Մատչելիության հղումներ

Քոբանիի գերված պատանիները


«Իսլամական պետություն»-ը Քոբանիի ուղղությամբ ռազմական գործողությունների ընթացքում հունիսին առևանգել է ավելի քան 15Օ դպրոցականների։

Ծայրահեղական խմբավորման կողմից գերված, այժմ ազատ արձակված պատանիները վախենում են խոսել տեսախցիների առջև ու չեն ցանկանում ներկայանալ իրենց իսկական անուններով։ Նրանք, չնայած այսօր բնակվում են Թուրքիայում, սակայն վախենում են, որ դրա համար մի օր կարժանանան այս խմբավորման դաժան պատիժներին։

Ազադ անվամբ ներկայացող պատանիներից մեկը «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում պատմեց, որ իրեն ու իր մյուս 15Օ ընկերներին գերել են Հալեպում միջնակարգ դպրոցի քննություններից տուն վերադառնալու ժամանակ։

Նրա խոսքով՝ երկար մորուքներով այդ մարդիկ սպառնացել են, որ սպանելու են իրենց, ու շարունակ իրենց անվանել են «անհավատներ», այնուհետև ստիպել են կատարել մահմեդական լվացում, որը նախատեսվում է Ղուրանը կարդալուց առաջ։ Նրանք, ովքեր չեն իմացել, թե ինչպես է դա արվում, ենթարկվել են դաժան ծեծի։

«Իսլամական պետության» զինյալները «անհավատներ» պիտակավորելով սպանել են հազարավոր մարդկանց։ Այս պատանիներն էլ գերության մեջ իրենց օրերն ու ամիսներն անցկացրել են շարունակական ծեծի պայմաններում ու ենթարկվել մահվան սպառնալիքների։

Այստեղ պատանիներին տվել են կրոնական ծայրահեղականության դասեր։ Ազադի խոսքով, այդ մարդիկ շարունակ ինչ-որ հաբեր են ընդունել, ինչից հետո նրանց աչքերը կարմրել են, նրանք իրենց վրա պայթուցիկներ են կապել ու ասել, որ միասին գնալու են դրախտ։ Տղայի պնդմամբ՝ զինյալներն ասել են, որ գերվածները իսկական մահմեդականներ դառնալուց հետո շուտով վերադառնալու են Քոբանի ու սպանելու են իրենց «անհավատ» ծնողներին։

Ազադի ու նրա ընկերների մայրերը հանդիպել են իրենց երեխաներին առևանգած իսլամիստներին։ Այնտեղ են գնացել առանց տղամարդկանց՝ խնդրելու ու աղաչելու։ Սակայն իսլամիստները սպառնացել են սպանել բոլորին, եթե մայրերը ետ չդառնան։

Զինյալները մի քանի շաբաթ առաջ ազատ արձակեցին աշակերտների մեծ մասին՝ նրանց փոխանակելով իրենց խմբավորման գերված զինյալների հետ։ Սակայն մինչ այժմ նրանք իրենց մոտ են պահում 2Օ պատանիների։ Վերջիններիս խոսքով՝ չկա գիշեր, որ անցկացնեն առանց մղձավանջային երազների։

Չնայած Ազադն ու նրա ընկերների մի մասն այսօր Թուրքիայում են, նրանք շարունակում են վախենալ, որ այդ մարդիկ մի օր գալու են ու սպանելու իրենց։ Նրանք ոչ մոռանալու են իրենց սպառնացող անձանց երկար մորուքները, ոչ էլ «չար ու անխիղճ աչքերը»։

Սակայն պատանիները հուսով են, որ մի օր վերադառնալու են իրենց սիրելի քաղաքը՝ ապրելու խաղաղ ու այդ աչքերից զերծ հայրենիքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG