Մատչելիության հղումներ

Հանրապետականներն ու դեմոկրատները մտադիր են համագործակցել


Հանրապետականներն ու դեմոկրատները մտադիր են համագործակցել
please wait

No media source currently available

0:00 0:03:43 0:00

«Առավոտյան Բարաք Օբաման կարթնանա, կփորձի ինչ-որ բան անել իր խառնաշփոթ տնտեսությունը փոքր-ինչ կարգի բերելու համար, սակայն կհանդիպի լուրջ խոչընդոտների թե իր, և և թե ընդդիմադիր կուսակցության կողմից»։ Այսպես է The Wall Street Journal-ը սկսում երեկ Միացյալ Նահանգներում անցկացված միջանկյալ ընտրություններն ամփոփող հոդվածը։

Երեքշաբթի օրը Միացյալ Նահանգներում անցկացված ընտրություններում ընդդիմադիր հանրապետականներն իրենց վերահսկողության տակ վերցրին Կոնգրեսը։

36 սենատորների, Ներկայացուցիչների պալատի 435 անդամների ու 36 նահանգապետների ընտրություններում հանրապետականները հաղթել են առանցքային համարվող 7 նահանգներում, ինչի շնորհիվ բավարար թվով տեղեր են ստացել Սենատում մեծամասնություն կազմելու համար: Միևնույն ժամանակ նրանց հաջողվել է պահպանել մեծամասնությունը Ներկայացուցիչների պալատում։ Այսպիսով, 2006 թվականից հետո առաջին անգամ հանրապետականները մեծամասնություն կկազմեն ԱՄՆ-ի ամբողջ Կոնգրեսում։

Այս արդյունքը փոխում է Վաշինգտոնի ողջ քաղաքական դինամիկան և Հանրապետականին հնարավորություն տալիս ազդեցություն ունենալու նախագահ Բարաք Օբամայի վրա նախագահության վերջին երկու տարիների ընթացքում։

Վերահսկելով երկու պալատները՝ հանրապետականները կկարողանան խոչընդոտել, եթե ոչ ամբողջությամբ արգելափակել, դեմոկրատ նախագահ առաջարկած օրինագծերի ընդունումը։

«Ժամանակն է շարժվել նոր ուղղությամբ»,- հայտարարել է հանրապետական Միթչ ՄըքՔոնելը, ով վերընտրվել է Քենթաքի նահանգում: Ամենայն հավանականությամբ, հենց նա էլ կդառնա Սենատի արդեն մեծամասնության ղեկավարը՝ փոխարինելով դեմոկրատ Հարի Ռիդին։

«Մենք կարող ենք Վաշինգտոնում իրական փոփոխություններ են անել, և ես հենց դրանով եմ մտադիր զբաղվել»,- հավելել է նա։

Տնտեսության դանդաղ զարգացում, հասարակական հնչեղություն ստացած մի շարք հարցեր, այդ թվում՝ էբոլայի համաճարակ, «Իսլամական պետություն» կազմակերպության ուժեղացումը Մերձավոր Արևելքում. սրանք այն խնդիրներն են, որոնք տագնապ են առաջացրել ամերիկացի ընտրողների շրջանում և պահանջում են շուտափույթ լուծումներ։

Փորձագետները դեմոկրատների և հանրապետականների համագործակցությունն միանգամայն հնարավոր են համարում՝ չբացառելով նաև փոխզիջումների գնալու հավանականությունը։

Նման սցենարին ընտրություններում հաղթանակ տարած հանրապետականների առաջնորդն իր ելույթում կողմ է արտահայտվել։

«Մենք պարտավոր են միասին աշխատել այն հարցերի շուրջ, որոնցում կարող ենք համաձայնության գալ»,- ասել է ՄըքՔոնելը.- «Այն, որ մենք հանդիսանում երկկուսակցական համակարգ, ամենևին էլ չի նշանակում, որ մեր միջև պետք է հարատև հակամարտություն լինի»։

Պաշտոնապես ընդունելով պարտությունը՝ Սենատի մեծամասնության առաջնորդ Հարի Ռիդը հանդես է եկել հայտարարությամբ և շնորհավորել ՄըքՔոնելին։

Ըստ ամերիկյան CBS հեռուստաընկերության՝ նոյեմբերի 7-ին նախագահ Օբաման մտադիր է հանդիպել երկու կուսակցությունների ղեկավարությանը՝ քննարկելու Կոնգրեսի ու պետական ապարատի գործունեությանն առնչվող հարցեր, քանի որ վարչակազմը ղեկավարում են դեմոկրատները, իսկ Կոնգրեսը՝ արդեն հանրապետականները:

Միացյալ Նահանգների հայ համայնքն ընդհանուր առմամբ դրական է գնահատում այս ընտրությունների արդյունքները։ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի սատարած թեկնածուների շուրջ 95 տոկոսը հաղթանակ են տարել այս ընտրություններում, «Ազատության» հետ զրույցում տեղեկացրեց հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG