Մատչելիության հղումներ

Ռուսական ռազամաբազան լայնածավալ զորավարժանք է անցկացնում


Ռուսական ռազամաբազան 1-ին լայնածավալ զորավարժանքն է անցկացնում
please wait

No media source currently available

0:00 0:03:04 0:00

Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական օկրուգի ռազմակայանը «Ալագյազ» ուսումնավարժարանում լայնածավալ մարտավարական զորավարժություններ է անցկացնում արդեն 5-րդ օրը՝ ռազմակայանի ամբողջ կազմի ներգրավմամբ:

Առաջին անգամն է, որ ռուսական կողմը առանց հայկական զորամիավորումների է անցկացնում զորավարժանք: Անցկացվող զորավարժությունների առանձնահատկությունն այն է, որ Հայաստանում ռուսական ռազմակայանի պատմության մեջ առաջին անգամ շուրջ 3000 զինծառայողներ և 500 միավոր ռազմական ու հատուկ ռազմական տեխնիկա է ներգրավվել: Մինչ մարտական գործողությունների մեկնարկը հայր Անդրեյն օրհնեց, այսպես ասած, մարտի գնացող զինվորներին:

Ըստ գործողությունների՝ ենթադրյալ հակառակորդը հանրապետություն է ներխուժել Սևանի հատվածից, և ուսումնավարժանքի մասնակից զինվորները, կիրառելով ռազմական տեխնիկան պետք է հետ մղեին ներթափանցումը: «Ալագյազ» ուսումնավարժարանը րոպեների ընթացքում իսկական ռազմի դաշտի վերածվեց:

Օդում հայտնվեցին «ՄԻԳ-29» չորրորդ սերնդի արդիական կործանիչները, անօդաչու թռչող սարքերը, որոնց պաշտպանության ներքո բոլոր զինատեսակներից իրականացվեցին մարտական հրաձգություն պայմանական հակառակորդի ուղղությամբ:

Զորավարժանքին հետևում էր 102-րդ ռազմաբազային հրամանատար Անդրեյ Ռուզինսկին: Զորավարժությունները ղեկավարում էր Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Ռոմանչուկը: Վերջինս ասաց, որ սա հերթական պլանային զորավարժանքն էր:

«Այս տարի նախատեսված է զորավարժանք ամբողջ բազայի կազմով: Անցած տարիներին անցկացվել են գումարտակային տակտիկական զորավարժանքներ: Այս տարի պլանով անցկացվում են բրիգադային տակտիկական զորավարժանքներ: Սրանք տարբերվում են նախկիններից նրանով, որ այս անգամ ներգրավված են բազայի բոլոր զորախմբերը միաժամանակ և համապատասխանաբար բազայի հրամանատարը պրակտիկա է ձեռք բերում ղեկավարելու իր ամբողջ զորախումբը»,- ասաց Ռոմանչուկը։

Ինչ վերաբերում է նոր տեխնիկայի կիրառմանը, գեներալ լեյտենանտը ասաց, որ նոր զինտեխնիկայով զինվում են։

«Ռազմական գիտությունը տեղում չի դոփում: Մեր ռազմաարդյունաբերությունը մատակարարում է ժամանակակից զինտեխնիկա: Մասնավորապես, դուք ականատես եղաք անօդաչու թռչող սարքերի թռիչներին: Հրամանատարները սովորում են գործնականում կիրառել ստացող նորագույն տեխնիկան»,- ասաց Ռոմանչուկը։

Զորավարժանքները կշարունակվեն մինչև հոկտեմբերի 19-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG