Մատչելիության հղումներ

Հիվանդ փոքրիկին անվճար բուժօգնություն կտրամադրվի


Հիվանդ փոքրիկին անվճար բուժօգնություն կտրամադրվի
please wait

No media source currently available

0:00 0:02:59 0:00

Հիվանդ փոքրիկին անվճար բուժօգնություն կտրամադրվի

Կոնքազդրային բնածին արատ ունեցող 3-ամյա Էվելինա Ավետյանի խնդրով այսօր բժշկական խորհրդատվություն էր հրավիրվել «Իզմիրլյան» կենտրոնում՝ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հանձնարարությամբ:

Օրեր առաջ «Ազատությունը» ռեպորտաժ էր պատրաստել բազմազավակ ընտանիքում առանց հոր մեծացող և վիրահատության կարիք ունեցող երեխայի մասին, որի մայրը ի վիճակի չէ մի քանի միլիոն դրամ վճարել:

Թեև նախարարությունը օրեր առաջ մերժել էր երեխայի մոր՝ Մարինեի դիմում-խնդրանքը, արձագանքելվ մեր այս ռեպորտաժին՝ նախարար Մուրադյանը երեկ մասնագիտական հանձնաժողով է ստեղծել, երեխան ևս մեկ անգամ հետազոտվել է:

Այսօր «Իզմիրլյան» կենտրոնի տնօրեն, գլխավոր բժիշկ Արմեն Չարչյանը փոխանցեց եզրակացությունը.- «Երեխային այսօր դեռ վիրահատական բուժում անհրաժեշտ չէ, դեռ սպառված չեն կոնսերվատիվ միջոցառումները։ Երբ դրանք սպառվեն, ապա նախարարի հանձնարարությամբ՝ վիրահատությունը ամբողջովին կկատարվի պետպատվերի շրջանակներում։ Երեխայի մայրը որևէ գումար չի մուծի, իսկ անհրաժեշտ սարքը, որը նույնպես որոշակի գումար արժե, կտրամադրվի մեր կողմից»։

Չարչյանը չբացառեց, որ հապաղելու դեպքում 3 տարեկան Էվելինան կարող է դառնալ հաշմանդամ, և այդ պատճառով հաջորդ երկուշաբթի հենց կհոսպիտալացվի:

«Եթե չբուժվի, ապա հնարավոր է մնա հաշմանդամ։ Հիմա էլ բավականաչափ լուրջ խնդիրներ ունի»,- ասաց բժիշկը։

Էվելինան ընդամեն մեկն է աղքատության ծայրին հայտնված հազարավոր երեխաներից․ բոլորը չեն կարող աղաղակել իրենց խնդրի մասին և հուսալ, որ գոնե մեկը՝ պետական, թե մասնավոր հատվածից օգնության ձեռք կմեկնի:

Թեպետ Հայաստանում մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է, այդուհանդերձ, կան վիրահատություններ, որոնք դուրս են պետպատվերի շրջանակից և անհասանելի աղքատ ընտանիքներին: Խնդիրը համակարգային է, մեզ հետ զրույցում ասաց բժիշկ Չարչյանը՝ հավելելով, որ չկա այն սահմանագիծը, որին հասնելով հնարավոր կլիներ օգնել բոլոր աղքատ ընտանիքներին։

«Դա նաև մեր ցավն է։ Երբ գալիս է հիվանդ՝ երեխա, թե մեծահասակ, ես հաստատ համոզված լինելով, որ կարող եմ նրան օգնել, բայց քանի որ իրավական և ֆինանսական ինչ-որ արգելքներ կան, և ես նրան մերժում եմ, ինքս նույնպես մասնագիտական խորը ցավ եմ ապրում»,- ասաց Չարչյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG