Մատչելիության հղումներ

Հայաստանում ռուսական ռազմակայանը քիմիա-բիոլոգիական պաշտպանության զորավարժություն է անցկացնում


Հայաստանում ռուսական ռազմակայանի զորավարժություններ, արխիվ
Հայաստանում ռուսական ռազմակայանի զորավարժություններ, արխիվ

Զորավարժության նպատակը արտակարգ իրավիճակում քիմիական ու բիոլոգիական վարակից պաշտպանվելն ու հետևանքների վերացումն է:

Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանը քիմիական ու բիոլոգիական պաշտպանության մարտավարական զորավարժություն է անցկացնում:

«Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զորավարժությանը մասնակցում են քիմիական-բիոլոգիական և ռադիացիոն պաշտպանության (РХБ) ստորաբաժանումները: Զորավարժության նպատակը արտակարգ իրավիճակում քիմիական ու բիոլոգիական վարակից պաշտպանվելն ու հետևանքների վերացումն է:

Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ զորավարժությունների ընթացքում «Կամխուդ» փորձադաշտում մշակվելու և ախտահանվելու են երեք քառակուսի կիլոմետր պայմանական վարակված տարածք և մեկ տասնյակ ճանապարհներ: Այդ նպատակով օգտագործվելու են 150 կիլոգրամ քիմիական ախտահանիչ չոր նյութեր: Հաղորդագրությունում նշված է, որ այդ նյութերի օգտագործումը Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի համար վտանգ չի ներկայացնում:

Եռօրյա զորավարժություններում ներգրավված են 100 զինծառայողներ և 30 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա:

Երեկ մեկնարկած զորավարժությունը սկսվել է տագնապի ազդանշանով, որից հետո 30-կիլոմետրանոց արշավով ստորաբաժանումները հասել են պայմանական հակառակորդի կողմից քիմիական տոքսիկ նյութերով վարակված տեղանքը:

Զորավարժության հիմնական նպատակն է քիմիա-բիոլոգիական և ռադիացիոն պաշտպանության ստորաբաժանումների մասնագետներին սովորեցնել հայտնաբարել և ոչնչացնել ինֆեկցիոն հիվանդությունների տարածման հարուցիչները, ախտահանել խմելու ջրի աղբյուրները և ջրամբարները, ինչպես նաև քիմիական մշակման ենթարկել փորձադաշտին կից ճանապարհները, նշված է Ռուսաստանի զինված ուժերի Հարավային օկրուգի մամուլի ծառայության հաղորդագրությունում:

Զորավարժությունը շարունակվելու է մինչև հոկտեմբերի 2-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG