Մատչելիության հղումներ

Hurriyet. «Թուրքիան պատրաստվում է անվտանգության գոտիներ ստեղծել Սիրիայում»


Թուրքական բանակի տանկերը թուրք - սիրիական սահմանագոտում, 29-ը սեպտեմբերի, 2014թ․
Թուրքական բանակի տանկերը թուրք - սիրիական սահմանագոտում, 29-ը սեպտեմբերի, 2014թ․

Անկարան, սակայն, «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի մեջ է մտնում սեփական օրակարգով:

Ակնկալվում է, որ առաջիկա ժամերին Թուրքիայի խորհրդարանը հավանության կարժանացնի Ահմեթ Դավութօղլուի կառավարության ներկայացրած որոշման նախագիծը, որով երկրի զինված ուժերին հնարավորություն կտրվի գործողություններ իրականացնել հարևան պետությունների` Սիրիայի և Իրաքի տարածքում:

Անկարան, սակայն, «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարի մեջ է մտնում սեփական օրակարգով:

Դա պարզ դարձավ երեկ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, հանդես գալով Ազգային մեծ ժողովի աշնանային նստաշրջանի բացմանը, հայտարարեց․ - «Թուրքիայի տարածքում գտնվող մեկևկես միլիոն սիրիացի փախստականների վերադարձը հայրենիք Անկարայի առաջնահերթություններից է: Բաշար Ասադի հեռացումն իշխանությունից, ինչպես նաև Սիրիայի տարածքային ամբողջականության ապահովումը ևս շարունակում են մնալ Թուրքիայի առաջնահերթությունների թվում»:

Թուրքիայի նախագահի ելույթին զուգահեռ՝ մամուլում տեղեկություններ հայտնվեցին, որոնց համաձայն՝ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբը արդեն իսկ մշակել է այն մարտավարությունը, որ կկիրառվի Սիրիայի տարածքում ցամաքային գործողությունների ժամանակ:

Hurriyet-ի տեղեկություններով՝ թուրքական բանակը Սիրիայում պատրաստվում է այսպես կոչված անվտանգության գոտիներ ստեղծել: Դրանք կձևավորվեն չափավոր ընդդիմադիր համարվող «Սիրիական ազատ բանակ» և «Իսլամական ճակատ» խմբավորումների կողմից վերահսկվող տարածքներում: Այս խմբավորումները, ի դեպ, հատկապես ակտիվ են Հալեպի մերձակայքում:

Փոխարենը, ըստ Hurriyet-ի, թուրքական բանակը չի պատրաստվում մուտք գործել ոչ «Սիրիայի և Իրաքի իսլամական պետության» կողմից վերահսկվող շրջաններ, ոչ էլ Թուրքիային սահմանակից այն գավառները, որոնք վերահսկվում են քրդական ուժերի կողմից:

«Մենք արդյունավետորեն կպայքարենք թե՛ «Իրաքի և Սիրիայի իսլամական պետության» և թե՛ մյուս ահաբեկչական խմբավորումների դեմ: Դրա հետ մեկտեղ, Թուրքիան դեմ է ժամանակավոր լուծումներին, և մենք թույլ չենք տա, որպեսզի որևէ այլ պետություն փորձի շահագործել մեր կարողությունները», - հայտարարեց Էրդողանը:

Ստեղծված իրավիճակում արևմտյան փորձագետները զգուշացնում են` Թուրքիան կարող է ստիպված լինել չսահմանափակվել ցամաքային գործողություններով:

«Հնարավոր չէ պաշտպանել ցամաքային տարածքն առանց օդում գերակայություն հաստատելու», - նշել է Մերձավոր Արևելքի խնդիրներով զբաղվող ամերիկացի փորձագետ Մայքլ Վայսը Anadolu գործակալության հետ զրույցում:

Ամերիկացի մասնագետի խոսքով, Թուրքիայի կողմից իրականացվող ցամաքային գործողություններին զուգահեռ՝ «Իրաքի և Սիրիայի իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարող կոալիցիան կարող է Սիրիայի հյուսիսում հատուկ թռիչքազերծ գոտի ստեղծել:

«Դա հնարավորություն կտա ապահովել թուրքական բանակի առաջխաղացումը` չվախենալով Ասադին հավատարիմ Սիրիայի կառավարական բանակի օդային հարվածներից», - նշել է Վայսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG