Մատչելիության հղումներ

Ծնողները բողոքում են՝ դպրոցները և մանկապարտեզները չեն ջեռուցվում


Ծնողները բողոքում են՝ դպրոցները և մանկապարտեզները չեն ջեռուցվում
please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00

Երևանի քաղաքապետարանը պնդում է, թե դպրոցներում ու մանկապարտեզներում ջեռուցման սեզոնը սկսվում է ոչ թե նոյեմբերի 15-ից, այլ այն ժամանակ, երբ այդ հաստատություններում այլևս հնարավոր չէ բնական միջոցներով ապահովել սենյակային ջերմաստիճանը։

Ավելին, քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը նաև հավաստիացնում է, թե պատրաստ են փոխհատուցել ջեռուցման դեպքում վճարվելիք հավելյալ գումարները։

«Քաղաքապետարանը համաֆինանսավորում է, էստեղ դպրոցը որպես միավոր որևէ խնդիր չունի»,- ասաց Սողոմոնյանը։

Քաղաքապետարանի պաշտոնյան նշում է նաև, թե այն դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները, որոնք ստուգայցերի ընթացքում չեն պահպանի սենյակային ջերմաստիճանը, կենթարկվեն պատասխանատվության։

Չնայած այս հավաստիացումներին, ծնողների խոսքով, դպրոցներում աշակերտների թիվն օրեցօր նվազում է։ Լիանա Դոյդոյանի 8-ամյա դուստրն արդեն մեկ շաբաթ է դպրոց չի հաճախում, հիվանդ է։ Նարե Գասպարյանը պատմում է ցուրտ դասասենյակում անցկացրած ժամերի մասին։

«Ես սովորում եմ Հակոբ Կոջոյանի կրթահամալիրում, դպրոց չեմ գնում, որովհետև հիվանդացել եմ։ Դասարանում որ մրսում էինք, կուրտկա էինք հագնում, ձեռնոց, գլխարկ էինք դնում։ Դասատուն ասում էր՝ կուրտկա հագեք»,- պատմեց Նարեն։

Չնայած Նարեի մեծ ցանկությանը՝ օր առաջ միանալու դպրոցական ընկերներին, մայրը հաստատակամ է՝ քանի դեռ երեխան չի կազդուրվել, դպրոց չի ուղարկի, եթե նույնիսկ բացակաները անհարգելի լինեն։ Դիմելով տաքուկ աշխատասենյակներում որոշում կայացնողներին՝ Լիանան առաջարկում է՝ խնայողություններ արեք, բայց ոչ երեխաների առողջության հաշվին։

«80 միլիոն դրամ գումար ծախսվեց Էրեբունի-Երևան տոնակատարությանը։ Ոչ միայն դա, սովորական կանաչապատման տակ ինչքան գումար է գնում, անընդհատ հարցումներով պարզում ենք՝ էսքան միլիոն դրամ գնացել է պաշտոնյաների մեքենայի տեխզննման, վերազինման, բենզինի, հեռախոսային խոսակցությունների վրա։ Իրենք տաք սենյակում նստած որոշել են, որովհետև հաշվել են, որ գումարը էդքան է հերիքում առանց դուրս նայելու, առանց առավոտյան ութն անց կես գնալու դասարան և տեսնելու՝ երեխան ձեռնոցով է գրում, թե չէ»։

Լիանան ասում է, թե արդեն ակնարկներ են ստանում դպրոցի տնօրենից՝ մինչև նոյեմբերի 15-ը դասասենյակները էլեկտրական սալիկներով տաքացնելու չնախատեսված գումարների վերաբերյալ։

«Մեր դպրոցը ասում է՝ մենք դպրոցի ֆոնդ չունենք, բայց ուզում ենք հաջորդ շաբաթվանից միացնել ջեռուցումը, չնայած քաղաքապետարանը դրա դիմաց չի վճարում, հետևաբար ո՞վ պիտի վճարի... ծնողը։ Եվ գալիս է դրամահավաքի խնդիրը»,- ասաց Լիանան։

Քաղաքապետարանի պաշտոնյան, սակայն, կտրուկ է հակադարձում դրամահավաքի մասին խոսակցություններին։

«Թույլ տվեք ասել՝ ես չեմ հավատում, որովհետև այսքանից հետո, ինչ արվում է քաղաքապետարանի և վարչական շրջանի կողմից, որևէ դպրոցի տնօրեն կխոսի ջեռուցման գումար հավաքելու մասին, երբ մենք ծնողներին ենք հանդիպում և ասում, որ դպրոցներում ընդհանրապես ոչ մի բանի համար դրամահավաք չկա և չի կարող լինել»,- ասաց պաշտոնյան։

Մեր այցելության պահին Երևանի թիվ 120 հիմնական դպրոցում ջեռուցման համակարգը գործում էր։ Տնօրեն Գեղամ Հայրապետյանն ասաց, որ ընդամենը երեկ են այն միացրել, քանի որ էլեկտրական սալիկներով տաքացնելը օգուտ չէր տալիս։ Հայրապետյանը իրեն թույլ է տվել ավելի շուտ ջեռուցել դպրոցը գազի դիմաց նախորդ ձմեռ վճարած հավելավճարի պարագայում։ Տնօրենն ասում է՝ եթե սա չլիներ, ապա ստիպված կլիներ այս տարի ևս խնայողություն անել։

«Ուրեմն ստիպված պիտի լինեի մինչև դեկտեմբեր տաք օրերին խնայողությամբ օգտագործել, որ տեղավորվեի»,- ասաց տնօրենը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG