Մատչելիության հղումներ

Դավութօղլուի հայազգի խորհրդականը՝ թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում


Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու, արխիվ
Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլու, արխիվ

Դավութօղլուի հավաստմամբ՝ Մահչուփյանին գլխավոր խորհրդական նշանակելը նրա հայ լինելու հետ կապ չունի։

Թուրքիայի վարչապետի խորհրդականի պաշտոնում հայազգի գործչի նշանակումը այս օրերին թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է։

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ պոլսահայ գրող և հրապարակախոս Էթյեն Մահչուփյանը նշանակվել է Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական։ Նա թուրքական կատավարության թերևս միակ ոչ մահմեդական պաշտոնյան է՝ համենայն դեպս, այդպես են նրան ներկայացնում թուրքական մամուլում։

Հայազգի մտավորականն աշխատել է մի շարք թուրքական լրատվամիջոցներում, այդ թվում թուրքական ընդդիմադիր «Զաման» թերթում՝ վարելով սյունակ։

Հայազգի հրապարակախոսին Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական նշանակելու առթիվ թուրք ծաղրանկարիչ Սեֆեր Սելվին անմիջապես հրապարակել է իր հեղինակած ծաղրանկարը՝ տեղադրելով այն Evrensel լրատվական կայքում: Ծաղրանկարում պատկերված է Դավութօղլուն, ով լայն ժպիտով ներկայացնում է Մահչուփյանին՝ ասելով. - «Կներեք, սա էլ իմ խորհրդական Մահչուփյանն է»։

Սա թերևս ակնարկ է՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին, ով բոլորովին վերջերս իր նախընտրական հարցազրույցներից մեկում վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել հայերի հասցեին՝ մասնավորապես ասելով. - «Իմ մասին ինչեր ասես, որ չեն ասել: Ասել են՝ վրացի եմ: Ավելի տգեղ բաներ էլ են ասել՝ կներեք արտահայտությանս համար, ասել են նաև, որ հայ եմ»։

Ինքը Դավութօղլուն, մեկնաբանելով Մահչուփյանին իր խորհրդական նշանակելու փաստը, ասել է, որ նրա հայկական ինքնության, հայ լինելու հետ ամենևին էլ կապ չունի այդ նշանակումը։

Դավութօղլուի նորանշանակ խորհրդականը թուրքական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ վարչապետից նման առաջարկը չէր կարող մերժել, քանի որ վաղուց է ճանաչում և հարգում նրան, իսկ թե որ ոլորտներում է խորհուրդներ տալու Դավութօղլուին՝ Մահչուփյանը չի հստակեցրել։

«Հայկական հարցի մասին առհասարակ խոսք չի եղել, որևէ կոնկրետ թեմա չենք առանձնացրել», - ասել է նա։

Իսկ «Ալ-Ջազիրա»-ի հետ զրույցում Մահչուփյանը հստակեցրել է՝ հայկական հարցը Թուրքիայի ամենակարևոր խնդիրը չէ, նշելով նաև, որ ինքն անհատ է, որ երբեք էլ առանձնապես ակտիվ չէր հայկական համայնքի ներսում և ոչ էլ պատրաստվում է լինել։

Մինչդեռ այս նշանակումը, ըստ թուրքական մամուլի, կարևոր քայլ է հայ - թուրքական հարաբերությունների բարելավման հարցերում, մյուս կողմից էլ՝ թուրքական լրատվամիջոցներն արձանագրում են, որ պաշտոնական Անկարան կարծես ամենևին էլ չի շտապում այդ համատեքստում հարաբերությունները բարելավել հենց Հայաստան երկրի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG