Մատչելիության հղումներ

Քրեական գործեր՝ «Հովսեփյան-Կոստանյան հակամարտության» հետևանքով


Քրեական գործեր՝ «Հովսեփյան-Կոստանյան հակամարտության» հետևանքով
please wait

No media source currently available

0:00 0:03:44 0:00

Իրավապաշտպանի կարծիքով, փորձ է արվում արդարացնել Քննչական կոմիտեին տրամադրված գումարները։

Գլխավոր դատախազության կայքում այսօր հրապարակված հաղորդագրության համաձայն, Հայաստանի դատախազությունը Քննչական կոմիտեի Երևանի Շենգավիթ և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների բաժիններում արձանագրել է մի շարք չարաշահումներ:

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի առթիվ հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը:

Քննչական կոմիտեն իր գործունեությունը սկսել է վերջերս: Կառավարությունն անցյալ շաբաթ որոշեց նորաստեղծ Քննչական կոմիտեին հատկացնել ավելի քան 1 միլիարդ դրամ՝ մինչև տարվա վերջ պահպանման ծախսերը հոգալու համար:

Ի՞նչ խնդիր է լուծվում, երբ Դատախազությունը հաղորդագրություն է տարածում Քննչական կոմիտեում օրինախախտումների հայտնաբերման մասին:

Հովսեփյան-Կոստանյան «հակամարտություն»

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ առաջին հայացքից արտառոց որևէ բան չկա, երբ Դատախազությունը քրեական գործ է հարուցում Քննչական կոմիտեի աշխատակիցների նկատմամբ, բայց, ըստ իրավապաշտպանի, պետք է նկատի ունենալ հանգամանքը, թե ովքեր են ղեկավարում Դատախազությունն ու Քննչական կոմիտեն։

«Տվյալ դեպքում Քննչական կոմիտեի ղեկավարը Աղվան Հովսեփյանն է՝ նախկին գլխավոր դատախազը, և ներկա դատախազը՝ Գևորգ Կոստանյանը, որոնց միջև, մենք ունենք հավաստի տվյալներ և հիմքեր պնդելու, որ կան հակասություններ, և լուրջ հակամարտություն, և շատ շուտվանից է այդ հակամարտությունը երկու անձերի միջև։ Ես կարող եմ ասել, իհարկե, որ այդ հակամարտությունը շարունակվում է», - ասաց իրավապաշտպանը։

Արթուր Սաքունցը չմոռացավ նաև կոռուպցիոն հարցերում միջգերատեսչական հարաբերությունների խնդրի մասին վկայել։

«Իհարկե, մենք գիտենք, որ համակարգերը Հայաստանում դրանք կոռուպցիոն շահերը սպասարկողներ են, և առանձին դեպքերում, կան նաև, այսպես կոչված, չհամաձայնեցված կոռուպցիոն գործարքներ կամ գործողություններ, որոնց բացահայտումն է հիմնական խնդիրը, և տվյալ դեպքում Դատախազությունը փորձում է այդ չհամաձայնեցված կոռուպցիոն դրսևորման, կամ ոչ որակյալ քննության դեպքերը գտնի հենց Քննչական կոմիտեի գործունեության մեջ, և, ավելին, իր գերիշխանությունը ամրագրի և հաստատի Աղվան Հովսեփյանի ղեկավարած գերատեսչության նկատմամբ»,- ասաց Սաքունցը։

«Ցուցադրական միջոցառումներ»

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով, Դատախազության այսօրվա հաղորդագրությամբ փորձ է արվում արդարացնել Քննչական կոմիտեին տրամադրված գումարները։

«Բնական է, այսպես ցուցադրական միջոցառումներ պետք է արվեն, որպեսզի ցույց տան, թե ինչ մաքուր և ինչ վերահսկողություն է Դատախազությունը իրականացնում սույն կոմիտեի վրա, և էդ գործընթացները լինելու են, այսպես ասած, բացարձակին հավասար։ Եթե օբյեկտիվ սկզբունքով մոտենային նրանք, շատ-շատ մարդկանց պետք է պատասխանատվության ենթարկեին լիազորությունների չարաշահման համար՝ սկսած ոստիկանապետից, օրինակ», - ասաց Ալեքսանյանը։

«Իսկ ի՞նչ վերահսկողություն էր իրականացնում գլխավոր Դատախազությունը, երբ անպատիժ մնացին տեսողությունից զուրկ Ալեք Ենիգոմշյանին փողոցի բանուկ մասում թողած ոստիկանները», - հարցրեց Ժաննա Ալեքսանյանը.- «Հարգարժան մարդ է՝ բացառվում է, ինքը կարիք չունի հեղինակություն ձեռք բերելու սենսացիաներ անելու։ Մենք գիտենք՝ ոստիկանությունը ոնց է աշխատում»։

«Կամ ինչո՞ւ Դատախազության վերահսկողության հետևանքով չպատժվեցին Հայկ Կյուրեղյանին բռնության ենթարկած ոստիկանները», - գնահատելով դատախազության այսօրվա հաղորդագրությունը՝ հարցրեց Ժաննա Ալեքսանյանը։

«Խոսքն արձանագրված բռնությունների մասին է, թող հրաժարվեր էդ անբարո մեղադրանքից, երբ Շահեն Հարությունյանին առաջադրել են և պայմանական ազատազրկման են [դատապարտել]։ Ինչպե՞ս վստահել այդ դատախազին այս օրինակներից հետո», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ալեքսանյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG