Մատչելիության հղումներ

Իշխանափոխության սցենարը՝ հաջորդ հանրահավաքում


Հայաստան -- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը զրուցում են եռյակի հանրահավաքի ժամանակ, Երևան, 10-ը հոկտեմբերի, 2014թ․
Հայաստան -- ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը զրուցում են եռյակի հանրահավաքի ժամանակ, Երևան, 10-ը հոկտեմբերի, 2014թ․

Ոչ իշխանական եռյակի բազմահազարանոց հանրահավաքում Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին խոսեցին միայն Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգության» առաջնորդները:

Ոչ իշխանական եռյակի բազմահազարանոց հանրահավաքում ամբողջական իշխանափոխության, Սերժ Սարգսյանի պաշտոնանկության մասին խոսեցին միայն Հայ ազգային կոնգրեսի և «Ժառանգության» առաջնորդներ Լևոն Տեր-Պետրոսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը: Նախօրեին նախագահ դառնալու հայտ ներկայացրած «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավար Գագիկ Ծառուկյանը միայն վստահեցրեց, որ լինելու են փոփոխություններ, ամբողջական ելույթով, սակայն, խոստացավ հանդես գալ հաջորդ հանրահավաքին:

«Այն բոլոր հարցերը, ինչին դուք սպասում եք, ես ասել եմ այդ բոլորը, և կարող եմ այսօր մի բան ասել, որ անպայման մեր երկիրը, մեր ժողովուրդը ունենալու է մեծ հաջողություն: Եվ այդ հաջողության սկիզբը դրվում է այսօր այստեղ, այս պահին: Հաջողությունը հենց այնպես չի տրվում, ինձ ճիշտ հասկացեք, հաջողությունը դա ճանապարհ է, պայքար է, դժվար ճանապարհ: Եվ այսօր ուզում եմ ձեզ հարցրնել՝ դուք պատրա՞ստ եք այդ պայքարին այսօր: Ուրեմն ես հայտարարում եմ, որ ես նույնպես պատրաստ եմ ձեզ հետ, ձեր կողքին լինելու», - իր ելույթում ասաց ԲՀԿ առաջնորդը:

Մինչդեռ առաջին նախագահ, «Հայ ազգային կոնգրես»-ի ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանը հստակ ընդգծեց, որ պետք է անհապաղ անցկացնել արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:

«Սարգսյանական ռեժիմը լիովին սպառված է, ընդ որում թե՛ հայ ժողովրդի, թե՛ նաև արտաքին աշխարհի աչքում։ Նրա կառավարման յուրաքանչյուր օր կորուստ է երկրի և ժողովրդի համար, իսկ նրա գոյության երկարաձգումը՝ անխուսափելի աղետ, որից խուսափելու միակ միջոցը շուտափույթ և ամբողջական իշխանափոխությունն է, այսինքն՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումը», - նշեց ՀԱԿ առաջնորդը, - «Ինչ վերաբերում է իշխանափոխության իրականացման փաթեթային թե փուլային տարբերակներին կամ արտահերթ ընտրությունների անցկացման մեխանիզմներին, ապա այդ մասին խոսք կլինի հաջորդ հանրահավաքում։ Վարչախմբից այլևս սպասելիք չունենալով, այսուհետև մենք նրան պահանջներ կամ փոխզիջումային առաջարկներ, առավել ևս վեջնագրեր չենք ներկայացնելու։ Մեր ծրագրերն ու նպատակները հստակ են, ուստի երկխոսության և փոխզիջումային լուծումների առաջարկները պետք է բխեն իշխանություններից։ Եթե այդ առաջարկները ողջամիտ լինեն, ապա հնարավոր է, որ դրանց ընդառաջենք, իսկ եթե ոչ, ապա, գործող նախագահի օրինակով, դրանք կուղարկենք գրողի ծոցը»:​

Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ եռյակը այսուհետև դարձյալ «հրաշալի քառյակ» է, քանի որ խորհրդարանական երեք խմբակցությունների հետ է Ստեփան Դեմիրճյանի գլխավորած Հայաստանի ժողովրդական կուսակցությունը: Փոխարենը առաջին նախագահը հստակեցրեց, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և «Օրինաց երկիր» կուսակցությունը իրենց շարժման հետ որևէ առնչություն չունեն․ - «Եթե նրանք ուզում են մեզանից անկախ կամ մեզ զուգահեռ պայքարել սարգսյանական ռեժիմի դեմ, թող պայքարեն, ոչ ոք նրանց չի խանգարում, ավելին՝ դրա համար նույնիսկ շնորհակալ կլինենք նրանց»:

Որևէ հստակ պահանջ չդնելով իշխանությունների առջև՝ առաջին նախագահը միաժամանակ սուր քննադատություն հնչեցրեց իշխող Հանրապետականի հասցեին:

«Որպես պատմաբան հավաստում եմ և կարող եմ փաստերով ապացուցել, որ նույնիսկ օտարների տիրապետության օրոք Հայաստանն այնպիսի համատարած թալանի չի ենթարկվել, քան հիմա։ Ավելին, պատմության հեգնանքով, այդ անհագուրդ թալանն իրականացվում է հայ ժողովրդի ամենաժուժկալ և անարծաթասեր նվիրյալներից մեկի՝ Գարեգին Նժդեհի հետևորդները համարվող Հանրապետական կուսակցության գիշատիչների կողմից», - ասաց Տեր-Պետրոսյանը, - «Իշխանափոխության անհրաժեշտության կարևորագույն հիմնավորումներից վերջինն այն է, որ սարգսյանական վարչախումբն արդեն այնքան է փչացել, որ այլևս անընդունակ է բարեփոխվելու և երկրի ու ժողովրդի շահերից բխող որևէ դրական քայլ կատարելու։ Նման ունակության կամ թեկուզ մտադրության առկայության պարագայում՝ հանցագործությունների մեջ թաղված տխրահռչակ անձնավորություններից մեկը ԱՄՆ-ում դեսպան, իսկ մյուսը՝ Սյունիքում մարզպետ չէր նշանակվի։ Եթե ինչ-որ մարդիկ դեռ միամտաբար հույսեր էին կապում ներկա իշխանությունների վարքագծի շտկման հեռանկարի հետ, ապա այդ նշանակումներով նման հույսերը հօդս ցնդեցին»:

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը միակն էր, որ Ազատության հրապարակի ամբիոնից անդրադարձավ այսօր ստորագրված Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագրին․ - «Հինգ տարի առաջ այս օրը նա ստորագրել տվեց այն արձանագրությունները, որոնք հակապետական էին, հակասահմանադրական, և շարունակությունն էին 21 թվականի Մոսկվայի և Ղարսի պայմանագրերի: Հոկտեմբերի 10-ին՝ հինգ տարի առաջ: Անցյալ տարի պետական հանցագործությամբ նա գողացավ ոչ թե իմ քվեն, այլ ժողովրդի ձայնը, արհամարհելով ժողովրդի կամքը հերթական անգամ: Այսօր, առանց որևէ լեգիտիմության կան իրավակարգության, առոչինչ իր ստորագրությունը դրեց մի փաստաթղթի վրա, որը վաճառում է Հայաստանի անկախությունը և ինքնիշխանությունը: Իր ցանկացած քայլ՝ արտաքին, թե ներքին, առոչինչ է, և ժողովուրդը չի ընդունում»:

Այս հարցում Րաֆֆի Հովհաննիսյանը ակնհայտ հակասության մեջ մտավ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ․ առաջին նախագահը նույն հարթակից զավեշտ որակեց Եվրասիական միության դեմ ընդվզումները:

«Կենտրոնանալով բացառապես սեփական ուժերով մեր երկրի ներքին հարցերը լուծելու վրա, շարժումն իր առջև աշխարհաքաղաքական կողմնորոշումների խնդիր չի դնում և առաջիկա զանգվածային միջոցառումների ընթացքում ամենևին չի պատրաստվում անդրադառնալ այդ թեմային։ Իրականում Հայաստանի քաղաքական օրակարգում այդպիսի խնդիր գոյություն էլ չունի, որովհետև, ինչպես նշել եմ իմ ելույթներից մեկում, Հայաստանի անդամակցումը Եվրասիական միությանը այլևս անշրջելի իրողություն է։ Իսկ այդ առթիվ երկու-երեք տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի, քանի որ երկու-երեք տասնյակ հոգի, մարդկանց մտքերը պղտորելուց բացի, ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական օրակարգ թելադրել», - հայտարարեց Տեր-Պետրոսյանը:

Ի դեպ, Րաֆֆի Հովհաննիսյանը իշխանափոխության մասին խոսելիս ստիպված եղավ «Հիմա, հիմա» վանկարկումների ներքո ընդհատել ելույթը: Արձագանքելով դրանց՝ «Ժառանգության» առաջնորդը ասաց, թե ցանկանում է հետագա քայլերի մասին մի քանի րոպե խորհրդակցել Լևոն-Տեր Պետրոսյանի և Գագիկ Ծառուկյանի հետ: Սակայն մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը կմոտենար գործընկերներին, հանրահավաքը վարող ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց հաջորդ ելույթի մասին: «Ժառանգություն» կուսակցության ղեկավարը այդպես էլ հնարավորություն չունեցավ շարունակել ելույթը և պատմել, թե ինչ քննարկեց Ծառուկյանի ու Տեր-Պետրոսյանի հետ:

Ոչ իշխանական ուժերը խոստանում են առաջիկա օրերին հրապարակել հաջորդ հանրահավաքի օրը:

Ստորև կարող եք դիտել «Ազատություն» TV-ի եռյակի հանրահավաքի ուղիղ հեռարձակման արխիվացված տարբերակը

XS
SM
MD
LG