Մատչելիության հղումներ

ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը կփորձի «ռուսերենին որոշակի կարգավիճակ տալ»


ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանը կփորձի «ռուսերենին որոշակի կարգավիճակ տալ»
please wait

No media source currently available

0:00 0:04:14 0:00

Կինոռեժիսոր Արա Շիրինյանի խոսքով՝ ռուսերենը գեոպոլիտիկ զենք է Ռուսաստանի համար, որը նա վերջին տարիներին կիրառում է Հայաստանում:

Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ-ի տարածքում համագործակցության կազմակերպությունը՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն այսօր ամփոփեց Հայաստանում ռուսաց լեզվի օրերի անցկացման ծրագիրը։

Դրանց ընթացքում ռուս մանկավարժների մի խումբ շրջել է Հայաստանի դպրոցներում ու բուհերում ռուսերենը տարածելու համար։ Օրերի շրջանակներում անցկացվել են սեմինարներ, վերապատրաստումներ, վիկտորինաներ և այլն։

Մասնագետները ոգևորված են՝ Հայաստանում ռուսաց լեզուն մարդիկ դեռ չեն մոռացել։

«Փառք Աստծո, հետխորհրդային տարածքում ռուսերեն դեռ շատերը գիտեն, այդ պատճառով էլ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն ակտիվորեն մասնակցում է պետական դաշնային «Ռուսաց լեզու» ծրագրին։ Այդ ծրագրի միջոցով մշակվել ու հստակեցվել է Ռուսաստանի ռազմավարությունը ռուսաց լեզվի տարածման հարցում։ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի իրականացրած ծրագրերի մի շատ մեծ մասը կապված են ռուսերենի տարածման հետ հենց պետության տված հանձնարարության շրջանակում», - ասաց դասախոս Տատյանա Բոչինան, ում Հայաստան է հրավիրել «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպությունը։

«Գյուղերի դպրոցների երեխաները ինչպիսի ոգևորությամբ ու հետաքրքրությամբ, ակտիվությամբ ու հաճույքով էին ցույց տալիս, որ գիտեն ռուսերեն։ Մեզ համար որքան հաճելի էր տեսնել, որ շատ մարդիկ դիտում են ռուսերենը որպես հաջողության բանալի, որպես կամուրջ, միջոց, որով նրանք հասնելու են երազանքներին: Ռուսերենը նրանց ոչ միայն կարիերայի հաջողության, այլև կյանքի, ապագայի լեզուն է», - հավելեց նա՝ նշելով, որ այս ամենը թանկ են գնահատում և հույս ունեն, որ այդ սերն ու ընկերությունը միշտ կլինի փոխադարձ:

Նրա գործընկեր, դարձյալ ռուսական բուհի դասախոս ու ռուսաց լեզվի օրերին մասնակցելու համար Հայաստան ժամանած Գոյխման Օսկարը շարունակեց, որ թեև շատերն այստեղ ռուսերեն խոսում են, բայց ինքը մի քիչ դժգոհ է։

«Ես մի քիչ դժգոհ եմ այն առումով, որ բուհերում ռուսաց լեզու սովորում են մեկ տարի, հայերեն սովորում են 2 տարի, իսկ անգլերեն՝ 4։ Իհարկե 1 տարում ռուսերեն սովորել այնպես, ինչպես մենք կցանկանայինք, շատ բարդ է։ Կարծում եմ ճիշտ կլիներ 2 տարի հայերեն, 2 տարի ռուսերեն, 2 տարի անգլերեն սովորել: Հատկապես, կա մեթոդաբանություն, որի օգնությամբ կարելի է միաժամանակ մի քանի լեզու սովորել։ Սա ցանկություն է, հույս ունեմ, որ առաջիկայում, ամեն դեպքում, ինչ-որ տեղաշարժ կլինի, որովհետև տեսնում ենք, որ ռուսաց լեզուն մարդկանց գրավում է», - նկատեց Օսկարը։

Կինոռեժիսոր Արա Շիրինյանը, ով ուշադիր հետևում է լեզվի հարցերում Ռուսաստանի վարած քաղաքականությանը, ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ վերջին տարիներին Ռուսաստանը լեզվի տարածումը դիտարկում է որպես աշխարհաքաղաքական քայլ, որի նպատակը մշակութային ու քաղաքական էքսպանսիան է։ Կրեմլում շատ լավ նկատել են, որ ռուսախոս հայերը շատ ավելի ռուսամետ են և ռուսականին ստորադասում են հայկական շահը։

«Ռուսաց լեզուն Ռուսաստանի համար գեոպոլիտիկ զենք է, որը նա կիրառում է վերջին տարիներին Հայաստանում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Շիրինյանը:

Ռեժիսորը փաստում է, որ Ղրղըզստանում ռուսերենը պաշտոնական լեզու է, թեև այս երկիրը դեռ Եվրասիական տնտեսական միության անդամ չէ:

Հայաստանը նախ ստորագրեց ԵՏՄ-ին անդամության փաստաթուղթը, ինչից հետո, ըստ Շիրինյանի, կփորձի որոշակի կարգավիճակ տալ ռուսերենին։

«Ես կարծում եմ, որ հենց էդպիսի քայլի էլ կարելի է սպասել, որովհետև երբ լեզուն ստանում է կարգավիճակ, փոխվում է նրա կիրառության մասշտաբը: Հենց որ Հայաստանում ռուսաց լեզուն ստանա որևէ կարգավիճակ, նա կսկսվի տարածվել: Ինձ համար ռուսաց լեզուն համաշխարհային քաղաքակրթության երևույթ է, ես շատ բարձր եմ այն գնահատում, միջազգային շփման լեզու է, բայց այն, որ այսօր Հայաստանում ռուսաց լեզուն օգտագործվում է ոչ խաղաղ նպատակներով, դա ակնհայտ է», - ընդգշեց Շիրինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG