ակնկալիք չունի, որ այսօր խորհրդարանը կողմ կքվեարկի «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում խմբակցության պատգամավորների առաջարկած փոփոխություններին։

2012 թվականին ընդունված այս օրենքով, հիշեցնենք, եթե արտակարգ դրության ժամանակ Ոստիկանության և Ազգային անվտանգության ուժերը չեն բավարարում, Հայաստանի նախագահը ստանում է բանակը ներգրավելու հնարավորություն: ՀԱԿ-ի ներկայացրած նախագծով առաջարկվում է նախագահին զրկել արտակարգ դրության ժամանակ Զինված ուժեր կիրառելու հնարավորությունից։

Խորհրդարանի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը արդեն երկու անգամ բացասական եզրակացություն է տվել Հայ ազգային կոնգրեսի պատգամավորների առաջարկած փոփոխություններին։

«Վստահ եմ, որ դեմ են քվեարկելու, որովհետև խիստ վտանգավոր նախագիծ է, որովհետև եթե ընդունվի այս նախագիծը՝ ակնհայտ արձանագրվում է, որ մարտի 1-ի 2008 թվականի [Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ] Քոչարյանի այդ հրամանագիրը ապօրինի հրամանագիր է, նախ և առաջ, որովհետև օգտագործել է զինված ուժեր, իսկ քանի որ էս իշխանությունը, ըստ էության, ժառանգորդն է նախորդի՝ չի կարող այդպիսի հարված հասցնել նախկին իշխանությանը», - երեքշաբթի օրը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նախկին զինդատախազը, որը, հիշեցնենք, կալանավորվել էր 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ:

Ջհանգիրյանը նշեց, որ, թեև օրենքը հետադարձ ուժ չի ունենա, բայց օրենքի այս փոփոխության ընդունումը կարձանագրի, որ 2008-ի մարտի 1-ի հրամանագիրը ֆորմալ առումով հակասահմանադրական է։

«Ազատության» հարցին, թե ինչո՞ւ է հիմա նախագիծը դրվել քվեարկության, Ջհանգիրյանը պատասխանեց. - «Նախագիծն արդեն հետաձգել էինք հանձնաժողովում 7-8 ամիս, և, գիտեք, եթե մեկ տարի անցնում է՝ նա դուրս է թռնում։ Հիմա չեմ կարծում, որ երկրում էնպիսի իրավիճակ է, որ ես էլ հատուկ էսպես բերել եմ, համապատասխանեցրել եմ էդ քաղաքական իրադարձություններին։ Եթե էդպես լիներ, առաջին հանրահավաքի, երկրորդ, երրորդ հանրահավաքի ժամանակ ճիշտ կլիներ էս խնդիրը հնչեցնել։ Էնպես որ, էդպիսի մտադրություն ես անձամբ չունեմ, չեմ էլ ունեցել, իմ ընկերները չեն ունեցել»։

Հարցին, թե օրինագծի մերժման դեպքում Սահմանադրական դատարան դիմելո՞ւ են, նախկին զինդատախազը պատասխանեց. - «Իսկ դուք ինձ կարո՞ղ եք ասել՝ որևէ երաշխիք կա՞, որ մեր Սահմանադրական դատարանը օբյեկտիվ վճիռ է արձակելու։ Ես չեմ ուզում էս խնդիրը տանել և Սահմանադրական դատարանում փակել, որովհետև, ըստ էության, եթե մենք դիմում ենք Սահմանադրական դատարան՝ վեճը փակվում է, և քանի որ ես շատ լավ հասկանում եմ, որ Սահմանադրական դատարանն ինքը քաղաքական ճնշման տակ է գտնվում և գտնվելու է նաև այս հայցի, դիմումի պարագայում, ուստի ես չեմ ուզում, որ էդ վեճը Սահմանադրական դատարանը փակի։ Հուսանք, որ մենք կունենանք էդպիսի հնարավորություն էս օրենքի մեջ փոփոխությունները ի կատար ածելու համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG