Մատչելիության հղումներ

Ծանուցագրեր բողոքի ակցիաների տասնյակ մասնակիցների


Ակտիվիստներին ամիսներ անց ծանուցագրեր են ուղարկում
please wait

No media source currently available

0:00 0:04:12 0:00

Ոստիկանությունը ցուցարարների մասին հիշել է ակցիաներից ամիսներ անց:

Բողոքի տարբեր ակցիաների տասնյակ մասնակիցներ վերջին օրերին ծանուցագրեր են ստանում Վարչական դատարանից և զարմանքով տեղեկանում, որ իրենց նկատմամբ գործեր են հարուցվել՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու համար: Ընդ որում, ցուցարարների վկայությամբ, ոստիկանությունն իրենց մասին հիշել է ակցիաներից ամիսներ անց:

Լևոն Զաքարյանը ծանուցագրերից մեկի հասցեատերն է, մոտ մեկ տարի է արդեն՝ մասնակցում է բողոքի տարաբնույթ ակցիաներին, այժմ դատարան է կանչվել ավելի քան երեք ամիս առաջ՝ հունիսի 23-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ կազմակերպված ցույցի պատճառով, որի ընթացքում բախումներ տեղի ունեցան ոստիկանների և ակտիվիստների միջև, 27 մարդ բերման ենթարկվեց:

«Նախ ասեմ, որ մեզ տարել են Կենտրոնի բաժին, էնտեղ մեր վրա վարչական տուգանք են գրել, որի համար կոնկրետ մենք՝ ես ու, ինչքանով տեղյակ եմ, բոլոր էն մարդիկ, ովքեր տարվել են ու ում վրա վարչական տուգանք է գրվել, մենք հակընդդեմ հայցով կամ գոնե առարկությունով հանդես ենք գալու դատարանում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Զաքարյանը:

Նա վստահեցնում է, որ ոստիկանների նկատմամբ բռնություն չի գործադրել, բացառելով նաև ոստիկանության աշխատակիցների այն պնդումները, թե ակտիվիստները բերման են ենթարկվել ոստիկանության պահանջը չկատարելու պատճառով:

«Ես ինձ մեղավոր չեմ ճանաչում: Էստեղ կոնկրետ հարցը բարձրացված է, որքան հասկացել եմ ես, որ մենք փողոցն ենք փակել և չենք ենթարկվել ոստիկանի պահանջին: Ես պիտի ասեմ, որ ոստիկանության կողմից ոչ մի նման պահանջ չի եղել, վիդեոներում հստակ երևում է՝ ուղղակի ամեն մեկին, նույնիսկ մարդիկ կային, որ ուղղակի մայթից քաշում տանում նստեցնում են մեքենան, տանում են ոստիկանություն», - նշեց Զաքարյանը:

Ակտիվիստն այս ամենի տակ միտում է տեսնում և վստահ է, որ ոստիկանությունն այդ օրը ուժ կիրառելու և մարդկանց բերման ենթարկելու հրահանգ էր ստացել․ - «Հավանաբար մեսիջ է, նման մեսիջ էր, որ երևի թե «ձեր էս քայլերով ոչնչի չեք հասնի, ավելի լավ է՝ ձեզ խելոք պահեք»: Ես ինքս և վստահ եմ՝ իմ ընկերներից շատերը, քանի կան անարդարություններ՝ դրա դեմ շարունակելու ենք պայքարել»:

Դատարանում ակտիվիստների շահերը պաշտպանող Տիգրան Եգորյանը պնդում է, որ ոստիկանությունը նոր չէ այսպիսի մեթոդներ կիրառում ակտիվիստներին լռեցնելու համար՝ խախտելով մարդու սահմանադրական իրավունքը:

«Որպես վրեժխնդրության մի ակցիա՝ ոստիկանությունը հետևողականորեն փորձել է բոլոր հնարավոր գործերով, դեպքերով հարուցել հայցեր Վարչական դատարան՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու մեղադրանքով և պահանջելով 50 հազար դրամի (մոտ 125 դոլար) տուգանքի ենթարկել վերջիններիս», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը:

«Այս գործերով ոչ միայն ես, այլ իրավաբանների խումբ կա, փորձում ենք հասնել նրանց խախտված իրավունքների վերականգնման կամ, այդ իրավունքների խախտման վերականգնման անհնարինության դեպքում, փոխհատուցման», - փոխանցեց Եգորյանը:

Նա ընդգծեց, որ «ինքնին ոստիկանի պահանջը չի կարող դիտարկվել օրինական, և այդ օրինականության հարցը ենթակա է հաստատման դատական քննության ընթացքում, և անձը չի կարող ուղղակի մեղադրվել ոստիկանի պահանջը չկատարելու մեջ»: «Ավելին՝ ամենակարևոր քննության առարկան հետևյալն է․ եթե տեղի է ունենում խաղաղ հավաք, ապա առաջին հերթին ոստիկանության պարտականությունն է ապահովել այդ խաղաղ հավաքի իրականացումը և ընթացքը, ոչ թե ինչ-որ մտացածին պահանջների հիմքով ցրել այդ հավաքը», - շեշտեց Եգորյանը:

Քաղաքացիական տարբեր նախաձեռնությունների ցույցերի մասնակից Լևոն Զաքարյանը պնդում է, որ ինքը խաղաղ ցույցի մասնակից է եղել, իսկ քաշքշոցն ու հրմշտոցները հունիսի 23-ին Սարյան փողոցի վրա հրահրել են ոստիկաները: Այդ պատճառով, նրա համոզմամբ, ոչ թե ցույցի մասնակիցները, այլ ոստիկանները պետք է պատասխան տան այդ օրվա միջադեպի համար:

«Եթե կա նման տարբերակ, որ Եվրադատարան էլ դիմեմ՝ դիմելու եմ», - վստահեցրեց ակտիվիստը:

«Ոստիկանությունն ընդդեմ 27 ակտիվիստների» գործով նիստերը Վարչական դատարանում կմեկնարկեն հոկտեմբերի 8-ից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG