Մատչելիության հղումներ

Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին «չի հակասում ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրին»


Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեա, ախրիվ
Հայաստանում ԵՄ դեսպան Տրայան Հրիսթեա, ախրիվ

Տրայան Հրիսթեան հուսով է, որ Հայաստանի տնտեսության՝ Ասոցացման պայմանագրի բանակցությունների ընթացքում ձեռք բերված դրական չափանիշները կպահպանվեն և չեն փոփոխվի:

Հայաստանի կողմից Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագրի ստորագրումը չի հակասում Եվրամիության Արևելյան գործընկերության ծրագրին և չի չեղարկում այն, կարծում է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Տրայան Հրիսթեան:

«Ես հակասություն չեմ տեսնում, ես կարծում եմ, որ Արևելյան գործընկերությունը կմնա այն հիմնական և կարևոր գործիքը, որ Եվրամիությունը կիրառելու է իր արևելյան հարևանների հետ հարաբերություններում և հույս ունեմ, որ այս սկզբնական հոռետեսությունը, որ կար որոշ փորձագիտական շրջանակներում և մամուլում, անհիմն դուրս կգա», - ասաց Հրիսթեան։

Ըստ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավարի՝ միայն այն հանգամանքը, որ Եվրամիության կողմից 2014 -2017 թվականների համար Հայաստանին տրվող աջակցության չափը չի տարբերվում Ասոցացման պայմանագրի բանակցությունների շրջանում տրված աջակցությունից, հստակ վկայում է, որ իրենք հավատարիմ են մնում իրենց կողմից ստանձնած պարտավորություններին և գործընկերության այդ ծրագրի շրջանակներում արվող աշխատանքին։

Արդյոք Եվրամիությունը տեսնո՞ւմ է Հայաստանին որպես կապող օղակ կամ կամուրջ ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև, ինչպես հաճախ հայտարարում են Հայաստանի իշխանությունները՝ վկայակոչելով «և-և»-ի իրենց քաղաքականությունը։

Այս առնչությամբ Հրիսթեան ասաց.- «Եվրամիությունում մենք շատ պրագմատիկ ենք, և անհրաժեշտ է, որ պատշաճ ակնկալիքներ ունենանք: Մենք չենք ցանկանում վտանգել մեր գործընկերների ծրագրերը, սակայն այժմ կարևոր է, որ մենք այս փուլում հաջողությամբ ավարտենք հետագա գործունեության շրջանակը որոշելու մեր աշխատանքը, և պարզենք, թե որոնք են երկկողմանի գործակցության այն կոնկրետ ոլորտները, որտեղ մենք կարող ենք համագործակցել»։

«Մենք կարող ենք միայն ողջունել Հայաստանի իշխանությունների ջանքերը լավագույնս օգտագործել այն, ինչի մենք հասել ենք մեր երկկողմ բանակցությունների ընթացքում, և հույս ունեմ, որ այն բոլոր դրական և բարձր մակարդակի չափանիշները, որ Հայաստանի տնտեսությունը ձեռք է բերել Ասոցացման պայմանագրի բանակցությունների, այսպես ասենք, հարմոնիզացիայի ընթացքում, կպահպանվեն և չեն փոփոխվի», - ընդգծեց Տրայան Հրիսթեան՝ նշելով, որ իրենց կողմից պատրաստակամություն են հայտնում շարունակել երկկողմ օրակարգում ձեռքբերված հաջողությունները և առաջ շարժվել՝ իրականացնելու այն, ինչի շուրջ կողմերը համաձայնության են հասել Վիլնյուսում մինչև մյուս գագաթաժողովը Ռիգայում։

Նոյեմբերին Հայաստանի և Եվրամիության պատվիրակությունները Բրյուսելում պետք է հանդիպեն: Դա, ըստ Հրիսթեայի, նոր բանակցություններ չեն.- «Կողմերը հանդիպելու են գործունեության հետագա շրջանակը որոշելու, որի ընթացքում պետք է ուսումնասիրվեն Հայաստանի հետ երկկողմանի համագործակցության այն ոլորտները, որ համատեղելի են Հայաստանի նոր պարտավորությունների հետ»։

«Այժմ, երբ Հայաստանը ստորագրել է Եվրասիական միությանը անդամակցելու փաստաթուղթը, մենք կցանկանայինք հասկանալ, թե որոնք են այն ոլորտները, որոնցում Հայաստանը կցանկանար շարունակել համագործակցությունը մեզ հետ, և որտեղ մենք կարող ենք առաջարկել ոլորտային բարեփոխումներ»։

Հրիսթեայի խոսքով՝ Եվրասիական միությանն անդամակցելու որոշումից հետո բնական է, որ երկու կողմերին էլ ժամանակ է անհրաժեշտ հստակություն մտցնելու համար, սակայն համագործակցությունը առկա է, և գործընկերությունը շարունակելու պատրաստակամությունը ևս.- «Եվ ես վստահ եմ, որ մենք կգտնենք համապատասխան միջոցները այս գործընկերությունն առաջ տանելու համար»։

XS
SM
MD
LG