Մատչելիության հղումներ

Թբիլիսին Աբխազիայի հարցով ակտիվ արտաքին քաղաքական քայլերի կդիմի


Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձե
Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձե

Վրաստանն անցել է դիվանագիտական հարձակման. անցած շաբաթ Ռուսաստանի կողմից Աբխազիային առաջարկված ռազմավարական համաձայնագրի նախագիծը ստիպել է պաշտոնական Թբիլիսիին դիմել ագրեսիվ արտաքին քաղաքական քայլերի։

Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մայա Փանջիկիձեն այսօր Լյուքսեմբուրգում պատրաստվում է դիմել Եվրամիության երկրների արտգործնախարարներին՝ խնդրելով արձագանքել Ռուսաստանի և Աբխազիայի միջև կնքվելիք համաձայնագրին։

Իսկ Փանջիկիձեի տեղակալ Դավիդ Զալկալիանին հարցը քննարկել է Վրաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների հետ։

Պաշտոնական Թբիլիսիին նյարդայնացրել է անցած շաբաթ պաշտոնական Մոսկվայից Աբխազիային փոխանցված «Դաշնակցային հարաբերությունների և ինտեգրման մասին» համաձայնագրի նախագիծը, որով առաջարկում է նոր մակարդակի հասցնել միջպետական հարաբերությունները՝ միասնական արտաքին քաղաքականութան իրագործման, ինչպես նաև անվտանգության և պաշտպանության միասնական տարածքի ձևավորման միջոցով: Կողմերը նախատեսում են համաձայնագիրը ստորագրել արդեն առաջիկա ամիսներին։ Թբիլիսին այս համաձայնագիրը գնահատում է որպես Աբխազիայի բռնակցման ծրագիր։

Վրաստանում տեղի ունեցած անվտանգության խորհրդի արտահերթ նիստի արդյունքներով որոշում կայացվեց մշակել միասնական ծրագիր՝ հակազդելու Մոսկվայի և Սուխումիի միջև կնքվելիք համաձայնագրին։

«Ծրագիրը կյանքի կոչելու համար ներգրավելու են բոլոր պետական գերատեսչությունները։ Դրանից ելնելով մենք դիմելու ենք բավական ագրեսիվ արտաքին քաղաքական քայլերի»,- նիստից հետո հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։

Այնուհետև արտաքին քաղաքական գերատեսչությունը պարզաբանել է՝ ագրեսիվ ասելով ամենևին էլ նկատի չունեն ուժի կիրառումը։

Պաշտոնական Մոսկվան իր հերթին Թբիլիսիին կոչ է անում չմիջամտել։

«Աբխազիան ինքնիշխան պետություն է ու իրավունք ունի ինտեգրվել ում հետ ուզում է ու որքան ուզում է»,- ռուսական «Կոմերսանտ» թերթի հետ զրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ շարունակելով.- «Ռուսաստանի ու Աբխազիայի միջև նոր պայմանագիրը «ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման համար սպառնալիք չէ»։

Վրաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Նորլանդը հարցի մանրամասներին տեղեկանալուց հետո այսօր հայտարարել է, որ շատ լավ հասկանում է, թե ինչի կարող է հանգեցնել այդ համաձայնագիրը՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության կողմնակիցն է։ Դեսպան Նորլանդն այս մասին խոսել է Վրաստանի արտգործնախարարի տեղակալի հետ հանդիպումից հետո։

«Բոլոր դիվանագետները, ովքեր մասնակցել են այս հանդիպմանը, անպայման փոխանցելու են Վրաստանի մտահոգությունը իրենց մայրաքաղաքներին»,- հավելել է դեսպան Նորլանդը։

Համաձայնագրով, որը ռուսական կողմը առաջարկում է ստորագրել առաջիկա ամիսներին, Աբխազիային խոստանում է համագործակցություն՝ ռազմականից մինչև առողջապահության ոլորտներում, միասնական պաշտպանական ենթակառույցների ստեղծում, Աբխազիայի սահմանների համատեղ պաշտպանություն, ներքին գործերի մարմինների համատեղ համակարգող կենտրոն։

Աբխազիան նաև պարտավորվելու է համապատասխանեցնել մաքսային, հարկային, բյուջետային ոլորտին վերաբերող իր ողջ օրենսդրությունը Ռուսաստանի օրենսդրության հետ։ Իսկ այս զիջումների դիմաց Ռուսաստանը պարտավորվում է ջանքեր գործադրել դիվանագիտական դաշտում՝ «ամեն կերպ օժանդակելով Աբխազիայի միջազգային կապերի ամրապնդմանը»։

Բացի այդ Ռուսաստանը Սուխումիին նաև ֆինանսական խոստումներ է տալիս՝ աշխատավարձերի , կենսաթոշակների և նպաստների բարձրացում։

«Մենք էլ մեր հերթին պետք է նոր առաջարկներով հանդես գանք»,- այսօր հայտարարել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Թեդո Ջապարիձեն.- «Աբխազներին՝ մեր քույրերին և եղբայրներին, մենք պետք է նոր տեսլական, նոր առաջարկներ ներկայացնենք և մեր նոր առաջարկներով պետք է Ռուսաստանին ցույց տանք, որ ի վիճակի ենք մեր ռազմավարական շահերը պաշտպանելու»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG