Մատչելիության հղումներ

Թուրք դասախոսը Ղուրանը թարգմանել է հայերեն


Աֆղանստանցին Ղուրան է կարդում, արխիվ
Աֆղանստանցին Ղուրան է կարդում, արխիվ

Ըստ թարգմանչի՝ նախաձեռնության նպատակն է աշխարհով մեկ ապրող հայերին ներկայացնել Ղուրանի հանդուրժողականությունը:

Թուրքիայում հայերենով հրատարակվում է մահմեդականների սուրբ գիրքը՝ Ղուրանը։ Թարգմանությունը կատարել է Անկարայի համալսարանի հայոց լեզվի և մշակույթի ամբիոնի դասախոս Յավուզ Այդինը։ «Ակոս» թերթի խմբագիրներից Բագրատ Էստուկյանը խմբագրել է Ղուրանի հայերեն թարգմանությունը։

Յավուզ Այդինն ասել է, որ այս նախաձեռնության նպատակն է աշխարհով մեկ ապրող հայերին ներկայացնել Ղուրանի հանդուրժողականությունը և համամարդկային նշանակությունը։ Նա նաև ասել է, թե մահմեդականություն ընդունողներին գիրքը նաև կօգնի, որ նրանք կրոնական գիտելիքներ ստանան մայրենի լեզվով:

Բագրատ Էստուկյանը, մինչդեռ, «Ազատության» հետ զրույցում ասաց, թե իրականում ինքը չի տեսնում Ղուրանը հայերենով հրատարակելու անհրաժեշտությունը։ Նրա խոսքով՝ Ղուրանը թարգմանվել է պարզապես նաև հայերենով լինելու համար։

«Որովհետև այսօր [հայերեն] Ղուրանը քարոզելու առիթ չի կարող լինել հայերեն ընթերցողի համար։ Կան իսլամացված հայեր մեր երկրում, ովքեր կրոնափոխ են եղել` պայմաններից ելնելով, գուցե հարյուր տարի առաջ՝ ցեղասպանության տարիներին, բայց սա իրենց համար նշանակություն չունի, որովհետև այդ մարդիկ գրաճանաչ չեն, հայերեն իմացող չեն։ Իսկ հայերեն իմացողների համար, չգիտեմ, սա որքանո՞վ է հետաքրքիր՝ երևի որքան որ հետաքրքիր է Աստվածաշնչի թուրքերեն թարգմանությունը, որովհետև մեր երկրում շատ հաճախ տեսնված բան է», - ասաց Էստուկյանը։

Ղուրանը թուրքերենից է թարգմանվել հայերեն, ընդ որում՝ թե՛ արևելահայերեն, թե՛ արևմտահայերեն, և բնագրի հետ միասին է լույս տեսնելու՝ կազմելով տասը հատոր։

Հրատարակչությունը գտնվում է Անկարայում, Էստուկյանն ասաց, որ իրենք զուտ խմբագրական աշխատանք են կատարել՝ ստուգելով թարգմանության ճշգրտությունը։ Նրա խոսքով՝ մանր-մունր սխալները ուղղել են՝ գիրքն արդեն պատրաստ է հրատարակման։

Անդրադառնալով Անկարայի համալսարանի հայկական մշակույթի և հայոց լեզվի ամբիոնին, որի հետ կապ ունի այս նախաձեռնության հեղինակ Յավուզ Այդինը, Բագրատ Էստուկյանն ասաց, որ Այդինը թոշակի անցած զինվորական է, իսկ Անկարայի համալսարանի այդ բաժինը հիմնվել է ավելի քան մեկ տասնամյակ առաջ, բայց, իր կարծիքով, ոչ թե գիտական, ակադեմիական աշխատանքների համար, այլ պետական գործիչներին ծառայելու նպատակով։

«Այս պետական զինվորական, ոստիկանական գործիչներին ծառայելու նկրտումներով ստեղծվեց այդ ամբիոնը։ Օրինակ՝ հայերեն իմացող զինվորական կցորդներ, կամ, միգուցե, նույնպես նաև այդ տեսակ մարդիկ պատրաստելու համար հիմնված դպրոց եղավ այդ բաժինը։ Ամբիոնի ուսուցիչները պատրաստվեցին, որքան որ գիտեմ, Սանկտ Պետերբուրգում՝ Ռուսաստանում», - ասաց Էստուկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG