Մատչելիության հղումներ

Ղրիմի հայերը որոշել են մշակութային ինքնավարություն ձևավորել


Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլի երկաթուղային կայարանը, արխիվ
Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլի երկաթուղային կայարանը, արխիվ

Նախատեսվում է տարածաշրջանային մշակութային միության կազմում ընդգրկել 17 տեղական հայկական կազմակերպություններ։

Ղրիմի հայերը ցանկանում են մշակութային ինքնավարություն ունենալ։ Ուկրաինական Commentary կայքը հայտնում է, որ Ղրիմի հայ համայնքի համագումարը որոշել է ձևավորել հայկական ազգային մշակութային ինքնավարություն։

Համայնքի ղեկավար Վաղարշակ Մելքոնյանը ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է, որ Ռուսաստանի Դաշնության օրենսդրությանը համապատասխան, տարածաշրջանային ազգային մշակութային ինքնավարությունը գրանցելու են դեկտեմբերի 13-ին Արդարադատության նախարարությունում։ Նա ասել է, որ տարածաշրջանային մշակութային միության կազմում ընդգրկելու են 17 տեղական հայկական կազմակերպություններ։

Վաղարշակ Մելքոնյանը նշել է, որ ի տարբերություն հասարակական կազմակերպության կարգավիճակի, տարածաշրջանային ազգային մշակութային ինքնավարության կարգավիճակը հայ համայնքի համար նոր հեռանկարներ կբացի՝ մասնավորապես հնարավորություն կտա հավակնելու ֆինանսավորում ստանալ հանրապետական կամ դաշնային պետական բյուջեից՝ իրականացնելու համար ազգային, մշակութային, պատմական ժառանգության, լեզվի պահպանման ծրագրեր։ Պետական միջոցներով հայ համայնքը կկարողանա կրթական և կրոնական հաստատություններ հիմնել։

Ինչ վերաբերում է Ղրիմում հայ բնակչության քանակին, ապա Վաղարշակ Մելքոնյանն ասել է, որ իրենց տվյալներով՝ Ղրիմում 15-20 հազար հայ է բնակվում, բայց նշել է, որ ավելի ստույգ տվյալներ հայտնի կդառնան մարդահամարից հետո։

Ռուսաստանում ազգային մշակութային ինքնավարությունների ինստիտուտը ներդրվել է 1996 թվականից։ Ազգային փոքրամասնություններին դա հնարավարություն է տալիս ինքնուրույն զարգացնել իրենց մշակույթը, ազգային կրթությունը, պահպանել լեզուն։

Ռուսաստանում արդեն մի քանի հարյուր նմանատիպ մշակութային ինքնավարություններ կան ձևավորված։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG