Մատչելիության հղումներ

Հայաստանը շրջանցող տրանսպորտային նախագիծը «բխում է Ղազախստանի շահերից»


Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմով, արխիվ
Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմով, արխիվ

Ղազախստանը կոչ է անում հնարավորին սեղմ ժամկետներում ավարտին հասցնել Հայաստանը շրջանցող գլխավոր տրանսպորտային ծրագրերից մեկը` Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարությունը: Այդ մասին չորեքշաբթի օրը Աստանայում հայտարարեց երկրի վարչապետ Քարիմ Մասիմովը:

«Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության շուտափույթ ավարտը բխում է Ղազախստանի շահերից: Դրա ավարտի դեպքում Ղազախստանը հնարավորություն կունենա իր արտադրանքը Կասպից ծովով և Հարավային Կովկասի տարածքով տեղափոխել եվրոպական շուկաներ», - հայտարարեց Ղազախստանի կառավարության ղեկավարը:

Քարիմ Մասիմովը այս հայտարարությունը հնչեցրեց պաշտոնական այցով Աստանա ժամանած Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ բանակցությունների ավարտին: Ղազախական լրատվամիջոցների պնդմամբ, տրասպորտային ծրագրերի` այդ թվում Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության հարցը բանակցությունների առանցքային թեմաներից մեկն էր:

Այն փաստը, որ պաշտոնական Աստանան հարկ է համարում հրապարակայնորեն հատուկ կոչով դիմել Վրաստանի կառավարությանը` հորդորելով ավարտին հասցնել տրանսպորտային այս նախագիծը, պատահական չէ: Բանն այն է, որ արդեն երկու տարի է, ինչ Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարության մեջ շահագրգռված ուժերը՝ նախևառաջ Ադրբեջանն ու այդ երկրի դաշնակիցները, լուրջ կասկածներ ունեն, թե «Վրացական երազանք» դաշինքը իշխանության գալուց հետո մտածված կերպով արգելակում է նախագծի իրագործումը:

Այդ կասկածները ծագեցին 2012 թվականի դեկտեմբերի 24-ին, երբ այն ժամանակ Վրաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Բիձինա Իվանիշվիլին հայտարարեց․ - «Այս նախագիծը իրոք շատ հետաքրքիր է, բայցևայնպես տնտեսական բնույթի որոշ հարցեր դեռ մնում են: Վտանգ կա, որ Բաքու - Թբիլիսի - Ախալքալաք - Կարս երկաթուղու շինարարության ավարտին հասցնելուց հետո վրացական երկաթուղու մյուս հատվածներում, ինչպես նաև Վրաստանի ծովափին գտնվող նավահանգիստներում բեռնափոխադրումների ծավալը կնվազի»:

Իվանիշվիլիի այս հայտարարությունն արժանացավ Միխեիլ Սաակաշվիլիի սուր քննադատությանը: Վրաստանի նախագահի պաշտոնը լքելուց մի քանի շաբաթ առաջ` 2013 թվականի աշնանը Սաակաշվիլին հայտարարեց, թե «Բիձինա Իվանիշվիլին նպատակաուղղված կերպով փորձում է տորպեդահարել Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու նախագծի իրագործումը»:

Պաշտոնական տեղեկությունների համաձայն, ի դեպ, Բաքու - Թբիլիսի - Կարս երկաթուղու շինարարությունը պետք է ավարտին հասցվի մինչև 2015 թվականի վերջը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG