Մատչելիության հղումներ

ԵՄ պաշտոնյա. Բրյուսելը և Երևանը քննարկում են համագործակցության նոր հնարավոր ձևաչափերը


ԵՄ պաշտոնյա. Բրյուսելը և Երևանը քննարկում են համագործակցության նոր հնարավոր ձևաչափերը
please wait

No media source currently available

0:00 0:03:44 0:00

Այսօր Բրյուսելում Եվրոպական Խորհրդարանում Արևելյան Գործընկերության ծրագրի մասին քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանին՝ որպես մի երկրի, որին չհաջողեց Վիլնյուսի գագաթաժողովին նախաստորագրել Ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ:

Քննարկման ընթացքում, որին ներկա էին բազմաթիվ խորհրդարանականներ, Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ ու մասնագետներ, «Հանուն ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի» տնօրեն Յերզի Պոմյանովսկին ուշագրավ հայտարարություն արեց Հայաստանի մասին։

«Այստեղ Եվրամիության ներսում հաճախ լսում ես խոսակցություններ, թե Հայաստանը կատարեց իր ընտրությունը՝ միանալով Եվրասիական միությանը, այնպես որ մենք կորցրեցինք Հայաստանը Արևելյան գործընկերությունից, բայց դա ճիշտ չէ: Մենք սա դեռ երեկ էլ էինք քննարկում ու մի բան պարզ է՝ եթե դուք գնաք Երևան և զրուցեք, օրինակ, տաքսու վարորդների հետ, կտեսնեք, որ դա նրանց որոշումը չի եղել: Մարդիկ ուրախ են ապրել ժողովրդավարության հույսով և չեն ուզում Մայդան ունենալ: Այստեղ մենք ունենք միջազգային համագործակցության նոր ձևաչափ, երբ իշխանությունները միշտ չէ, որ ժողովրդի ձայնի ներկայացուցիչն են: Սա հենց այն է, ինչ Պուտինը ցանկանում է ասել՝ «Ես միակն եմ, որ արտահայտում եմ իմ ժողովրդի կարծիքը և ռուս ժողովրդի անունից միայն ես կարող եմ խոսել»,- ասաց Պոմյանովսկին։

Եվրոպացի պաշտոնյաներն իրենց խոսքում բազում անգամներ նշեցին, որ Արևելյան գործընկերության ծրագրի համար հարկավոր է մտցնել տարբերակում ըստ երկրների։ Նույն մոտեցումը չի կարելի կիրառել տարբեր երկրների նկատմամբ, պետք է հարմարվողականություն դրսևորել, քանի որ Ռուսաստանը գործընկերության վեց երկրներից հինգում հրահրեց տարածքային հակամարտություններ` ծրագիրը ձախողելու համար:

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, Ռեգիոնների կոմիտեի նախագահ Միշել Լեբրունին հարցրինք՝ արդյոք իր կարծիքով Հայաստանի դեպքում նույնպե՞ս միայն Ռուսաստանի ազդեցության հարցն էր։

«Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա անհերքելի ճնշում կա, սակայն չեմ բացառում, որ եղել են այլ պատճառներ, որոնք դեր են խաղացել այս հարցում: Միայն ռուսական կողմի ճնշումները չեն, որ ստիպել են Հայաստանին ետ կանգնել Ասոցացման համաձայնագիրը նախաստորագրելու իր որոշումից: Կարծում եմ՝ պետք է պահպանել Հայաստանի հետ համագործակցությունը, մենք չենք լքի այն երեք երկրները, որոնք չստորագրեցին Ասոցացման համաձայնագիրը մեզ հետ և շարունակելու ենք առաջիկա ամիսներին մեր համագործակցությունը նոր ձևաչափերով»,- ասաց Լեբրունը։

Եվրոպական Արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների վարչության փոխտնօրեն Ադրիանո Մարտինսն էլ «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ այս օրերին Բրյուսելում կողմերը քննարկում են Հայաստանի հետ համագործակցության նոր հնարավոր ձևաչափերը:

Հարցին, թե արդյոք հնարավո՞ր է նոր, փոփոխված Ասոցացման համաձայնագիր ունենալ Հայաստանի հետ առանց տնտեսական հատվածի, Մարտինսը պատասխանեց.- «Թե ինչ կդնեն այդ փաստաթղթի անունը, կարևոր չէ: Կարևորն այն է, թե ինչ կլինի այդ փաստաթղթի բովանդակությունը: Հայաստանի կառավարությունը պետք է որոշի ու մեզ ներկայացնի, թե ինչ հարցերի շրջանակում նրանք ցանկանում են և կարող են մեզ հետ համագործակցել, հաշվի առնելով Մաքսային միության անդամակցությունը: Սա տեխնիկական հարց է, ոչ թե քաղաքական։ Մի երկիր չի կարող լինել երկու մաքսային միությունների անդամ: Այ Եվրասիական Միության կազմում գտնվելով, որն ի դեպ, պետք է որ տնտեսական միություն լինի, Հայաստանը բացի առևտրի ոլորտից պիտի որ անհամատեղելիություններ չունենա: Բայց այս ամենը կախված է այն բանից, թե որքանով Հայաստանը կցանկանա համագործակցել ԵՄ-ի հետ: Նրանք գիտեն մեր միջոցները, և պետք է մեզ հայտնեն իրենց ցանկությունն ու հնարավորությունները»,- ասաց Եվրամիության պաշտոնյան։

XS
SM
MD
LG