Մատչելիության հղումներ

Հանքարդյունաբերության թեմայով քննարկումն անցավ առանց բնապահպանների


Հանքարդյունաբերության թեմայով քննարկումն անցավ առանց բնապահպանների
please wait

No media source currently available

0:00 0:03:44 0:00

Ոստիկաններն այսօր տասնյակ բնապահպանների և լրագրողների թույլ չտվեցին մասնակցել հանքարդյունաբերության թեմայով կազմակերպված քննարկմանը:

Երեք շարքով պատ կազմելով իրավապահները շրջափակել էին երևանյան հյուրանոցի մուտքը, որտեղ ընթանում էր կլոր սեղանը: Բնապահպան Աննա Աղլամազյանը պատմեց, որ ընդամենը ցանկանում էին բարձրանալ և իրենց ուղերձը փոխանցել միջոցառման մասնակիցներին:

«Այստեղ այսօր ուղղակի ուզում էինք մեր բողոքի ձայնը հայտնել և կոչ անել, որ մերժեք այսպիսի քննարկումները, քանի դեռ այսպիսի օրենսդրական դաշտ, այսպիսի կառավարման համակարգ և գումարների այսպիսի ծախսում է տեղի ունենում», - նշեց բնապահպանը:

Երիտասարդների հավաստիացումները, թե որևէ անօրինական բան չեն անելու, չհամոզեցին ոստիկաններին․ քննարկումը շարունակվեց փակ դռների հետևում․ - «Ինչի՞ց են վախենում, ի՞նչ են թաքցնում, հերթական անգամ բեսպրեդելի առջև ենք կանգնում, այսինքն՝ ինչ կուզենք, ինչպես կուզենք՝ կանենք և դուք որևէ ձևով ձեր ձայնը բարձրացնելու և որոշումների կայացման վրա ձեր ազդեցությունը ունենալու իրավունք չունեք»:

«Էկոլուր» հասարակական կազմակերպության ղեկավար Ինգա Զառաֆյանը թեև գրանցված էր որպես միջոցառման մասնակից և կարող էր մուտք գործել շենք, բայց տեսնելով, թե ինչ է կատարվում դրսում, բոյկոտեց քննարկումը:

«Համահայկական բնապահպանական ճակատն» ի սկզբանե էր մերժել կազմակերպիչների հրավերը: Ճակատի անդամ Լևոն Գալստյանն ասում է, թե այսպիսի քննարկումները վերածվում են հանքարդյունահանողների գովազդի:

«Իսկ էն, որ իրենք չթողեցին, որ ուղղակի մարդիկ մտնեն, իրենց կարծիքը ասեն ու դուրս գան, էդ էլ առաջին անգամ ենք հանդիպում նման դեպքի, որ այսպիսի քննարկումը, որը կոնկրետ վերաբերում է շրջակա միջավայրին, մարդկանց և բնության վրա ազդեցությանը անցնի առանց ձայնագրման թույլտվության», - նշեց Գալստյանը:

Ձայնագրման և նկարահանման արգելքը դրված էր միջոցառումը լուսաբանել ցանկացող լրատվամիջոցների վրա: «Լրագիր» էլեկտրոնային պարբերականի թղթակից Թեհմինե Ենոքյանին ոստիկանները խոչընդոտել էին աշխատել՝ պահանջելով առանց մասնագիտական գործիքների՝ տեսախցիկի և ձայնագրիչի վերև բարձրանալ:

«Սա ցույց է տալիս, թե իրենք էս փակ քննարկումների արդյունքում ինչքան են վախենում հանրային կարծիքից և լրագրողների ներկայությունից հատկապես», - ընդգծեց Ենոքյանը:

Բնապահպան Ինգա Զառաֆյանն ասում է, որ այսպես ծածկադմփոց անելով, սպառելով Հայաստանի ողջ թանկարժեք ընդերքը՝ 15 տարի անց այս ընկերությունները հեռանալու են Հայաստանից․ - «Ամբողջ շահը գնում է ոչ թե պետական բյուջե, այլ առանձին-առանձին գրպաններ, և հիմնականում իհարկե տուժում են և մեր գյուղական տարածքները, և ջրային ռեսուրսները»:

Լևոն Գալստյանը հակադարձում է իշխանությունների պնդումներին․ այդ ինչպե՞ս է հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության ողնաշարը, եթե այն ներքին համախառն արդյունքի ընդամենը երեք տոկոսն է ապահովում, մնացածը մտնում է մասնավորի գրպանը:

Աննա Աղլամազյանը մատնացույց է անում իրենց վիճակագրությունը՝ 29 հազար քառակուսի կիլոմետր տարածքով երկրում 460 հանքավայր է գործում, ևս 7 տասնյակն իրենց հերթին են սպասում: Հետևանքը թունավոր նյութերով լի 25 պոչամբարներն են:

«Երկրի ողնաշարը Սյունիքն է, որն այսօր ուտում են: Բնապահպանները չեն ասում, թվերն են ասում, միայն Սյունիքի մարզում 12 պոչամբար կա, որտեղ մինչև 2016 թվականը 38 մետաղական հանքավայր է նախատեսվում ունենալ: Եթե որևէ ողջամիտ մեկը մեզ կարող է ասել, որ այսպիսի ծավալով հանքարդյունաբերության դեպքում ես և իմ երեխան ունենալու ենք ուղղակի հող և շնչելու օդ և խմելու ջուր, ես կասեմ՝ այո, ինչ-որ բան հնարավոր է քննարկել», - նշեց Աննա Աղլամազյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG