Մատչելիության հղումներ

Հղի կանայք պայքարում են իրենց իրավունքների համար


Հղի կանայք պայքարում են իրենց իրավունքների համար
please wait

No media source currently available

0:00 0:04:40 0:00

Հղի կանայք պայքարում են իրենց իրավունքների համար

«Թալանելով մեզ՝ ծնելիության մակարդակը չեք բարձրացնի», «Կառավարությունը սոցիալական անարդարության անդունդը է'լ ավելի է մեծացնում», «Օրինագիծը հետ կանչեք». այսպիսի կոչերով այսօր Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիայի էին կազմակերպել մի խումբ հղի կանայք, մայրեր իրենց փոքրիկների հետ` Կառավարությունից պահանջելով հետ կանչել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։

Ըստ այդ փոփոխությունների՝ իշխանությունները մտադիր են կրճատել աշխատող մայրերին հղիության ու հետծննդյան արձակուրդի ընթացքում տրվող գումարը:

«Հաշվի առնելով ներկա պահիս արտագաղթի չափերը, ծնելիության մակարդակը, կարծում ենք, որ այս օրինագծում փոփոխությունները միայն ու միայն նպաստելու են ծնելիության նվազմանը և արտագաղթի աճին», - ասված էր ակցիայի մասնակիցների հայտարարությունում։

Այսօր աշխատող կինը 140 օր հղիության ընթացքում և երեխայի ծննդից հետո ստանում է միջին աշխատավարձն ամբողջությամբ: Ըստ Կառավարության հավանությանն արժանացած նախագծի, եթե մայրը մեկ տարուց պակաս է աշխատել, արձակուրդի ընթացքում կստանա իր միջին աշխատավարձի 40 տոկոսը, 1-3 տարի աշխատանքային ստաժի դեպքում՝ 60 տոկոսը, իսկ 3 տարի և ավելի ստաժի դեպքում՝ 80 տոկոսը:

Կառավարությունն այս նախաձեռնությունը բացատրում է բյուջեի սղությամբ և պնդում է, թե կրճատելով աշխատող մայրերի գումարը՝ միջոցներ կտնտեսի ու 2016 թվականից արդեն գումարներ կվճարի նաև չաշխատող մայրերին։

Մայրերն ու հղի կանայք վրդովված են։ Նրանք տարակուսում են, թե ինչու է Կառավարությունը խոցելի դարձնում աշխատող մայրերին ու ոտնահարում աշխատող կնոջ իրավունքը։

Ինեսա Մուրադյանը, ով չորս ամսական Ալեքսայի հետ էր եկել բողոքի ցույցի, «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այսօր շատ աշխատող կանայք արդեն ստիպված են լինելու մտածել՝ արդյո՞ք արժե երկրորդ երեխան ունենալ և վտանգի տակ դնել ընտանեկան բյուջեն։

«Չնայած որ նաև գործում է օրենք, որով խրախուսվում է և ստեղծվում են բոլոր բարենպաստ պայմանները մինչև կես տարեկան երեխային կրծքով կերակրման աջակցության համար, բայց այսօր Կառավարությունը մեզ դրդում է, որպեսզի մենք երկու ամսական երեխային թողնենք և վերադառնանք աշխատանքի, որովհետև ուղղակի հնարավոր չէ այլապես պահել երեխային», - ասաց Մուրադյանը։

Ակցիայի մասնակից կանանցից մեկն էլ ասաց, որ եթե սոցիալական արդարությունից ելնելով նպաստ է տրամադրվում չաշխատող մայրերին, ապա դա պետք է կատարվի ոչ թե աշխատող մայրերի, այլ պետական այլ միջոցների հաշվին։

«Մենք, օրինակ, գիտենք, որ անցած տարի հանեցին շքեղության հարկը, շքեղության հարկի բացը փորձում են լրացնել հենց հղի կանանց նպաստները տրամադրելով չաշխատող հղի կանաց», - ասաց ակցիայի մասնակիցը։

Այսօրվա ակցիային մասնակցում էին նաև քաղքացիական այլ նախաձեռնությունների ներկայացուցիչներ: Ժամանակին պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ, իսկ այսօր Կառավարության այս փոփոխության դեմ պայքարող Մանե Թանդիլյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ մշտապես ընդվզելու է անարդարության դեմ. - «Ես ավելի քան երկու ձեռքով կողմ եմ չաշխատող մայրերին նպաստ տալուն: Ճիշտ հասկացեք, բայց, աշխատող մայրերի հաշվին դա անելն անթույլատրելի է, որովհետև աշխատող կանայք այդ միջին խավի կանայք են, որոնք այսօր երկրում հարցեր են լուծում, տնտեսական զարգացման ցուցանիշ են ապահովում, շատ-շատ մայրեր միակ աշխատող մարդն են իրենց ընտանիքներում և պահում են իրենց ընտանիքներն իրենց ուսերին», - ասաց Թանդիլյանը։

Հղի կանանց ու մայրիներին աջակցելու էին եկել նաև տղամարդիկ։ Նրանք ևս պնդում էին՝ օրինագիծը խնդրահարույց է, խտրական, հղի վտանգավոր հետևանքներով։

Ակցիայի մասնակիցները նամակ հանձնեցին Կառավարությանը։ Կառավարության նամակների ընդունման և հանձնման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն ասաց, որ Կառավարության պատասխանը կլինի առավելագույնը 15 աշխատանքային օրվա ընթացքում։

Բողոքի ակցիայի ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, թե Կառավարությունը մեծ ուրախությամբ կապահովեր բյուջետային ծախսերի ավելացումը, եթե միջոցներ ունենար։

Երկուշաբթի օրը Ազգային ժողովում այս թեմայով լսումներ են լինելու։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անուշ Դանիելյանն ակցիայի մասնակիցներին առաջարկեց նախքան լսումները փոքր խմբով հանդիպում ունենալ նախարարի հետ և քննարկել հարցը։

Ակցիայի մասնակից Տաթևիկ Դավթյանը, սակայն, ընդգծեց, որ նախարարի հետ բանակցելու «թեմա չկա». - «Մեր առաջարկը հստակ է՝ հանեք դրույթներն օրենքից։ Նախարարությունը կա'մ դրան համաձայն է, կա'մ համաձայն չէ, էստեղ բանակցելու ուրիշ որևէ կետ պարզապես գոյություն չունի»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG