Մատչելիության հղումներ

Հայաստանը դեռ չի վերականգնել աղքատության նախաճգնաժամային ցուցանիշը


Հայաստանը դեռ չի վերականգնել աղքատության նախաճգնաժամային ցուցանիշը
please wait

No media source currently available

0:00 0:03:17 0:00

2008-ին աղքատ էր բնակչության 27.6 տոկոսը, 2013-ին՝ 32 տոկոսը։

Հայաստանը դեռ չի վերականգնել աղքատության նախաճգնաժամային ցուցանիշը։ Այժմ աղքատներն ավելի շատ են, քան 2009-ի տնտեսական ճգնաժամից առաջ:

Սա է փաստում այսօր հրապարակված «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը» զեկույցը, որի հեղինակներն են Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը և Համաշխարհային բանկը:

Զեկույցի համաձայն՝ թեև 2012-ի հետ համեմատած 2013-ին աղքատ բնակչությունը աննշան կրճատվել է՝ 32.4 տոկոսից իջնելով 32 տոկոսի, սակայն այս թիվը, միևնույն է, մեծ է նախաճգնաժամային թվից։ 2008-ին, օրինակ, աղքատ էր բնակչության 27.6 տոկոսը։

2009-ին Հայաստանում տնտեսական անկումը կազմեց 14.1 տոկոս (ըստ ԱՎԾ տվյալների), և այդ առումով մեր երկիրը գրանցեց չորրորդ վատագույն ցուցանիշը աշխարհում:

Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, ճգնաժամին հաջորդած տարիներին գրանցված աճի շնորհիվ 2013-ին Հայաստանի տնտեսությունը վերականգնել է 2008-ի ծավալները: 2013-ին՝ 2008-ի հետ համեմատած, տնտեսության ծավալներն անգամ 2 տոկոսով աճել են, սակայն, աղքատների թիվը չի պակասել:

«Հայկական ժամանակ» պարբերականի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանի խոսքով, այս ցուցանիշները պարզորոշ վկայում են՝ անգամ այն տնտեսական աճը, որ եղել է Հայաստանում ավելի շատ ծառայել է հարուստներին, օլիգարխներին, քան աղքատ բնակչությանը:

«Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը, որը մենք համարում ենք մի քիչ կասկածելի, արձանագրում է, որ հարուստները այս ընթացքում ավելի են հարստացել, իսկ աղքատները դուրս չեն եկել աղքատության մակարդակից։ Դա պետության կառավարման թերություններն են, դա տնտեսության կենտրոնացման չափանիշ է, այսինքն օլիգարխիկ տնտեսությունը թույլ չի տալիս եկամուտների հավասարաչափ բաշխում, ինչն էլ բերում է նրան, որ տնտեսական աճը, բյուջեի ծախսերի ավելացումը, տրանսֆերտների շարունակական աճը չի հանգեցնում աղքատության նվազման»,- ասաց Գևորգյանը։

Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը նվազեցրել են Հայաստանի այս և գալիք տարվա տնտեսական աճի ցուցանիշները: Հայաստանի կառավարության ներկայացուցիչները նույնպես ընդունում են, որ Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատացումը իր բացասական հետևանքները կթողնի Հայաստանի վրա:

Այսօր զեկույցի շնորհանդեսին ներկա Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Լորա Բեյլիին հարցրեցինք՝ տնտեսական աճի դանդաղումը ի՞նչ ազդեցությւոն կունենա Հայաստանում աղքատության կրճատման տեմպերի վրա:

«Տնտեսական աճի համեմատաբար ցածր մակարդակի, լճացման պայմաններում ամենալավը, ինչ կարող ենք մենք սպասել աղքատության կրճատման առումով հետևյալն է՝ այն նույնպես դանդաղ կլինի: Այլ կերպ ասած՝ նշանակալից կրճատում չի լինի: Բարեբախտաբար, կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում այն փաստին, որ աղքատությունը կարող է աճել, եթե տնտեսական աճը շատ ցածր լինի: Ներկայում մենք չենք տեսնում, որ աղքատությունը կարող է կտրուկ աճել: Եթե լինի արտաքին մեծ շոկ, ինչպես որ մենք տեսանք 2008-ին, մենք կարող ենք կրկին տեսնել աղքատության կտրուկ աճ Հայաստանում»,- ասաց Բեյլին։

Զեկույցի համաձայն, 2013-ին Հայաստանի ամենաաղքատ մարզը, ինչպես 2008-ին, Շիրակն էր․ անցած տարի այնտեղ աղքատ էին 45.9 տոկոսը: 2013-ին ամենաբարեկեցիկը Վայոց ձորում էին․ աղքատների թիվը կազմել է 21 տոկոս, մինչդեռ 5 տարի առաջ ամենաբարեկեցիկը Երևանն էր:

XS
SM
MD
LG