Մատչելիության հղումներ

Ջհանգիրյան․ Մարտի 1-ի հանցագործությունների բացահայտման վրա «քաղաքական վետո է դրված»


Ջհանգիրյան․ Մարտի 1-ի հանցագործությունների բացահայտման վրա «քաղաքական վետո է դրված»
please wait

No media source currently available

0:00 0:04:26 0:00

Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը (ՀՀԿ) հայտարարեց, որ Հանրապետականը դեմ է բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերի հարազատներին օրենքով փոխհատուցում տրամադրելուն: Հիմնական պատճառաբանությունը ֆինանսների բացակայությունն է։

«Հստակ պետք է գիտակցենք և կարողանանք տեսնել, թե ինչ ծանրաբեռնվածություն կարող է բերել մեր բյուջեի վրա: Առավել ևս, որ 2015 թվականի բյուջեում նմանատիպ տող նախատեսված չէ», - փաստարկեց նա:

Հանձնաժողովում ՀԱԿ խմբակցության հեղինակած նախագիծը ներկայացնող Գագիկ Ջհանգիրյանը տեսնելով իշխող Հանրապետականի տրամադրվածությունը՝ մեկ տարով հետաձգեց նախաձեռնությունը։

Նա համոզված է, որ Հանրապետականը քաղաքական նկատառումներով է մերժում նախագիծը․ - «Այս նախագիծը, ուրեմն, քաղաքական ենթատեքստ ունի, որովհետև, հակառակ դեպքում, Մարտի 1-ի հանձնաժողովն էլ ստեղծված կլիներ, հակառակ դեպքում Գլխավոր դատախազին՝ նախորդ պատժած կլինեին, քրեական հետախուզության պետին, ծառայությունների պետերին վաղուց պատժած կլինեին, ՀՔԾ-ի պետին պատժած կլինեին, ոչ թե առոք-փառոք թոշակի կուղարկեին։ Քանի որ էդ հանցագործությունները չեն բացահայտվելու, ոչ թե չեն բացահայտվում, այլ չեն բացահայտվելու: Կամք չկա, ավելի ճիշտ, քաղաքական արգելք՝ վետո է դրած դրանց բացահայտման վրա: Ես գիտեմ, որ դուք դեմ եք քվերակելու»։

2008-ի մարտի 1-ից հետո վնաս կրած խանութների, այրված ավտոմեքենաների տերերը փոխհատուցում ստացան, զոհերի հարազատները՝ ոչ: Ջհանգիրյանն այս խտրական մոտեցումն ամենևին պատահական չի համարում․ - «Հատուկ՝ ընդամենը մայիսին փոխել են, վճարել են․․․ Երևան քաղաքում 2008 թվականի մարտի 1-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետևանքները վերացնելու նպատակով «Երևան» հիմնադրամին 73 միլիարդ չգիտեմ ինչքան միլիոն՝ 73 միլիոն գումար։ Ուրեմն, բոլորին վճարել են, այ ձեր խիղճը կտրվի, ամիսուկեսվա ընթացքում, երկու ամսվա ընթացքում գույքային կրած բոլոր վնասները, իսկ մարդու կյանքը մինչև հիմա ոչ մի քոռ կոպեկ չեք տալիս»։

ՀԱԿ պատգամավորի կոչին միացան Զարուհի Փոստանջյանը («Ժառանգության») և Արծվիկ Մինասյանը (Դաշնակցություն), Հանրապետականը, սակայն, անդրդվելի էր:

«Այս նախագիծը ոչ միայն վերաբերվելու է Մարտի 1-ի զոհերի փոխհատուցմանը, այլ նաև այն երեխաների, ովքեր որ զոհվել են մեր բանակում, և տարիներ շարունակ՝ 10 տարի, 12 տարի 15 տարի նույնիսկ, այդ մայրերը արդարադատություն են փնտրում և չեն ստանում», - ասաց Փոստանջյանը:

«Ինձ համար ընդունելի չէ գաղափարը լավ լինելով հանդերձ՝ այն մերժելը զուտ ֆինանսական պատճառով», - նշեց Արծվիկ Մինասյանը՝ փաստարկելով․ - «Որովհետև եթե մենք ֆինանսավորումն ենք պատճառաբանում կամ պատճառ բերում, ֆինանսավորման հնարավորությունները միշտ էլ կա»:

Ջհանգիրյանը հղում արեց «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիային (որին Հայաստանը միացել է 2001-ին, բայց չի վավերացրել այն), Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասին («տուժողին պատճառված վնասը հատուցվում է սահմանված կարգով»):

Նա անգամ պատրաստ էր խմբագրել ներկայացված նախագիծը և օրենքի կիրառությունը նախատեսել անկախությունից հետո բռնությամբ կատարված բոլոր հանցագործությունների համար․ - «Խնդրեմ, ուզում եք գնանք մեր թվարկությունից առաջ գանք․ Հայկը Բելին սպանեց, բերեք էդ Բելի հարազատներին թող գտնեն, դիմեն՝ փոխհատուցում տանք»:

Կառավարությունն ու Ազգային ժողովի իրավաբանական վարչությունը ՀԱԿ խմբակցության նախաձեռնությանը բացասական եզրակացություն են տվել՝ նախագծից ավելի ծավալուն հիմնավորումներով:

Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի երկարամյա դասախոս Գագիկ Ջհանգիրյանը վիրավորված էր ու հուսահատված․ - «Ես ինքս ինձ լայն պրոֆիլի իրավաբան չեմ համարում, և չկա այդպիսի իրավաբան: Սա Մխիթար Գոշի թիվը չի, որ հա՛մ մաթեմատիկ լինեն, հա՛մ առակագիր լինեն, հա՛մ էլ իրավագետ ու իրավաբան լինեն․․․ Լավ է, որ երիտասարդները ուզում են ինքնահաստատվել, իրենց տեսակետները պաշտպանել, բայց ես բռնությամբ կատարվող հանցագործությունների հատուկ կուրս եմ դասավանդել, իմ սիրելի գործընկերներ: Այդտեղ արդեն ես վիրավորվում եմ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG