Մատչելիության հղումներ

Անկարան չի բացառում թուրքական բանակի մուտքը Սիրիա և Իրաք


Անկարան չի բացառում թուրքական բանակի մուտքը Սիրիա և Իրաք
please wait

No media source currently available

0:00 0:02:06 0:00

Թուրքական կառավարությունը դիմել է խորհրդարան` երկրի Զինված ուժերի ստորաբաժանումներին Սիրիայի և Իրաքի տարածքում իրականացվող գործողություններին մասնակցելու պաշտոնական թույլտվություն տրամադրելու խնդրանքով:

Որոշման նախագիծը Թուրքիայի Ազգային Մեծ ժողովի քարտուղարությունը ստացավ երեկ երեկոյան` Ահմեդ Դավութօղլուի կառավարության` մի քանի ժամ տևած նիստի ավարտին: Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված միակ հարցը «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման գործողություններն էին Թուրքիային սահմանակից շրջաններում:

«Կառավարությունը որոշեց պաշտոնապես դիմել երկրի խորհրդարանին` խնդրելով թույլատրել Զինված ուժերի ստորաբաժանումների հնարավոր գործողությունները սահմանից այն կողմ, ինչպես նաև նույն նպատակով` այլ պետությունների զինծառայողների տեղակայումը Թուրքիայի տարածքում գտնվող ռազմաբազաներում», - կառավարության նիստի ավարտին հայտարարեց Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Առինջը:

Հիմնական պատճառը, որ ստիպեց թուրքական կառավարությանը նման որոշում կայացնել, իսլամիստների լայնածավալ հարձակումն է Սիրիայի հյուսիսային քրդաբնակ շրջանների ուղղությամբ, ինչի արդյուքնում վերջին երկու շաբաթներին ավելի քան 160 հազար սիրիացի քրդեր են հատել սահմանը` ապաստան խնդրելով Թուրքիայի տարածքում: Այդպիսով Թուրքիայում ապաստանած սիրիացի փախստականների թվաքանակը հատեց մեկուկես միլիոնի սահմանը:

Փախստակաների խնդրից բացի, թուրքական իշխանությունները մտահոգված են ռազմական գործողությունների տեղափոխմամբ դեպի սեփական սահմանը:

Հիմնական մարտերն այժմ ծավալվել են Թուրքիայի սահմանից մի քանի տասնյակ մետր այն կողմ գտնվող քրդաբնակ Քոբանե քաղաքի շրջակայքում: Այստեղ արդեն մի քանի օր է, ինչ «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման ջոկատները շրջափակման մեջ են պահում մի քանի հարյուր քուրդ մարտիկների: Ստեղծված իրավիճակում թուրքական բանակը նույնիսկ ստիպված էր սահմանագծի որոշ հատվածներում տանկեր տեղակայել:

«Առկա ռիսկերն ու սպառնալիքները Թուրքիայի հարավային ցամաքային սահմանագծի երկայնքով վերջին օրերին զգալիորեն աճել են: Տարածաշրջանում ծավալված վերջին զարգացումները լուրջ սպառանալիք են հանդիսանում Թուրքիայի ազգային անվտանգության համար», - լրագրողների համար կառավարության որոշման մի հատվածն ընթերցեց Առինջը:

Չի բացառվում, որ հենց Քոբանեում ծավալված մարտերը դառնան այն գլխավոր պատճառը, որը կստիպի թուրքական բանակին հատել Սիրիայի հետ սահմանը: Մինչև օրս քրդերը Թուրքիային մեղադրում են ոչ միայն սահմանային մարտերի հանդեպ ցուցաբերվող անտարբերության, այլև քրդերի` իսլամիստների դեմ ծավալած պայքարին խոչընդոտելու մեջ:

«Թուրքիան չի թույլատրում, ոպեսզի իր տարածքում գտնվող քուրդ մարտիկները հատեն սահմանը և միանան Քոբանեի պաշտպաններին», - Reuters-ի հետ զրույցում ասել է սիրիացի քրդերի քաղաքական առաջնորդ Սալեհ Մուսլիմը:

«Թուրքիան և եվրոպացիները չեն ցանկանում, որպեսզի քրդերն ի վիճակի լինեն արդյունավետ ինքնապաշտպանություն ծավալել: Քոբանեում քրդերը պաշտպանվում են ձեռքի տակ եղած զենքերով, առանց կողմնակի աջակցության: Բայց եթե «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները գրավեն քաղաքը, մենք մեծ կոտորածի ականատեսը կդառնանք, - զգուշացրել է Մուսլիմը:

Թուրքիայի խորհրդարանը կառավարության առաջարկը կքննարկի արդեն հինգշաբթի օրը:Թուրքական լրատվամիջոցների գնահատմամբ քիչ հավանակն է,որ այն մերժվի հաշվի առնելով այն հանգամանքը,որ նախաձեռնության հեղինակը իշխող «Արդարություն և Զարգացում» կուսակցությունն է,որ ճնշող մեծամասնություն ունի երկրի խորհրդարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG