Մատչելիության հղումներ

Ալբանիայի վարչապետը Բելգրադին կոչ է արել ճանաչել Կոսովոյի անկախությունը


Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի (ձախից) և Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի ասուլիսը Բելգրադում, 10-ը նոյեմբերի, 2014թ․
Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի (ձախից) և Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի ասուլիսը Բելգրադում, 10-ը նոյեմբերի, 2014թ․

Սերբիայի վարչապետը ալբանացի գործընկերոջ հայտարարությունը սադրանք է որակել։

Ալբանիայի վարչապետի պատմական՝ գրեթե 70 տարվա ընթացքում առաջին այցը Սերբիա ավարտվել է սկանդալով. Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման այդ այցի ժամանակ Բելգրադին կոչ է արել ճանաչել Կոսովոյի անկախությունը։

«Որքան շուտ ճանաչեք Կոսովոյի անկախությունը, այնքան շուտ մենք կսկսենք առաջ շարժվել», - ասել է Ռաման Սերբիայի վարչապետ Ալեքսանդր Վուչիչի հետ համատեղ ասուլիսում։

Այս հայտարարությունից խիստ զայրացած Սերբիայի վարչապետը սադրանք է որակել ալբանացի գործընկերոջ հայտարարությունը: «Ոչ ոքի երբեք թույլ չեմ տա նվաստացնել իմ երկիրը։ Սերբիան երբեք չի ճանաչի իր նախկին շրջաններից մեկի անկախությունը», - հայտարարել է Վուչիչը:

Այդուհանդերձ, սուր լեզվակռվով ուղեկցված այս պատմական ասուլիսն ավարտվել է ձեռքսեղմամբ։ Միևնույն ժամանակ, սերբ վարչապետն ընդգծել է, որ երկրները պատրաստվում են ստորագրել կարևոր մի համաձայնագիր, որը Սերբիայի և Ալբանիայի միջև ազատ ելումուտի հնարավորություն կտա։

Ալբանիան Սերբիայից անջատված և Բելգրադի կողմից չճանաչված, սակայն աշխարհի շուրջ հարյուր երկրների կողմից ճանաչված ալբանաբնակ Կոսովոյի միջազգային երաշխավորն է։ Այս երկու երկրների պատմականորեն անհարթ հարաբերություններն ավելի են լարվել սերբերի և Կոսովոյի ալբանացիների միջև արյունալի հակամարտությունից և 2008 թվականին Սերբիայից Կոսովոյի անկախության միակողմանի հռչակումից հետո, ինչին ակտիվորեն աջակցել է Ալբանիան։

Ալբանիայի վարչապետի այցը Սերբիա ծրագրված էր դեռ հոկտեմբերի 22-ին, սակայն այն որոշվեց հետաձգել Ալբանիա - Սերբիա ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած միջադեպի պատճառով. Եվրոպայի 2016 թվականի առաջնության ընտրական փուլի Սերբիա - Ալբանիա խաղը ընդհատվել էր, երբ խաղադաշտում էր հայտնվել անօդաչու սարք, որին ամրացված էր Ալբանիայի դրոշը։ Սերբիայի հավաքականի պաշտպան Ստեֆան Միտրովիչը պատռել էր դաշտ իջեցված դրոշը, որից հետո սկսվել էր զանգվածային ծեծկռտուք երկու թիմերի ֆուտբոլիստների ու խաղադաշտ ներխուժած երկրպագուների միջև։

Ըստ սերբական մամուլի, այս ամենի կազմակերպիչը Ալբանիայի վարչապետի եղբայր Օլսի Ռաման էր, ով կանչվել էր ոստիկանություն և հարցաքննվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG