Մատչելիության հղումներ

ԵԽ հանձնակատարը հիասթափված է մարտի 1-ի գործի քննությունից


ԵԽ հանձնակատարը հիասթափված է մարտի 1-ի գործի քննությունից
please wait

No media source currently available

0:00 0:04:35 0:00

Հանձնակատարը քննարկել է նաև Շահեն Հարությունյանին դատապարտելու հարցը

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսն այսօր ասուլիսի ժամանակ «Ազատության» հարցին ի պատասխան ասաց, որ հիասթափված է մարտի 1-ի 10 սպանությունների հետաքննության արդյունքներից։

«Ես այս հարցը բարձրացրել եմ թե Հատուկ քննչական ծառայության պետի, թե գլխավոր դատախազի հետ ունեցած հանդիպումների ժամանակ։ Երկուսն էլ վստահեցրել են, նախաքննությունը ընթացքի մեջ է»,- ասաց Մուժնիեկսը։

Իսկ ինչո՞ւ հանձնակատարն անցած 5 օրերին ժամանակ չգտավ մարտի 1-ին սպանվածների հարազատներին հանդիպելու համար: Մարտի 1-ի դեպքերից հետո 40 օր անց մահացած Սամվել Հարությունյանի հայրը՝ Էդիկ Հարությունյանն «Ազատության» միջոցով իր խոսքը հասցեագրեց Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարին.- «Դուք գալիս, գովաբանում եք իշխանություններին, ամեն ինչը մոռանում եք։ Ես դրա համար էլ ասում եմ՝ դուք ընդհանրապես ամո՞թ ունեք, թե՞ ոչ»։

Հանձնակատարը պատասխանեց մարտի 1-ի զոհերի հարազատներին չհանդիպելու պատճառների վերաբերյալ հարցին.- «Ես տեղյակ չեմ եղել, որ զոհերի հարազատները ցանկացել են ինձ հետ հանդիպել, եթե տեղյակ լինեի, ժամանակ կգտնեի, կհանդիպեի»։

Շահեն Հարությունյանին դատապարտելն՝ անթույլատրելի

Ի՞նչ հետևանք է ունեցել կիրակի օրը Շանթ Հարությունյանի և ընկերների հարազատների անսպասելի հանդիպումը հանձնակատարի հետ: Նիլս Մուժնիեկսն «Ազատության» խնդրանքով ամփոփեց Շանթ Հարությունյանի որդուն՝ 15-ամյա Շահեն Հարությունյանին 5 տարվա ազատազրկման դատապարտելու վերաբերյալ դատախազական պահանջի քննարկումների արդյունքը։

«Երեխաների հանդեպ վերաբերմունքը չպետք է լինի նույնը, ինչ որ մեծահասակների հանդեպ։ 15 տարեկան երեխայի համար 5 տարվա ազատազրկումը նման է ցմահ բանտարկության։ Ես այս հարցը ներկայացրեցի գլխավոր դատախազին, և նա ասաց, որ գործող օրենսդրությունը հնարավորություն չի տալիս դատավորից ուրիշ տեսակ պատժամիջոց պահանջելը»։

Կիրակի օրը Շանթ Հարությունյանի և ընկերների հարազատները հանձնակատարին էին հանձնել նամակ: Ըստ նամակի, Հայաստանում կա 17 քաղբանտարկյալ։ Բացի Շանթի գործով մեղադրվողներից, ցուցակում կան նաև նոյեմբերի 5-ի դատավարությանն ընդառաջ ոչ մարտական ատրճանակով բողոքի ակցիա իրականացրած և հիմա ծանր մեղադրանքով կալանավորված Հայկ Կյուրեղյանի, բողոքի ցույցերից հետո խարդախության մեղադրանքով դատապարտված ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանի անունները: Հանձնակատարը խուսափեց «քաղաքական բանտարկյալ» բնորոշումից։

«Սա այն տերմինաբանությունը չէ, որ ես օգտագործում եմ։ Սա ԵԽԽՎ-ի տերմինաբանությունն է։ Առաջիկա հաշվետվության ժամանակ մենք այդ նամակին կանդրադառնանք, և, իհարկե, նամակը կիսելու ենք ԵԽԽՎ-ի այն գործընկերների հետ, ովքեր հետաքրքրված կլինեն դրանով»,- ասաց նա։

Առաջիկա երկու ամսում հանձնակատարը պետք է զեկույց պատրաստի Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG