Մատչելիության հղումներ

Բնապահպանները կոռուպցիոն ռիսկ են տեսնում Երևանի կանաչապատման ծրագրում


Քաղաքային ծառատունկն ու ծառ չդարձած հազարավոր տնկիները
please wait

No media source currently available

0:00 0:05:01 0:00

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը տնկված ծառերի քանակի վրա կասկածողներին առաջարկում է պարզապես շրջել Երևանով։

2 միլիոն ծաղիկ, 60 հազար ծառ. սա Երևանի քաղաքապետարանի կանաչապատ տարածքների հարստացման 2014 թվականի ծրագիրն է։ Կատարված աշխատանքներից քաղաքապետ Տարոն Մարգարյանը գոհ է․ - «Տեսնում եք, որ օր-օրի Երևան քաղաքում կանաչ տարածքներն ավելացվում են»:

Այն, ինչ ակներև է քաղաքապետի համար, տեսանելի չէ բնապահպաններին։ Բետոնապատ այգիներ, շինությունների վերածված կանաչապատ տարածքներ և զանգվածային ծառահատումներ:

Oրեցօր առաջընթաց տեսնող Տարոն Մարգարյանի ծառատունկին կանաչների պահապաններն այսպես են արձագանքում:

«Ես չեմ հասկանում՝ ինչ ծառատունկերի մասին է խոսքը, որովհետև հիմնականում ծառահատումներ են կատարվում: Շատ լուրջ մասշտաբներով», - «Ազատության» հետ զրույցում ասաց բնապահպան Գայանե Բաբլոյանը:

«Միգուցե Քաղաքապետարանը դիտարկում է, որ տանիքներին էլ են կանաչ ներկում և դրանով է ասում, որ կանաչ տարածքները ավելանում են», - նշեց Գալուստ Նանյանը:

Կանաչապատ տարածքների ընդլայնմանը միտված ամենամյա ծառատունկը լայն թափ է առել վերջին 4 տարիներին։ Մասնավոր ընկերությունների, բնապահպանության ու գյուղատնտեսության նախարարությունների նվիրատվություններից զատ, քաղաքապետարանը նույնպես միլիոնավոր գումարներ է ծախսում։ Հաշվել և պարզել տվյալների իսկությունը գործնականում գրեթե անհնար է։

Հենց այստեղ է, որ բնապահպանները առաջ են տանում կոռուպցիոն վարկածը։ Տնկված ծառերի քանակի վրա կասկածողներին, քաղաքապետն առաջարկում է պարզապես շրջել Երևանով․ - «Ի՞նչ կոռուպցիոն ռիսկերի մասին է խոսքը»:

Եթե քանակը հաշվելն անիրատեսական է, ապա դրանց տեղակայման վայրերի մասով Քաղաքապետարանը խնդիրներ չի տեսնում։ Տարոն Մարգարյանի հանձնարարականով բնապահպանական վարչության պետի տեղակալը «Ազատության» հետ շրջայց կատարեց վերջին երկու տարիներին ծառատունկ իրականացված վարչական շրջաններում։

Նորատունկ ծառերի ամենաթարմ հետքերը կենտրոն վարչական շրջանում «Առագաստ» սրճարանին հարող այգում էին։

Ըստ Սուրեն Մաքսապետյանի, սրանք հենց օրեր առաջ Քաղաքապետարանի կողմից տնկված 20 հազար ծառերի փոքրիկ մասնիկն են միայն՝ պնդելով, թե դրանք տնկվել էին նախորդ 10 օրերի ընթացքում:

Հենց այստեղ էլ առաջ եկավ, Քաղաքապետարանի առանց այն էլ սուղ տվյալների առաջին հակասությունը:

Օրեր առաջ ծառերը տնկող աշխատակիցներին հենց «Ազատության» տեսախցիկն էր ֆիքսել։ Քաղաքապետարանի տեղը թեև լավ գիտեին, բայց կառույցի հետ երբևէ առնչություն չեն ունեցել։

«Մերը «Նուշիկյան ասոցիացիան» ա, «Նուշիկյան ասոցիացիան» ա էս այգին տիրություն անում, մենք էլ իրա աշխատողներն ենք էլի», - ասաց աշխատակիցներից մեկը։

Մի ծառ և երկու տնկող հակասություններով քաղաքի կանաչապատման թնջուկը չավարտվեց: Քաղաքապետարանի ծառատունկ իրականացրած վայրերի ցուցակը զարմացրեց բնապահպան Գալուստ Նանյանին՝ փողոցները գիտեր, բայց ծառեր չէր հանդիպել:

«Անցած տարվա հաշվետվության մեջ՝ 2013-ին, նայեցի, որ նաև ծառատունկեր են արվել Պարոնյան և Պռոշյան փողոցների վրա: Ես ինքս ապրում եմ այստեղ՝ այս տարածքում, բայց չեմ տեսել, չնայած ամեն օր գոնե Պարոնյանի և Պռոշյանի այդ հատվածում ոտքով քայլում եմ», - ասում է Գալուստ Նանյանը:

Կարևորը ոչ թե տնկելն է, այլ խնամելը։ Համաքաղաքային ծառատունկ իրականացնողներին, կանաչապատման ոլորտում տարիների փորձ ունեցող աշխատակիցը հիշեցնում է՝ յուրաքանչյուր հողին հանձնված տնկի՝ ծառ դառնալու երկար ճանապարհին պահանջում է առանձնակի հոգատարություն։

«Թե չէ ամեն տարի ասում են միլիոն հատ ծառ տնկեցինք, բայց ասենք միլիոնից ենթադրենք 20-ն է կպնում՝ ում է պետք այդ միլիոնները, որ ծախսում են», - ասում է կանաչապատման ոլորտում տարիների փորձ ունեցող մասնագետը:

Կանաչապատ տարածքների պահպանության խնդիրն ըստ Մաքսապետյանի եղել և մնում է բնապահպանության վարչության գործառույթների հիմնական առարկան։ Եթե ծառատունկի համար այս տարի ընդամենը 19 միլիոն դրամ են ծախսել, ապա կանաչապատ տարածքների խնամքի համար վարչական շրջաններին տրվող գումարն այս տարի կազմել է 1 մլրդ 400 մլն։ Արդյունավետության տեսանկյունից քաղաքապետարանը խոսում է կոնկրետ փաստերով, ընդհանուր օգտագործման կանաչապատ տարածքները հասցրել են 850 հեկտարի։

«Տես՝ նաև ջրված է: Սա այն գրավականն է, որ մենք գարունը կպչողականությունը ապահովել ենք: Այս հատվածում՝ 80 տոկոս», - ասաց Քաղաքապետարանի պաշտոնյան:

Նորատունկ և հասուն ծառերի բնականոն աճի ապահովման կարևորագույն խնդիր է նաև դրանց էտման աշխատանքները։ Այս հարցում ևս բնապահպաների ու քաղաքապետարանի տեսակետները խիստ տարբեր են։

«Տասնմեկ ամսվա ընթացքում տասնմեկ անգամ Քաղաքապետարանի «Կանաչապատում» ՍՊԸ, թե ՓԲԸ է, չգիտեմ, լավ էտում է արել, բայց ես բարձրաձայնեցի անգամ իմ ֆեյսբուքյան էջում, Քաղաքապետարանում չկա՞ համապատասխան մասնագետ և չի հասկանում, որ էտման շրջան կա», - ընդգծեց Նանյանը։

Էտման աշխատանքների գրաֆիկը հստակ է՝ գարուն և աշուն։ Մաքսապետյանի պնդմամբ այս հարցում մասնակից են դարձել անգամ գիտնականներին: Հաճախակի հանդիպող բոլորովին մերկ ծառերի կյանքն ամենևին էլ ավարտված չէ:

«Սրանով մենք խթանում ենք, որպեսզի տվյալ ծառատեսակի աճը ավելի լավը լինի», - ասաց Սուրեն Մաքսապետյանը:

Էտվածները կվերականգնվեն, տնկիներն էլ տարիներ անց հաստաբուն ծառեր կդառնան՝ կանաչապատման ոլորտում քաղաքապետարանի լավատեսությունն այդպես էլ չվարակեց բնապահպաններին: Նրանք շարունակում են ջուրը լցված միլիոնների մասին բարձրաձայնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG