Մատչելիության հղումներ

Դժգոհություն հարուցած, բայց այսօրվանից գործող օրենքը շարունակում է քննարկվել


Փոքր ու միջին ձեռնարկատերերի բողոքի ցույցը Ազգային ժողովի շենքի մոտ: 29-ը սեպտեմբերի, 2014թ.
Փոքր ու միջին ձեռնարկատերերի բողոքի ցույցը Ազգային ժողովի շենքի մոտ: 29-ը սեպտեմբերի, 2014թ.

Այսօրվանից ուժի մեջ մտած «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխված տարբերակը Ազգային ժողովում այսօր քննարկվել է` խորհրդարանի խոսնակի, խորհրդարանական բոլոր ուժերի և Կառավարության ներկայացուցիչների (Ֆինանսների նախարարի ու իր տեղակալների) մասնակցությամբ:

Քննարկման ավարտին ՀՀԿ-ի խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը փոխանցեց հետևյալը. - «Բոլոր այն հուզող հարցերը, որոնք որ բարձրացրել են ընդդիմադիրները, Կառավարությունը փարատեց: Ես իրավունք չունեմ Կառավարությանը չհավատալու: Օրենքը կաշխատի, երկու ամիս հետո կանդրադառնանք դրան»:

Օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցին Բաղդասարյանն արձագանքեց. - «Օրենքի ի՞նչ փոփոխության մասին է խոսքը… Անհանգստություն կար, որ սանկցիաներ, ստուգումներ պետք է անցկացվեր այս ընթացքում, կարծես թե եկանք ընդհանուր հայտարարի, որ Կառավարությունը առավոտյան ժամը 10-ին այդ պատասխանը կտա»:

«Կառավարությունը պնդում է իր տեսակետը, մեր առաջարկներից առայժմ որևէ բան չի ընդունվել», - փոխանցեց քննարկմանը մասնակցած Միքայել Մելքումյանը (ԲՀԿ)` շարունակելով. - «Մեկ բան, որ ես ուզում եմ ազնվորեն ասել, դա հետևյալն է. քննարկվել է նաև այն ռեժիմը, որ մինչև հունվարի 1-ը կարողանանք ունենալ գրավոր փաստաթուղթ (դա կարող է լինել վարչապետի որոշում կամ Կառավարության որոշում), որպեսզի հարկային մարմինների աշխատակիցները չմտնեն փոքր, միջին ձեռնարկություններ որևէ կարգի ստուգմամբ` բացառությամբ ամենառիսկայինների… Այս պահին ծանր բանակցություններ են գնում: Մենք պայմանավորվել ենք վաղը 10-ին նորից հանդիպենք և շարունակենք բանակցությունները»:

«Շրջանառության հարկի մասին» օրենքի նորացված տարբերակը հարուցել է հազարավոր փոքր ու միջին ձեռներեցների բուռ դժգոհությունը:

XS
SM
MD
LG