Մատչելիության հղումներ

Հանրահավաքից առաջ եռյակի առաջնորդները հանդիպեցին


Հանրահավաքից առաջ եռյակի առաջնորդները կհանդիպեն
please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00

Չորեքշաբթի երեկոյան կայացել է «Բարգավաճ Հայաստան»-ի (ԲՀԿ), «Ժառանգության» և Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդներ Գագիկ Ծառուկյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը: Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը, հանդիպմանը քննարկվել են ուրբաթ օրը կայանալիք հանրահավաքի կազմակերպական հարցեր:

Երեքշաբթի օրը Ծառուկյանը հանդիպել էր ՀԱԿ առաջնորդ, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:

ԲՀԿ-ի խորհրդարանական խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը «Ազատության» հետ զրույցում հույս հայտնեց, որ հոկտեմբերի 24-ին ԲՀԿ-ին, «Ժառանգությանը» և ՀԱԿ-ին կհաջողվի հանդես գալ միասնական օրակարգով․ - «Այնպես չէ, որ նախորդ անգամ ոչ-միասնական էր: Բնականաբար, առաջին հանրահավաքում ամեն մեկը տեսակետ էր հայտնում․ մենք այդպես էլ պայմանավորվել էինք: Չի եղել կոպիտ, չպայմանավորված ինչ-որ բաներ: Նույնիսկ Ծառուկյանի կարճ ելույթը բավականին բովանդակալից էր: Այնպես որ, այս անգամ, բնականաբար, շատ ավելի միասնական օրակարգով հանդես կգա շարժումը, որովհետև անելիքների մասին արդեն հստակ պետք է ասել»:

Գագիկ Ծառուկյանն այսօր կեսօրից հետո իրեն պատկանող կոնյակի, գինու գործարանում հավաքել էր նաև կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամներին: Ոչ իշխանական ԲՀԿ-ի 36 պատգամավորների մեծ մասը քաղաքականության հետ կապ չունեցող մարդիկ են, տարբեր տրամաչափի բիզնեսների սեփականատերեր: Նրանցից Լյովա Խաչատրյանը «Ազատությանը» փոխանցեց, որ նիստում որոշվել է, որ խմբակցության բոլոր պատգամավորները մասնակցելու են հոկտեմբերի 24-ի հանրահավաքին:

Նրա խոսքով՝ Գագիկ Ծառուկյանը հանրահավաքի ժամանակ ասելու է այն, ինչ ցանկանում է լսել ժողովուրդը․ - «Խոսքը ուղղված կլինի նրան, ինչ պահանջում է, ինչ ուզում է լսել, ինչ ուզում է իմանալ ժողովուրդը»:

«Ազատության» հարցին, թե ինչ է ուզում ժողովուրդը, Խաչատրյանն արձագանքեց․ - «Ժողովուրդը ուզում է, հավանաբար, իմանալ, թե ինչպես այս վիճակից դուրս գալ, ինչպես շտկել իրավիճակը»:

Ստեփան Մարգարյանը հավելեց․ - «Հանրահավաքում կհնչի արդեն կոնկրետ Գագիկ Ծառուկյանի կողմից մեր ողջ տեսակետը՝ ինչ ենք մենք ուզում և ուր ենք գնում: Այս օրը լինելու է շատ կարևոր օր, և հասարակությանը հուզող շատ հարցերի պատասխանները ևս կհնչեն»:

Դիտարկմանը, թե ԲՀԿ խմբակցության իր գործընկերներն ասում են, թե Գագիկ Ծառուկյանն ասելու է այն, ինչ ժողովուրդն ուզում է լսել, Մարգարյանն արձագանքեց․ - «Ես կարծում եմ, դա նորություն չի: Գագիկ Ծառուկյանը միշտ պատրաստ է եղել լսել ժողովրդին, և ես հիշում եմ նույնիսկ, երբ որ նա դեռևս շատ վաղուց ասել էր՝ մենք անելու ենք այն, ինչ ժողովուրդն է ուզում»:

Իսկ հիշեցմանը, որ իր գործընկերների կարծիքով, ժողովուրդն իշխանափոխություն է ուզում, Ստեփան Մարգարյանն արձագանքեց․ - «Ժողովուրդը, բնականաբար, իր կարծիքը արտահայտելու ձև հանրահավաքում ունի: Ժողովուրդը ուզում է իշխանափոխություն․ ԲՀԿ-ն դրանից չի խոսում: ԲՀԿ-ն ևս կուզի: Ես չեմ ուզում բացել այն բոլոր ծրագրային կետերը, որոնց մասին խոսելու է հանրահավաքում: Վստահ լինենք մի բանում՝ այդ օրը բոլորը կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները»:

Պետական եկամուտների կոմիտեի երկարամյա պաշտոնյա, Հանրային ծառայության գնդապետի կոչում ունեցող Մերուժան Սիմոնյանն ասաց, որ անպայման մասնակցելու է ընդդիմության հրավիրած հանրահավաքին՝ հավաստիացնելով, թե պատրաստ են «ամեն ինչի», անգամ ունեզրկման․ - «Ամեն ինչի պատրաստ ենք, այո: Մենակ մեր լավ ապրելը էական նշանակություն չունի: Եթե միջին խավ չի ձևավորված, դա կոչվում ա, որ մեր համար էդ վատ ա»:

Լյովա Խաչատրյանը հավաստիացրեց, թե ուրբաթօրյա հանրահավաքին մասնակցելու հիմնավոր պատճառ ունի՝ ժողովրդի կեսը աղքատ է:

Հանրապետական պատգամավորներից շատերն ասում էին, թե ԲՀԿ-ն նախապատրաստվում է 2017-18 թվականների ընտրություններին և անակնկալներ ԲՀԿ-ից չէին սպասում:

Գործարար պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը (ՀՀԿ) կուզեր ԲՀԿ-ի հետ միասին աշխատել, բայց նրանց ընտրած ուղին էլ չքննադատեց․ - «Բոլոր դեպքերում նույն թիմով աշխատելու էֆեկտիվությունն ավելի բարձր ա, բայց ես չեմ կարող ասել, որ նման պայմաններում աշխատելը քիչ ավելի էֆեկտիվ է»:

XS
SM
MD
LG