Մատչելիության հղումներ

Բյուջեի նախագիծն արժանանում է ընդդիմադիր պատգամավորների քննադատությանը


Բյուջեի նախագիծն արժանանում է ընդդիմադիրներ պատգամավորների քննադատությանը
please wait

No media source currently available

0:00 0:03:43 0:00

Բյուջեի նախագիծն արժանանում է ընդդիմադիր պատգամավորների քննադատությանը

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր, թե ի՞նչ զգացողություններով է Ֆինանսների նախարար, դոլարային միլիոնատեր Գագիկ Խաչատրյանը խոսում հաջորդ տարվա բյուջեով մի քանի հազար դրամով բարձրացող թոշակների կամ աշխատավարձերի մասին:

«Հպարտությամբ ֆիքսում եք ձեր բերած բյուջեի ուղերձում, որ միջին աշխատավարձը 152 հազար 100 դրամից 153 հազար 300 դրամ։ Հիմա Դուք Ազգային ժողովի ամբիոնում կանգնած եք, և Ձեր հագի կոստյումը արժի մոտավորապես մանկավարժի չորս տարվա աշխատավարձը: Ես ուզում եմ հասկանալ՝ Դուք ինչպիսի՞ զգացողություններ եք ապրում, երբ այդ թվերը բաշխում եք մեծահոգաբար․ թոշակառուներին՝ հազար դրամ, մանկավարժներին՝ հազար հարյուր դրամ․․․ այդ նույն պահին գիտակցելով, որ Դուք անձամբ, այս ընթացքում պետական պաշտոնյա լինելով, կուտակել եք միլիոնավոր դոլարներ», - խորհրդարանում գալիք տարվա բյուջեի քննարկման ընթացքում Խաչատրյանին հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը:

«Ես համոզված եմ, որ հաստատ Ձեր կոստյումն էլ ավելի թանկ կլինի, քան սահմանային գյուղում բնակվող մեկ, ասենք Ձեր ֆորմատի նշած որևէ խեղճուկրակ քաղաքացու: Կոստյումները մոռանանք: Ինչ վերաբերում է իմ հայտարարագրին, ես որևիցե խնդիր չունեմ․ պետական ցանկացած համակարգեր զբաղվել են, ճշտել են», - հակադարձեց Ֆինանսների նախարարը:

«Ես համաձայն չեմ, որ կոստյումները մի կողմ թողնենք: Ես կոնկրետ առաջարկ եմ անում․ թող լրագրողները տանեն, հանրությանը ցույց տան, փորձագետներն ասեն՝ Ձեր կոստյումն ինչքան արժի, իմ կոստյումն ինչքան արժի, և հանրությունը կհասկանա՝ իմ ասածի տակ ինչ կա, Ձեր ասածի տակ ինչ կա...», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը՝ շարունակելով․ - «Իմ առաջ Ձեր կենսագրությունն է․ 1996 թվականից Դուք եղել եք բացառապես պետական պաշտոնյա և կուտակել եք, պաշտոնական տվյալով, 6 միլիոն դոլար»:

«Լրագրողների մոտ հանվելու ունակություն ես վաղուց ձեռք չեմ բերել ու ցանկություն էլ չունեմ», - ի պատասխան նշեց Խաչատրյանը․ - «Եթե Դուք ունեք՝ կարող եք հանվել»:

Լրագրողներին այդպես էլ չհաջողվեց իմանալ նախարարի կոստյումի գոնե մոտավոր արժեքը, իսկ Նիկոլ Փաշինյանը «Ազատությանը» փոխանցեց, որ իր կոստյումը գնել է 150 հազար դրամով:

Ֆինանսների նախարարն այսօր կրկին խոսեց կայուն տնտեսական աճի մասին: Հիշեցնեմ՝ հետճգնաժամային տարիներին Հայաստանի կառավարություններին չի հաջողվում ապահովել տարեսկզբին հայտարարած տնտեսական աճը: Գալիք տարի էլ չհաջողելու պարագայում, ըստ Գագիկ Խաչատրյանի, հրաժարական չի լինի․ - «Հրաժարական տալը հեշտ գործ է: Մենք պետք է պատրաստ լինենք անորոշությունները, դժվարությունները հաղթահարելու»:

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայտարարած սոցիալական բյուջեն այս տարվա բյուջեից մոտ 4 տոկոսով ավելի կլինի․ 96 տոկոսը կապահովեն հարկերն ու տուրքերը, մնացածը՝ դրամաշնորհները:

«Եկամուտները ընդհանուր գումարը ծրագրավորվել է 1 տրիլիոն 85,5 միլիարդ դրամի չափով։ Ծախսերը՝ շուրջ 1 տրիլիոն 296 միլիարդ դրամի, և դեֆիցիտը՝ 114,1միլիարդ դրամի չափով», - ներկայացրեց Ֆինանսների նախարարը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հարցին, թե Կառավարությունում գիտեն, թե ինչքան է ստվերը, նախարարն արձագանքեց․ - «Ստվերը կա, դրա դեմ պետք է անընդհատ պայքարել և մենք գնում ենք դեպի ստվերի կրճատման»:

«Կառավարությունը իրականում չունի կոնցեպցիա: Սա իրականում ժամանակավոր կառավարություն է, որը մտածում է օրվա հարցերը ինչ-որ չափով լուծելու, իշխանությունը պահելու մասին», - հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG