Մատչելիության հղումներ

ԱԺ հինգ խմբակցությունները դեմ կքվեարկեն 2015-ի բյուջեի նախագծին


ԱԺ հինգ խմբակցությունները դեմ կքվեարկեն 2015-ի բյուջեի նախագծին
please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00

Կառավարության սոցիալական բյուջեին հավատաց միայն Հանրապետականը։ Խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը փորձեց համոզել ոչ իշխանական ուժերին՝ 2015-ին մշակված փաստաթղթով կբարելավվի ժողովրդի սոցիալական վիճակը, կնվազի աղքատությունy, գործազրկությունն ու արտագաղթը, կկրճատվի ստվերը, Հայաստանն ավելի անվտանգ կդառնա, բայց` ապարդյուն։

«Բարգավաճ Հայաստանը», Հայ ազգային կոնգրեսը, «Ժառանգությունը», Դաշնակցությունն ու «Օրինաց երկիրը» դեմ կքվեարկեն բյուջեի նախագծին։

Դաշնակցությունից Արծվիկ Մինասյանն ասաց՝ կառավարությունը տնտեսության անկման պայմաններում նստած թռչնակ է նկարում.- «Ներողություն, բայց սոցիալական քաղաքականությունը, որ վարվում է, ոչ թե ամենավատ սոցիալիզմի, անգամ լիբերալիզմի հետ կապ չունի, սա անարխիզմ է»։

ՀԱԿ-ից Արամ Մանուկյանը մի շարք ճոռոմբանություններ էր տեսել բյուջեի նախագծում։ Լևոն Զուրաբյանն էլ եզրակացրել էր՝ գործ ունենք ժամանակավոր կառավարության հետ։

«Միայն ժամանակավոր կառավարությունը կարող է ներկայացնել բյուջեի փաստաթուղթ, որն առանց զարգացման միջոցառումների, ավելացնում է սոցիալական վճարները՝ հույս ունենալով դրանով զսպել սոցիալական բունտը և օրվա ընթացիկ հարցերը լուծել երկրի ապագայի հաշվին»,- ասաց Զուրաբյանը։

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն առաջարկեց կառավարությանը՝ եղեք ռոմանտիկ և հրաժարական տվեք.- «Կուզենայի վարչապետի աչքերին նայել և ասել, բայց, ցավոք, նստած չէ։ Վստահ եմ, օրը երկու անգամ մտքով անցնում է հրաժարական տալը»։

Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արտահերթ ելույթով ամբիոնին էր մոտեցել ընդդիմախոսներին հակադարձելու համար, ասաց՝ կուշտ են այդ ռոմանտիզմից։ Շարմազանովն ասաց՝ միայն քննադատել գիտեն, այնինչ Հանրապետականն առաջարկներ էր ակնկալում։

«Բացի այն, որ ասում եք՝ սա չկա, նա չկա, հինգ տարեկան տղան էլ կասի՝ պապա ջան, սա չկա, լուծում պիտի տաք»,- ասաց Շարմազանովը։

Նիկոլ Փաշինյանին հետաքրքրում էր՝ ինչո՞ւ է միլիոնատեր Գագիկ Խաչատրյանն աշխատում կառավարությունում՝ որպես ֆինանսների նախարար՝ իր անձնական շահի, թե՞ ժողովրդի համար։

«Դուք, ձեր կառավարության ղեկավարը, այլ անդամներ, որոնց մասին խոսել եմ, ըստ էության, ինչ եք անում կառավարության կաբինետներում նստած, ափաշքյարա միլիոններ եք աշխատում, դուք ուրիշ որևէ բանով զբաղված չեք։ Հետո էլ ասում եք՝ մենք հանվելու խասյաթ չունենք։ Կներեք՝ իսկ շա՞տ կսխալվենք, եթե էս ձեր արածը անվանենք ուղղակի կոռուպցիոն ստրիպտիզ, որ դուք ցույց եք տալիս ժողովրդի աչքի առաջ։ Ուզում եմ ասել, պարոնայք, որ ժողովուրդը էս ստրիպտիզից ահագին գրգռված է ու եթե առաջիկայում դուք չվերանայեք ձեր հարաբերությունները Հայաստանի Հանրապետության ու նրա ժողովրդի հետ, հավատացեք, վաղ թե ուշ ստիպված եք լինելու հանվել»,- ասաց Փաշինյանը։

Փաշինյանը անդրադարձավ նաև «Բարգավաճ Հայաստանի» մի քանի պատգամավորների հնչեցրած տեսակետին, թե այս կառավարությունը նախորդից ծանր ժառանգություն է ստացել։ ԲՀԿ-ի գործընկերները թող իրենց մասին մտածեն, ոչ թե Հովիկ Աբրահամյանի, ասաց Փաշինյանը։

«Ես չեմ հասկանում՝ կարող է երկու շաբաթից էլ ասենք՝ Սերժ Սարգսյանը ծանր ժառանգություն է ստացել, էդ Տիգրան Սարգսյանը խաբեց Սերժ Սարգսյանին, երկիրը հասցրեց էս ծանր իրավիճակին»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

ԲՀԿ խմբակցության անունից ելույթ ունեցող Միքայել Մելքումյանը խոսքի հենց սկզբում նկատեց.- «Գոտկատեղից ներքև հարվածներ չեն լինելու, ինչպես ասել եմ, լինելու է անկեղծ, արդարամիտ գնահատական բյուջեի նախագծին»։

Մելքումյանը պատասխանեց նաև Փաշինյանին.- «Ընդդիմության ընդդիմություն, չեմ գտնում ճիշտ, որ դուք ձեր առաջ առաջադրանք եք դրել կամ էլ ձեր առաջ են դրել այդ առաջադրանքը, որպեսզի մենք կարողանանք հարվածենք և փոշիացնենք բարեփոխում անելու միջավայրը զուլալը դարձնելու այս գործընթացը։ Կոռեկտ չեմ համարում դա։ Մենք պետք է գնանք կոնսենսուսի ճանապարհով և այդ ճանապարհին մենք որևէ բան չենք բացառում։ Չկան մշտական թշնամիներ, չկան մշտական բարեկամներ։ Մենք ՀՀ քաղաքացիներ ենք և ընդհանուր շահեր ունենք»։

Բյուջեի նախագծի քվեարկությունը տեղի կունենա առաջիկա օրերին։ Քննարկումներն ավարտվեցին, դրանք հիմնականում կիսադատարկ դահլիճում ընթացան։

XS
SM
MD
LG