Մատչելիության հղումներ

Անօդաչու սարքը Սերբիա-Ալբանիա խաղի տապալման պատճառ


Անօդաչու սարքը Սերբիա-Ալբանիա խաղի տապալման պատճառ
please wait

No media source currently available

0:00 0:02:55 0:00

Առաջին անգամ եվրոպական ֆուտբոլի պատմության մեջ անօդաչու թռչող սարքը դարձավ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող պաշտոնական հանդիպման խափանման պատճառը:

Չորեքշաբթի օրը Բելգրադում` «Պարտիզան» ֆուտբոլային ակումբի մարզադաշտում, Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլում հանդիպում էին Հայաստանի հավաքականի երկու մրցակիցները` Սերբիան և Ալբանիան: Խաղի 42-րդ րոպեին, երբ հաշիվը դեռ չէր բացվել, մարզադաշտի ուղիղ կենտրոնում հայտնվեց փոքր մի անօդաչու սարք, որին փակցված պաստառի վրա պատկերված էր այսպես կոչված Մեծ Ալբանիայի քարտեզը` անկախ ալբանական պետության հիմնադիր Իսմայիլ Քեմալիի և 1910 թվականի Կոսովոյի ալբանական ապստամբության առաջնորդ Իսա Բոլետինիի նկարների հարևանությամբ: Սերբ երկրպագուներին հատկապես դուր չեկավ այն իրողությունը, որ պատկերված քարտեզի վրա Կոսովոն, Չերնոգորիան, Մակեդոնիան և ողջ հյուսիսային Հունաստանը ընդգրկված էին ալբանական պետության կազմում:

Սերբիայի հավաքականի և գերմանական «Ֆրայբուրգ»-ի պաշտպան Ստեֆան Միտրովիչը մի քանի րոպե տևած համառ ջանքերից հետո` տրիբունաների ծափերի և բացականչությունների ներքո ի վերջո կարողացավ անօդաչու սարքից պոկել ծածանվող պաստառը, ինչն էլ իր հերթին հարուցեց Ալբանիայի հավաքականի խաղացողների դժգոհությունը:

Երկու թիմերի ֆուտբոլիստների միջև ծագած ծեծկռտուքին արագորեն միջամտեցին նաև Սերբիայի հավաքականի երկրպագուները: Բրիտանական Daily Mail-ի տեղեկություններով մարզադաշտի ղեկավարությունը կրքերը որոշեց հանդարտեցնել հայկական ծագում ունեցող ամերիկացի երգչուհի Շերի հայտնի “Believe” երգի հնչյուններով, ինչը սակայն ևս չօգնեց:

Ի վերջո Ալբանիայի հավաքականի ֆուտբոլիստները ստիպված եղան փախուստի դիմել` պատսպարվելով հանդերձարաններից մեկում: Մոտ կես ժամ տևած դադարից հետո անգլիացի մրցավար Մարկ Ատկինսոնը ստիպված էր չեղյալ հայտարարել հանդիպումը:

Սերբական ոստիկանությունը միանգամից սկսեց կատարվածի հետաքննությունը` պնդելով, որ ալբանական դրոշի ի հայտ գալը Բելգրադում սադրանք էր: Ավելին՝ այսօր առավոտյան Սերբիայի պետական հեռուստաընկերությունը՝ RTS-ը հաղորդեց, որ խաղից անմիջապես հետո ոստիկանները բերման են ենթարկել և հարցաքննել են «Պարտիզան» մարզադաշտի պատվավոր հյուրերի օթյակից խաղին հետևած ալբանացի երկրպագուներից մեկին` Օլսի Ռամային, որը, ի դեպ, Ալբանիայի գործող վարչապետ Էդի Ռամայի հարազատ եղբայրն է:

Ոստիկանները կասկածներ ունեին, որ հենց նա էր կազմակերպել սադրանքը` անձամբ կառավարելով անօդաչու սարքը: Սերբական հեռուստատեսության տեղեկություններով, սակայն, 40 րոպե տևած հարցաքննությունից հետո Ռամային ուղեկցել էին օդանավակայան, որտեղից էլ նա վերադարձել էր հայրենիք:

Իսկ Ալբանիայի մայրաքաղաքում ողջ գիշեր իսկական տոնախմբություն էր: Հազարավոր ալբանացիներ դրոշներով դուրս էին եկել Տիրանայի փողոցներ: Առաջին հայացքից նույնիսկ կարող էր տպավորություն ստեղծվել, որ Ալբանիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթել է սերբերին:

«Մեր հավաքականը այսօր վերջապես ցույց տվեց իր կուլտուրան և թիմային ոգին: Դա շատ լավ օրինակ էր ողջ ժողովրդի համար»,- նշում է ալբանացի երկրպագուներից մեկը:

UEFA-ի և FIFA-ի ղեկավարությունը, սակայն, ի տարբերություն ալբանացի երկրպագուների, տեղի ունեցածից բացարձակապես ոգևորված չէ:

«Ինձ շատ է տխրեցրել այն, ինչ տեղի ունեցավ Բելգրադի մարզադաշտում»,- ըստ բրիտանական Guardian-ի՝ հայտարարել է UEFA-ի ղեկավար Միշել Պլատինին:

FIFA-ի նախագահ Զեպ Բլաթերը շատ ավելի կտրուկ էր.- «Բելգրադում տեղի ունեցածն աններելի է: Քաղաքական ուղերձները երբեք չպետք է միախառնվեն սպորտի հետ»,-հայտարարել է Բլաթերը:

Առաջիկա օրերին UEFA-ի կարգապահական կոմիտեն կքննարկի տեղ ունեցածը: Ըստ ամենայնի, Սերբիայի հավաքականը իր հաջորդ հանդիպումներից մի քանիսը ստիպված կլինի խաղալ առանց հանդիսատեսների: Բրիտանական մամուլի տեղեկություններով՝ լուրջ պատժամիջոցներ կկիրառվեն նաև Ալբանիայի հավաքականի նկատմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG