Մատչելիության հղումներ

Բազմազավակ ընտանիքը գոյատևում է 36 հազար դրամ աղքատության նպաստով


Բազմազավակ ընտանիքը գոյատևում է 36 հազար դրամ աղքատության նպաստով
please wait

No media source currently available

0:00 0:03:31 0:00

45-ամյա Սվետլանա Գալստյանը վեց երեխաների մայր է, երեխաներից չորսն անչափահաս են: Միայնակ մայրն իր զավակների հետ ապրում է սոցիալական ծայրահեղ ծանր պայմաններում:

Վարդաշենի հանրակացարանի մի փոքր սենյակում բնակվող ընտանիքը գոյատևում է ամսական 36 հազար դրամ աղքատության նպաստով: Գալստյանի երկու տղաները մինչև կեսօր գիշերօթիկ դպրոց են հաճախում, որպեսզի այնտեղ գոնե ճաշեն:

«Երեխա ունենաս՝ չկարանա՞ս պահես, ուղարկե՞ս գիշերօթիկ՝ սրա-նրա հովանավորության տակ, թամաշ կանես, որ մեկը մի կտոր հաց, կամ մի հատ շոր տա, որ երեխեդ հագնի։ Չկա, աշխատատեղ չկա», - «Ազատության» հետ զրույցում սրտնեղեց բազմազավակ մայրը։

Կինը պատմում է, որ վերջին տարիներին իրենց վիճակն ավելի անելանելի է դարձել. ժամանակին՝ մի որոշ շրջան գիշերներն աշխատել է հացի արտադրամասում՝ 12-ժամյա աշխատանքի համար ստանալով ընդամենը 3 հազար դրամ, սակայն, այժմ թողել է այդ աշխատանքը, քանի որ մանկահասակ երեխան խնամքի կարիք ունի: Կինը պետությունից աշխատանք ու գնաճին համարժեք աշխատավարձ է խնդրում:

«Պետության աջակցելու պահն էն ա, որ ոչ մի բան չթանկացնի, աշխատավարձ բարձրացնի, նորմալ նպաստ հատկացնի, աշխատատեղեր բացի, ոչ թե գնանք սրա-նրա դուռը մաքրենք, սրա-նրա զիբիլը թափենք խղճահարությամբ՝ մեկը շոր տա, մեկը մի կտոր հաց տա», - ասաց Սարգսյանը։

Ընտանիքի օրվա հացն անգամ մեծ խնդիր է նրանց համար։ Երեխաներին կերակրելու համար կինը խանութներում պարտքեր է կուտակել: Նրանց հագուստը բացառապես հարևաններն են նվիրում՝ նոր շոր գնելու հնարավորություն չունեն:

«Պարտքով եմ անում, երեկ երեկոյան երկու հատ հաց ա բերել, հավատում ե՞ք, ժամը 12-ն է դեռ ես հաց չեմ կերել, իմ երեխուն հաց չեմ տվել։ Երեխես՝ հաշմանդամ երեխա, նրբերշիկ էր ուզում, ես գնացել էս ներքևից խնդրել բերել եմ», - ասաց վեց երեխաների մայրը։

Աղքատությունը հաղթահարելու ելքը տեսնում է տասնամյա Միքայելը, ով երազում է արագ մեծանալու և աշխատանք գնելու մասին:

«Երջանիկ լինենք, խախանդ ապրենք, ոչ մի բանի կարիք չունենանք։ Մեծանամ՝ գնալու եմ աշխատեմ ու ընտանիքս պահեմ», - ասաց Միքայելը։

Երեխաներից 14-ամյա Կարենը հաշմանդամություն ունի, սակայն նրա բուժման համար ընտանիքն անհրաժեշտ միջոցներ չունի: Մայրը գանգատվում է՝ չնայած հայտարարվում է, թե հաշմանդամների համար բուժումն անվճար է, բժշկի յուրաքանչյուր այցի, յուրաքանչյուր դեղի համար ստիպված պետք է վճարեն:

Երեխան գիշերօթիկը նախընտրում է տանից. - «Տնից լավ ա, այնտեղ ինձ ամեն ինչով ապահովում են, ճաշ էլ են տալիս»։

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով, 2012 թվականին երկրում աղքատության ցուցանիշը կազմել է 32 տոկոս, 2013 թվականի տվյալները դեռևս ամփոփված չեն: Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Արայիկ Պետրոսյանը վերջերս լրագրողների հետ հանդիպմանը նշել էր, թե երկրում սոցիալական վիճակը բարելավելու համար պետությունն իր բյուջեի 30 տոկոսը՝ մոտ 362 միլիարդ դրամը, հատկացնում է սոցիալական ոլորտին:

Այսօրինակ հիմնավորումները, սակայն, Սվետլանա Գալստյանին չեն մխիթարում. իր երեխայի հաշմանդամության համար պետությունը նրան 11 հազար դրամ նպաստ է տրամադրում:

«Հաշմանդամ երեխա է, առնում ա թոշակ, ասում ա՝ իմ էդքան փողին ինձ մի բան չես առնում։ Դե արի բացատրի, որ տղա ջան, մի զույգ կոշիկն էսքան արժի, մի հատ սվիտերն էսքան արժի, չես էլ կարում բացատրես երեխուն»,- ասաց Գալստյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG