Մատչելիության հղումներ

Վաղը Մինսկում կկայանան ԱՊՀ և ԵՏՄ գագաթնաժողովները


Ղազախստան - Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստը, Աստանա, 29-ը մայիսի, 2014թ.
Ղազախստան - Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստը, Աստանա, 29-ը մայիսի, 2014թ.

Վաղը Բելառուսի մայրաքաղաքում կկայանան ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովները։ Գոնե հայաստանցիների համար հիմնական ինտրիգն է՝ արդյոք կմիանա՞ Հայաստանը Եվրասիական միությանը, արդյոք այս միության անդամ Բելառուսն ու Ղազախստանը կընդունե՞ն Հայաստանին, թե՞ անդամակցության գործընթացը նորից կձգձգվի։

Հիշեցնենք՝ այս տարվա մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված նիստի ժամանակ Եվրասիական միության հիմնադիր անդամ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, վկայակոչելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ իրեն ուղղված նամակը, պահանջեց, որ Հայաստանը համաձայնի միանալ Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այսինքն՝ առանց Լեռնային Ղարաբաղի:

Եթե Աստանայում Նազարբաևը Ալիևից նախօրեին ստացած նամակին էր հղում անում, ապա այս գագաթնաժողովի նախօրեին, հիշեցնենք, Բելառուսի մայրաքաղաք էր ժամանել Ադրբեջանի արտգործնախարարը։

Փորձագետները մեծամասամբ հոռետես են և ասում են, որ դժվար թե ստորագրվի Հայաստանի անդամակցության մասին փաստաթուղթ։

Հայաստանի արտգործնախարարությունը, այնուհանդերձ, անցած ամսվա վերջին հրապարակել էր Եվրասիական միությանը երկրի անդամակցության մասին պայմանագրի նախագիծը, այսինքն՝ պայմանագրի տեքստը գոնե համաձայնեցված է։

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Մինսկ կմեկնի այսօր, ինչպես պաշտոնական հաղորդագրությունում է ասված, մասնակցելու ԱՊՀ-ի մասնակից պետությունների ղեկավարների և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերին։

Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բելառուսի մայրաքաղաք կմեկնի վաղը։ Հաղորդագրությունում, ընդ որում, որևէ ձևով նշված չէ՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին նախատեսվա՞ծ է Հայաստանի անդամակցության մասին որևէ փաստաթղթի ստորագրում։

Չնայած Ռուսաստանի իշխանությունները պարբերաբար հայտարարում են, որ Եվրասիական միությունը գնալով ընդլայնվելու է, այսօր հետխորհրդային տարածքում միայն երկու հանրապետություն է Եվրասիական միությանը միանալու հայտ ներկայացրել՝ Հայաստանը և Ղրղըզստանը։

Ռուսական և բելառուսական աղբյուրները գրում են, որ Ղրղըզստանը անդամակցության մասին պայմանագիր չի ստորագրելու վաղը, իսկ Հայաստանի ճակատագիրն էլ Մինսկում որոշելու են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը։

Եվրասիական տնտեսական միությունը սկսելու է գործել արդեն 2015 թվականի հունվարից։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG